ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱԿԱՆ ՔԵՍԱՊԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
![]() Սփյուռքի հարցերի փորձագետ ![]() Վերջինները թեև սակավ չեն եղել, սակայն ուրախություն են առերևույթ միայն, քանզի ամեն զվարթ ու նշանակալից հանդիսության ու միջոցառման մեջ կա սպառվողի ու տկարացողի բնազդային մի ճիգ, հարատևելու, արմատներից չհեռանալու և «առողջ» մնալու գերագույն ցանկություն։ Սակայն կյանքը, պատմությունը, կործանարար ժամանակը, աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող խմորումներն ու վայրիվերումները իրենցը թելադրում են, պարտավորեցնում։ Սփյուռքը օր-օրի կորցնում է առանց այդ էլ իր սակավ միատարրությունը՝ սնվելով միայն մեկ զարկերակից և պտտվելով միայն մեկ առանցքի՝ Հայրենիքի շուրջը, որը և հանդիսանում է Սփյուռքը պահպանող առաջին և ամենահզոր ազդակը։ Անկասկած Սփյուռքի պատմությունը կերտողը ժողովուրդն է, սակայն որոշ անհատներ կոչված են խաղալու այս կամ այն դերը, որի գնահատականը որքան էլ այսօր աշխատենք ճիշտ տալ, այնուհանդերձ նրա օբյեկտիվ արժեքը կբնորոշի ժամանակը։ Ահա Սփյուռքի պատմության մի ակնթարթային շրջանի «երևելիների» մասին է, որ ուզում եմ խոսել ստորև, հեռու լինելով այն մտքից, որ կարող եմ սպառիչ ու վճռական խոսք ասել իրենց մասին։ Տպավորություններս ու գրառումներս խիստ անհատական ու մտերմիկ են, զերծ պայմանականություններից ու դիվանագիտական նպատակահարմարությունից։ Վերջինս ստիպված եմ գործադրել պաշտոնի բերումով, իսկ թղթի հետ ուզում եմ լինել անկեղծ ու անաչառ։ «Ծնողներիս շատ եմ սիրում, Ընկերներիս ավելի շատ, Բայց մի սիրուն, սևուկ աղջկա Բոլորից էլ, բոլորից էլ շատ …» Երգում էր բաքվեցի Լևոնը, որին ձայնակցում էին երեք այլ երաժիշտներ, ռուս երիտասարդներ, բոլոր «ր»-երը «ռ» և «ծ»-երը «ց» հնչեցնելով։ «Լև Տոլստոյ» ջերմանավի հարյուրավոր մարդիկ գիտեին, որ նույն ծովի ջրերը Լիբանանի ափերում արյունոտ են, որ ընդամենը 3 միլիոն մի ժողովուրդ, մի բուռ հողի վրա կոտորվում է ու կոտորում։ Ոչ միայն նրանք, այլև ողջ աշխարհը գիտեր, բայց աշխարհը պարում էր, երգում, ուրախանում ու զենք արտադրում իր նման երգող ու պարող մարդկանց ոչնչացնելու։ Ի՜նչ լավ է, Լևոնը գիտե միայն, թե կա մի Լիբանան, որ կռիվ կա, ով ումից ինչ է ուզում, իրեն ի՞նչ։ ![]() Թե կա հայ համայնք, սփյուռք՝ իր պրոբլեմներով, նա տեղյակ չէ։ Նա երգում է, ուրախացնում մարդկանց և դրանով երջանիկ է։ Տախտակամածը խոնավ է, գիշերը՝ մութ։ Ծով ու երկինք չեն տարբերվում։ Լողում է հզոր նավն՝ իր ետևում թողնելով սիրիական ափերը՝ Լաթաքիան։ Լաթաքիայի հայ համայնքի ղեկավարների