ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆ
Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը քրիստոնեական եկեղեցու ամենանվիրական և փառավոր անցյալ ունեցող Աթոռներից մեկն է: Հիմնադրվել է VII դարում: Պատրիարքության տարածքը` հայկական թաղամասը, զբաղեցնում է հին Երուսաղեմի 4 թաղամասերից մեկը (ներկայումս` 1/6 մասը` 150 հզ.մ2): Ներկայումս Երուսաղեմի Հայոց Պատրիարքության իրավասության տակ են Իսրայելի հայկական եկեղեցիները և Հորդանանի հոգևոր հովվությունը:

Պատրիարքը Սրբոց Հակոբեանց վանքի հոգևոր և վարչական պետն է, Երուսաղեմի քաղաքական իշխանությունների առջև հայ համայնքի ներկայացուցիչը: 1990թ.-ից Երուսաղեմի Հայոց Պատրիարքն է Թորգոմ արք. Մանուկյանը: Հայաստանի նախարարական տները և եպիսկոպոսական աթոռները հայ ուխտավորներին օթևանով ապահովելու համար Երուսաղեմում կառուցել են բազմաթիվ վանքեր, որոնց թիվն, ըստ պատմիչ Անաստաս վարդապետի, VII դարում հասել է 70-ի:

Զեքի ադ-Դին արաբ պատմիչի հաղորդած տվյալների համաձայն` Երուսաղեմի Հայոց Պատրիարք Աբրահամը 626թ. գնացել էՄեքքա, որտեղ Մուհամմադ մարգարեն նրան իր ափով կնքած հավատարմագիր (չարթըր) է շնորհել` Երուսաղեմի Հայոց Եկեղեցու անձեռնմխելիության մասին: Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կարգավիճակը հաստատող փաստաթղթերից 2-րդը տրվել է Օմար խալիֆի (634-644թթ.) կողմից 636թ.: X-XI դարերի ընթացքում Ֆաթիմյան խալիֆների և սելջուկ ամիրաների պայքարի հետևանքով Երուսաղեմը, հատկապես համաքրիստոնեական սրբավայրերը, դարձել են կռվադաշտ և 10-12 անգամ ձեռքից ձեռք են անցել: Ապա Հռոմի Պապ Ուրբանոս II-ի օրհնությամբ և հովանավորությամբ` Քրիստոսի Սբ. Գերեզմանը և այլ սրբավայրերը իսլամի տիրապետությունից ազատելու նպատակով կազմակերպվել են Խաչակրաց արշավանքները (1095-1099թթ.), որի արդյունքում 1099թ. Ֆրանսիայի Ստորին Լոթարինգիայի դուքս Գոտֆրուա Բուլոնացու բանակը 40 օրվա պաշարումից հետո գրավել է Երուսաղեմը և Օմարի մզկիթի վրա բարձրացրել խաչակիր դրոշակը:

1187թ. Եգիպտոսի Այուբյան դինաստիայի հիմնադիր Սալահ ադ-Դին սուլթանը (1171-1193թթ.) գրավել է Երուսաղեմը: Ժամանակի Հայոց պատրիարք Աբրահամ Երուսաղեմացին Սալահ ադ-Դինին ներկայացրել է Մուհամմադ մարգարեի, Օմար խալիֆի հրովարտակ-հավատարմագրերը և իր հոտի համար սուլթանից խնդրել է սույն առանձնաշնորհների վերահաստատումն ու պաշտպանությունը: Խալիֆը նոր հրովարտակ է հրապարակել, որով, հաստատելով նախորդների շնորհած արտոնությունները, հրամայել է, որ ոչ միայն իր հաջորդները, այլև բոլոր մուսուլմանները հավատարմորեն կատարեն հրովարտակի պայմանները:

1300թ. Կիլիկիայի Հեթում II թագավորը և թաթար-մոնղոլական Մահմուդ Ղազան խանը (1295-1304 թթ.) իրենց բանակներով գրավել են Երուսաղեմը: Հայոց արքային, իբրև հաղթության բաժին, տրվել է Երուսաղեմը` իր շրջակայքով: Ահա այսպես XIV դարի վերջում հայկական դրոշը ծածանվել է Սիոն լեռան վրա: Սակայն 1303թ. Եգիպտոսի Հուսամ ադ-Դին սուլթանը կրկին գրավել է Երուսաղեմը` վերջ տալով հայկական կարճատև տիրապետությանը: 1517թ. օսմանյան սուլթան Սելիմ Ահեղը (1512-1520 թթ.) գրավել է Երուսաղեմը և, ի հաստատումն իր բարձր հովանավորության, հրապարակել է հրովարտակ (ֆերման), որով հաստատել է Մուհամմադի, Օմարի, Ալիի և Սալահ ադ-Դինի կողմից հայերին տրված առանձնաշնորհները:

Երուսաղեմի սրբավայրերի իրավատեր երեք հաստատությունների` հայերի, կաթոլիկների և հույների միջպատրիարքական վեճերն առիթներ են ստեղծել նաև օտար միջամտությունների համար: Սուլթան Աբդուլ Մեջիդ I-ը (1839-1861թթ.) նման իրավիճակին վերջ տալու համար կանչել է հայ, հույն և կաթոլիկ պատրիարքներին և 1841թ. նրանց հայտնել է Օսմանյան կայսրության նպատակներն իր հպատակների վերաբերյալ: Այն էր՝ «կրոնների և ծեսերի կատարյալ ազատություն շնորհել բոլորին»: Սուլթանի 1853թ. մայիսի 25-ի թվակիր հրովարտակով, որը պաշտոնապես սահմանվել է որպես Status quo: «Ստատուս քվո»-ով հաստատված իրավունքները հիմք են ծառայել Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կարգավիճակի պահպանման համար նաև Իսրայել պետության օրոք:

1948թ. մայիսի 14-ին Թել-Ավիվում` Դավիթ Բեն-Գուրիոնի գլխավորությամբ ստորագրվել է «Իսրայելի անկախության մասին» հռչակագիրը, որտեղ հստակորեն նշված էր նաև, որ «Իսրայել պետությունը պետք է խարսխված լինի ազատության, արդարության և խաղաղության սկզբունքների վրա, իրականացնի քաղաքացիական և քաղաքական իրավահավասարություն իր բոլոր բնակիչների համար` անկախ կրոնական, ռասայական և սեռական պատկանելությունից»:
Շնորհիվ հայ միաբանների ջանքերի` շուրջ երկու հազար տարի պահպանվում է հայ հոգևոր-մշակութային ժառանգությունը Երուսաղեմում, և Պատրիարքությունը հավասար դիրք է գրավում Կաթոլիկ և Ուղղափառ պատրիարքությունների հետ:

Պատրիարքարանի տնօրինության ներքո գործում է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը, որը կրոնական ուսումնական հաստատություն է, հիմնվել է 1843թ. Ռամալայում` Զաքարիա Կոփեցի պատրիարքի օրոք: Գործում է նաև Երուսաղեմի Սրբոց Թարգմանչաց վարժարանը, որը երկսեռ երկրորդական միջնակարգ դպրոց է, հիմնվել է 1929 թ. Երուսաղեմում:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կայքէջն է`www.armenian-patriarchate.org:
ՍՓՅՈՒՌՔԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ
3546 reads | 27.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com