ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԱԿՆԿԱԼԻՔԸ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՀԱՆԻԻՑ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ






Նախագահ Ռոհանիի Թուրքիա այցելութեան առիթով

Պաշտօնական այցով նախագահ Ռոհանին Թուրքիա է այցելեում: Այս մակարդակի այց կատարւել է 18 տարի առաջ:

Երկկողմ, ինչպէսեւ՝ տարածաշրջանային մակարդակով, ըստ հաղորդած լուրերի՝ պէտք է ստորագրւի վեց պայմանագիր:

Անկախ պրոտոկոլային փոխյարաբերութիւններից, վստահաբար կայացող հանդիպումների ընթացքում կողմերը խոր քննարկման առարկայ են դարձնելու տարածաշրջանային եւ մասնաւորապէս՝ երկու երկրների համար կարեւորագոյն խնդիր հանդիսացող Սիրիայի ճգնաժամը: Այստեղ արդէն վաղուց ի վեր ակնյայտ է Իրանի եւ Թուրքիայի միջեւ խորքային տարակարծութիւն՝ ընդհուպ մինչեւ ռազմավարական նշանակութեան եւ նոյնիսկ ազգային-պետական շահերի անհամատեղելիութեան իրողութիւն:
 
Այս իրողութիւնը մասնաւորապէս Իրանի կողմից անցնող 2-3 տարիների ընթացքում բարձրաձայնւել ու նոյնիսկ դատապարտանքի կերպարանքով է դրսեւորւել, երբ հէնց վերոնշեալ ազգային-պետական շահերի համատեքստում Իրանը Սիրիական ճգնաժամի լուծման տարբերակ է առաջարկել երկխօսութիւնն ու խաղաղ միջոցները, իսկ Թուրքիան, հակառակը՝ Սիրիայի տագնապի հարցում որդեգրել է լոկ զինական-զինւորական լուծման տարբերակը:

Հարցը հասաւ նրան, որ իբրեւ համախոհ-զինակիցներ՝ Ս. Արաբիան եւ Կատարը Թուրքիայի հետ համատեղ հանդիսացան ռազմական, ֆինանսական եւ քաղաքական-քարոզչական այն առանցքը, որն օգնութիւն-օժանդակութիւն էր հասցնում սիրիական ընդդիմադիրներին: Այս վերջինների անյաջողութիւնների արդիւնքում եւ յատկապէս Արեւմուտքի հակաԱսադ նկրտումներում մեղմացուցիչ դիրքորոշման ի յայտ գալով՝ Սիրիական տագնապը այլ կերպարանք ստացաւ: Այս փուլից յետոյ՝ Սիրիական հարցը վերածւեց սալաֆի-ալաւի հակամարտութեան, իր ընդգծւած կրօնական ծայրայեղական երանգաւորմամբ, որտեղ արդէն ներգրաււեցին Ալղայիդական-տեռորիստական խմբաւորումները, որոնք մինչեւ իսկ Ասադից առաւել թիւ 1 թշնամի էին համարում շիա Իրանին եւ այդպիսով փորձում «արդարացնել» իրենց քստմնելի մարդակերպութիւնը՝ յաչս աշխարհի:

Թուրքիայի ու իր համհարզների հովանաւորութիւնը վայելած վայրենաբարոյ տեռորիստների հակաքրիտսոնէական «ջիհադ»-ին էլ ականատես դարձաւ ողջ աշխարհն ու առաջին գծի վրայ յայտնւած՝ ողջ Հայաշխարհը՝ ի տես Քեսաբի ու քեսաբահայութեան անասելի արհաւիրքների, որոնք նոր կերպարանք ստացած՝ Հալէպին ու հալէպահայութեանը ամենօրեայ ծանրագոյն գին վճարելու հարկադրանքի առջեւ են կանգնեցրել, չխնայելով ո՛չ մարդկային կեանքեր, ո՛չ եկեղեցի, ո՛չ դպրոց եւ ու մանկապարտէզ...:

Ահաւասիկ, պրն. Ռոհանիի Թուրքիա այցը կատարւում է ներկայ փուլի իրողութիւններին զուգընթաց: Իսկ մեր, որպէս Իրանի քաղաքացիներ ու լուրջ մանաւանդ իրանահայեր, բնականաբար, այդ այցից ակնկալութիւնն ու սպասելիքը ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ իրանական ազգային-պետական համընդհանուր շահերի շրջագծում՝ Անկարայի տեռորիստամէտ կեցւածքի նսեմացմանը միտող դիւանագիտական-քաղաքական հնարքների կիրառումը, ինչպէսեւ՝ Թուրքիայի հովանաւորութեամբ մարդկային, ազգային, կրօնական ու ցեղային հողի վրայ կաատրւող ոճրագործութիւնների դադապարտումն ու դադարեցումը: Սա է, ի վերջոյ, իրանահայի նւազագոյն պահանջ-սպասելիքը Թուրքիա այցելող իր նախագահից, որը դեռեւս ՄԱԿ-ի ամբիոնից «Աշխարհը՝ առանց բռնարարքների» կարգախօսքը կենսագործելու էր մղում գործընկերներին:
ՍՓՅՈՒՌՔԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ
776 reads | 10.06.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com