հետ ժամադրությունը նշանակված է երեկոյան։ Մի քանի ժամ կա դեռ, իսկ մինչև Քեսապ 40 կիլոմետր է։ Գնում ենք։ Ահա Թուրքիայի սահմանը։ Ծածանվում է մի գունաթափ դրոշ, սահմանապահներ չկան, դարբասներ են, ապա ցանցապատ ավտոկանգառ ու ամայություն։ - Կուզե՞ք նայիլ։ - Ոչ։ Ես այդ երկրի սահմանները շատ եմ տեսել, այս մասն ինձ հետաքրքիր չէ։ Ճանապարհը գեղեցիկ է, բայց շարժում չկա, քանզի օրերը լարված են։ Իսրայելը մտել է Լիբանան, մարտեր են գնում Բեքաա դաշտավայրում որպես զսպիչ ուժ գտնվող սիրիական զորքերի ու հրեաների միջև։ Սիրիան զորահավաք է հայտարարել, զգուշանալով հնարավոր հարձակումից։ Չգիտեմ, թե Վանը տեսնելիս ինչ եմ զգալու, բայց նրա մասին ասված խոսքերը սազում են նաև Քեսապին. «Էն կյանքում դրա՜խտ, էս կյանքում Քեսապ»։ Ճարտարապետության վերջին խոսքով կառուցված բազմաթիվ տուն-դղյակների կողքին կան մանր, քարաշեն տներ, գյուղը տեղավորված է բլրաշատ տեղանքի վրա, հարթություններ համարյա չկան։ Կանաչ է, լեռնային սուր օդով։ Ո՞ւմ տանը նստեցինք, ո՞ւմ հյուրընկալությունը վայելեցինք, կարևոր չէ։ Հիշեմ միայն, որ գեղատեսիլ մի հովվերգական վայրում, քարաշեն, ամեն ինչով ազգային ոճը պահած տունն ու դուռը, ավլած ու ջրջգնած շեմը, տանտերերի ժպտերես ողջույնները և գյուղական կոշտ ձեռքերի հերթով սեղմումները, միանգամայն, անակնկալ էին ալյումին, բետոն, ապակի համակցության ներկայության պայմաններում։ ![]() Ասում են, քեսապցիք երկարակյաց են։ Նման մանրամասների մեջ մտնելու ժամանակ չեղավ, բայց իմացա, որ բեյրութաբնակ բարեկամներիցս մեկի քեսապցի հայրը 110 տարեկան է, 90-ում ամուսնացել է 3-րդ անգամ, մինչ այդ «դրախտ» ուղարկելով ոչ քեսապցի իր կանանց։ Մեր ժամանակը կարճ է, հետևաբար, «պետք է» «Մերսեդեսը» խափանվի։ Մտնում ենք մետաղամշակման մի արհեստանոց։ Վարպետը գործի չէ, կից տանն էլ չկա։ Գործնական մեզ են մոտենում երեք մանչուկ, տալիս անհրաժեշտ գործիքը ու վիրավորվում, մինչև գործիքը վերադարձնելը դրամ գրավ դնելու մեր առաջարկից։ Մենք շոյվում ենք, ուրախանում, ծիծաղում, փոխանակ կարմրելու։ /Մի «քիմիա» էլ մենք չե՞նք արդյոք/։ Քանի անգամ եմ պատմել և դեռ որքան եմ պատմելու Լաթաքիայի հայ համայնքի ղեկավարների հետ հանդիպման մանրամասները, չգիտեմ, բայց որքան էլ պերճախոս լինեմ, չեմ կարող ներկայացնել այն հայրենակարոտ, իրենց գործի կարևորության մեջ համոզված ու Հայրենիքի շնչով ապրող մթնոլորտը, որին ականատես եղա։ - Ձեր այսինչ նամակին մեջ մեզի գրած էիք… - սկսում են ու անգիր ասում նամակի տեքստերը։ Լավ անակնկալ է, պատրաստվել են այս հանդիպմանը։ 2 օրը մի քանի կարճ ու գործնական նամակ անգիր անելու համար