ԵՎ ՆՈՐԻՑ ՎԵՐՍԱԼ
Այս վերնագիրն է կրում Ալեքսանդր Սոսնովսկու և Վիլի Վիմմերի համահեղինակությամբ լույս տեսած աշխատությունը, որը լույս է տեսել Բեռլինում, գերմաներեն լեզվով, և որի շնորհանդեսին տեղի ունեցավ հունիսի 21_ին, Միսլատայում՝ Իսպանիայի «Արարատ» Հայկական միության նախաձեռնությամբ։

Նախքան շնորհանդեսը, Ալեքսանդր Սոսնովսկին և հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանն այցելեցին Վալենսիայի շրջանային խորհրդարան, որտեղ նրանց ընդունեց պատգամավոր, ԿՈՆՏԻԳՈ կուսակցության նախագահ Խոսե Էնրիկե Ագուարը։ Վերջինիս գլխավորությամբ, հյուրերը շրջայց կատարեցին խորհրդարանում, այցելեցին նիստերի դահլիճ և ծանոթացան հաստատության հիմնադրման պատմությանը։

Խորհրդարանի հանդիպումից հետո, Միսլատայի Սոցիալական ծառայության կենտրոնում տեղի ունեցավ "Եվ նորից Վերսալ" գրքի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին Միսլատայի քաղաքապետարանի խորհրդականներ Ալֆրեդո Կատալան և Պակո Լոպեսը, մի շարք միությունների ներկայացուցիչներ, հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, իսպանացիներ...

Բացման խոսքով հանդես եկավ Արարատ Ղուկասյանը, ով շնորհակալություն հայտնեց հեղինակից՝ կարևորագույն թեմա արծարծելու, քաղաքապետարանին՝ բազմամշակութային միջոցառումներին աջակցելու, և ներկաներին՝ իրենց անվերապահ մասնակցության համար։

Հայկական միության նախագահը իսպաներեն և հայերեն ներկայացրեց Վերսալի հաշտության պայմանագրի պատմությունը, պատճառներն ու հետևանքները։ Նա իր խոսքում նշեց, որ վերոնշյալ խաղաղության պայմանագիրը "խաղաղության փոխարեն նոր համաշխարհային պատերազմ և ֆաշիզմ ծնեց Եվրոպայում, որտեղ ամեն գնով ցանկանում էին ամենանվաստացուցիչ պայմաններով ծնկի բերել և ոչնչացնել հին աշխարհի շարժիչ ուժին"։

Այնուհետև խոսք առավ հեղինակ Ալեքսանդր Սոսնովսկին, ով նշեց գրքի լույս տեսնելու, թեմայի կարևորության և արդիական լինելու մասին։ "Անցյալի սխալների համար, ներկայումս մենք պարտադրված ենք շատ թանկ վճարել հետևանքների համար",- նշեց հեղինակը՝ հավելելով, որ 100-ամյա Վերսալի հաշտության պայմանագրի շահառուները դեռևս շարունակում են մնալ ԱՄՆ-ն ու Միացյալ Թագավորությունը։

Շնորհանդեսը երաժշտական համարներով համեմեց սաքսոֆոնահար Փարեսա Ասատրյանը։

Արարատ Հայկական միություն, Վալենսիա, Իսպանիա
ՍՓՅՈՒՌՔԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ
120 reads | 25.06.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com