ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՈՒՏԵԼՈՒ Է «ԶԱՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ընթացիկ արեգակնային 1392թ. (2013-2014թ.) տարեկան նախահաշվի, «համայնքի ծախսերը փակելու համար», նախատեսված է այս տարի վաճառել ազգային կալվածներից՝ «Զանգ» ընկերությունը, 40 միլիարդ ռիալի դիմաց (մոտ 1 միլիոն 200.000 դոլար), որը պիտի լցվի համայնքի բյուջեի բացից առաջացած անտակ հորի մեջ, որ վերջում էլի մեկ միլիարդ ռիալ բաց է մնալու:

Հիշատակենք, նախահաշվում Սրբազան Հոր և նրա օգնականի կեցության ծախսը կազմում է՝ 2 միլիարդ 200 միլիոն ռիալ, իսկ Թեհրանի հայոց թեմի քահանաների ռոճիկն ու հատուցումը՝ մեկ միլիարդ 250 միլիոն ռիալ, Կարիքավորներին օժանդակող մարմինը նույն ժամանակահատվածում կարող է ծախսել մեկ միլիարդ 276 միլիոն ռիալ:

Դաշնակցություն կուսակցության օղակներից համարվող ՀՈւՍԿ հաստատության «Պայման» եռամսյա թերթի տպագրությանը, որն, ի միջի այլոց, տպվում է կուսակցության պատկանող «Ալիք» տպարանում, նախատեսված է հատկացնել 600 միլիոն ռիալ, այսինքն, յուրաքանչյուր համարը համայնքի վրա նստում է 150 միլիոն ռիալ:

Եվ որպես լրացում հավելենք, որ Թեհրանի հայոց միջնակարգ դպրոցների համար նախատեսված է ծախսել ընդամենը մեկ միլիարդ 380 միլիոն ռիալ:

Հիշեցնենք նաև, որ ազգային բյուջեից «պարտքի անվան տակ» դարձյալ ՀՅԴ-ին ենթակա ՀՄ «Արարատ» կազմակերպության տարածքի համար վարձավճարի (նույն կուսակցության սխալի հետևանքով) դիմաց վճարված երեք միլիարդ ռիալի մեծ մասը ու նաև «Ալիք» հաստատության նոր շենքի համար ազգային բյուջեից դուրս գրված 900 միլիոն ռիալը դեռ չեն վերադարձվել, և ընդհանրապես, հիշատակված չեն նաև նախահաշվում:

Իհարկե, այս շարանն արձանագրելուց նպատակ չունենք ասելու, որ Սրբազան Հոր համար համայնքը շատ է վճարում, քավ լիցի, այլ պարզապես ուզում ենք հիշեցնել, որ ինչպես մեր իմաստուն պապերն են ասել «Ինչ ցանես, էն էլ կհնձես»…:

Եզրակացնելով՝ ապացուցված պատկերի համաձայն և ՀՅԴ-ի մեծ փորձից ելնելով, առաջարկում ենք, փորձնական առումով մեկ տարվա համար ՀՀ իշխանությունները ամբողջությամբ հանձնել ՀՅԴ-ի հայաստանյան պատասխանատուներին, որոնք թեև արդեն իսկ մեծ փորձ ունեն, բայց կարող են նաև օգտվելով Իրանի իրենց մասնաճյուղի գործընկերների տարիների հետևողական աշխատանքի փորձից, Հայաստանի բյուջեի բացերը փակելու համար ծախեն այն, ինչ երկրում մնացել է ու դեռ չի ծախվել և բնակչության հասնող աղքատության ծավալները հեղափոխականորեն ընդարձակեն և քաղաքացիներին օդանավի տոմսի գնելու կարողությունից էլ զրկելով, սահմանափակեն Հայաստանից արտագաղթի ծավալները, ինչպես հաջողել են այդ անելու իրանահայ համայնքում:

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան
ՍՓՅՈՒՌՔԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ
628 reads | 11.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com