բավարար էր։ Մտածում եմ ես, բայց րոպեներ անց ինձ մեղավոր զգում, քանզի որոշ ներկաներ անգիր են հիշում «Հայրենիքի Ձայնի» իրենց դուր եկած մի քանի հոդվածներ։ - Մենք Ձեզմով կապրինք, ասոնցմով։ Ցույց են տալիս «Գարունի» և այլ հանդեսների հավաքածուներ։ - «Արարատի» խաղերու օրը լեռ կը բարձրանանք, որպէսզի կարենանք րատիոն առնիլ, հոս դժվար կհասնի «Երևանի Ձայնը»։ Կխնդրենք, որ այս հարցով օգտակար ըլլաք, քիչ մը զորացուցեք ալիքը։ Կատակով խորհուրդ եմ տալիս «լեռ բարձրանալ», քանզի այդ հարցի լուծումն իմ հնարավորություններից դուրս է։ Կեսգիշերին հեռանում եմ ջերմ ու հյուրընկալ միջավայրից, տանելով գեղեցիկ մի հուշ, իր այսօրվա քաղցրությամբ, բայց վաղվա դառն անորոշությամբ ու կորստի վախով, արդյո՞ք այն հույսով, որ հաջորդ սերունդն անգիր կիմանա հայրենի մամուլի էջերը։ Մեկ-մեկ հիշում եմ լուսավոր սենյակում նստած բարեկամներիս ու մտածում, թե ինչ խնամքով ենք մենք հավաքում մեր մագաղաթներն ու ձեռագրերը և գուրգուրանքով հավերժացնում Մատենադարանում, իսկ սրանք, ո՞վ է ժողվելու նրանց, ե՞րբ։ Իսկ Լևոնը դեռ երգում է՝ «Ծնողներիս շատ եմ սիրում … » Դեռ դպրոցից հիշում եմ, որ որքան մոտ է առարկան լույսի աղբյուրին, այնքան մեծ է նրա ստվերը։ Ահա, 2 «ստվեր»։ Մեկը՝ բժիշկ, մյուսը՝ ճարտարապետ։ Նրանք նման են այն կույր մարդուն, որին մի շրջան լույս են տվել, ապա նորից կուրացրել։ Երջանի՞կ է նման մարդը, թե դժբա՞խտ։ Եվ այո, և ոչ։ - Մեր կյանքի անկրկնելի տարիներն անցուցինք Երևանի մեջ ուսանելու ժամանակ։ Եկանք և մեր տեղը չենք գտներ։ Կ’աշխատինք, կ’ապրինք, բայց մեր հոգիները, սրտերը հոն են։ Լսում եմ, կոկորդս սեղմվում է։ Լուռ նայում եմ ծովին, խո՜րն է, շա՜տ խորը, երբեք հատակը չեմ տեսնի, չնայած արցունքի պես մաքուր ու աղի՛։ Ի՞նչ ասեմ, ինչ դեղատոմս կա։ Իրենք էլ գիտեն, որ չկա, ուստի, մյուս բոլորի նման բավարարվում են շատ քչով, եղածով։ - Երբ Հայաստանէն մարդ կուգա, անոր ետևէն ստվերի նման կպտտինք, կուզենք «արա»-յով խօսիլ, կարծես թե, բոլորին վրայէն մատնաքաշի հոտը կառնենք։ - Սա տղա՛քը Ձեզի պիտի լացցնեն, եկեք նյութը փոխենք։ Իբր թե փոխում ենք ու անցնում ամուսնության պրոբլեմին, որի առջև երկու ստվերն էլ կանգնած են և որքան են կանգնելու, չգիտեմ։ Հոգիները Երևանում են, իրենք՝ այստեղ։ Հեռանում է նավը Լաթաքիայից ավելի ու ավելի և որքան հեռո՜ւ, այնքան փոքրանում են ստվերները, սպասելով այն «նավին», որը նրանց կտանի, մի օր կխառնի լույսի աղբյուրին և մարմինը կձուլի հոգուն։ Ռոմեն Կոզմոյան Հուլիս, 1983թ. | |
ՍՓՅՈՒՌՔԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ | |
2465 reads | 11.06.2013
| |