ԲԺԻՇԿ, ՈՐՆ Ի ՎԵՐՈՒՍՏ Է
Ամերիկաբնակ անվանի գինեկոլոգ Սամվել Բադալյան

Պարտադրվա՞ծ, թե՞ ժառանգական արտագաղթ
Չգիտեմ ով՝ ոնց, բայց ես ամեն անգամ արտասահմանում քիչ թե շատ հայտնի հայ դեմք տեսնելիս երկակի զգացում եմ ապրում: Հպարտության եւ ափսոսանքի: Թե ինչու եմ հպարտանում` բացատրելն ավելորդ է: Իսկ ափսոսանքը պայմանավորված է պարտվածի բարդույթով: Փորձում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ազգի տաղանդաշատ զավակները մեկտեղվեին 30 հազար քառակուսի կիլոմետրի վրա: Հետո գալիս է չարչրկված հարցը: Իսկ ո՞վ է մեղավոր, որ այդպես չէ: Մե՞նք, թե՞ օտարը: Ինձ համար պատասխանը մեկն է: Մեղավորը, արտագաղթի գործում, թեկուզ մասամբ, մենք ենք, բայց ոչ մեր ժողովուրդը: Կեղծ է այն վարկածը, թե հայը թափառական է, թե նա առաջնորդվում է ‹‹Որտեղ հաց, այնտեղ կաց›› հիմար նշանաբանով: Իրականում` սկսած անհիշելի ժամանակներից մինչեւ օրս, հայերը լքել են իրենց բնօրրանը, բնականաբար, օտար ասպատակությունների հետևանքով: Սակայն ցավալի է, որ հայերը գաղթել են նաև ներքին ճնշումների տակ, որոնք, բացահայտորեն կամ քողարկված, գործադրել են եւ՛ եկեղեցին, եւ՛ իշխանավորները: Նրանց գիտակցությանը, ցավոք, չի հասել այն աքսիոմատիկ ճշմարտությունը, որ արտագաղթը Հայաստանից` ընդհանրապես, եւ տաղանդավոր հայի արտագաղթը` մասնավորապես, ազգային շահերի եւ պետականության դեմ դավադրության հավասար մի բան է:

Աչքից որքան հեռու` այնքան լավ

Մտքերի այս կարուսելը կրկին պտտվեց, երբ հանդիպեցի նրան, որի հետ ծանոթանալու համար Նյու Յորքից հասել էի նահանգի չորս մեծ քաղաքներից մեկը` Սիրաքյուզ, անցնելով մոտ 600 կիլոմետր: Սամվել Բադալյան: Հայկական այս սովորական անուն-ազգանունը միգուցե հայտնի է հանրապետության բժշկական նեղ շրջանակներում, սակայն հասարակությունը նրան չգիտե, եւ շատ ափսոս: Մինչդեռ, միջազգային ճանաչումը եւ համընդհանուր հիացմունքը կրնկակոխ հետեւում են նրան: Սակայն մինչ այդ նա ապրելու էր դառնությունների եւ հիասթափությունների մի ամբողջ Ոդիսական, անկախացած իր հարազատ հողում, իր ծնված քաղաքում...
Ս. Պետերբուրգի գինեկոլոգիայի եւ մանկաբարձության ինստիտուտում պաշտպանելով գիտական թեզը, Սամվել Բադալյանը դարձավ այդ մասնագիտության գծով ԽՍՀՄ-ի ամենաերիտասարդ` երեսունամյա դոկտորը: Ուներ ամուր ձեռք, նույնքան էլ ամուր նյարդեր, սուր աչք, գերազանց ռեակցիա: Փորձառու պրոֆեսորները գուշակում էին փայլուն ապագա: 1989 թվականն էր: ‹‹Գնում եմ Հայաստան››,- հայտարարեց նրանց Սամվելը: Իսկ Երեւանը 9 տարի ժրաջանորեն ուսանած եւ աշխատանքային փորձ ձեռք բերած կադրին ընդունեց վատից էլ վատ, սառը, անգամ` թշնամաբար: Եթե նախարարության չինովնիկները գոնե կարդացած լինեին Նոր Կտակարանը, կիմանային, որ նույնիսկ մոլորյալ որդուն հայրն ընդունում է գրկաբաց: Իսկ նա մոլորյալ որդի չէր, այլ բարձրակարգ պրոֆեսիոնալ, վիրաբուժության աս, պետերբուրգյան փայլուն երաշխավորություններով: Այս հանգամանքը, բոլոր դեպքերում, անհնար էր անտեսել, եւ նա նշանակվում է քաղաքի գլխավոր գինեկոլոգ: ‹‹Հայաստանում ամեն ինչ արվեց ինձ խանգարելու, աշխատանքը տապալելու եւ վրաս որեւէ ‹‹գործ սարքելու›› համար: Իսկ երբ այդ ամենը ձախողվեց, բաց տեքստով ասվեց, որ հեռանամ քաղաքից»,- հիշում է նա: Հետո նրա ‹‹բարյացակամներից›› մեկը խորհուրդ տվեց զգույշ լինել ավտովթարից: Հանգուցալուծումը եղավ անսպասելի: ԱՄՆ-ը տեղ հատկացրեց բժիշկների կատարելագործման երեքամսյա դասընթացներում: Հայաստանի Առողջապահության նախարարությունը, ընթերցողը հավանաբար արդեն գուշակեց, սիրով եւ արագ ներկայացրեց Բադալյանի թեկնածությունը: Հնուց է գալիս. ուզո՞ւմ ես ազատվել քեզ ոչ հարմար կադրից` ուղարկիր նրան հեռու, անգամ պաշտոնի բարձրացումով, եւ որքան հեռու` այնքան լավ:

Ինչո՞ւ է Ամերիկան ուղեղներ հավաքում

Այն, ինչ եկվորներն անում են տարիների ընթացքում կամ էլ, ընդհանրապես, չեն անում, Սամվելը Կոլումբիայի համալսարանում արեց ռեկորդային կարճ ժամկետում: Երեք ամսում հանձնեց բոլոր քննությունները եւ ստացավ բժշկի աշխատանքային արտոնագիր: Ամերիկացիները անմիջապես հասկացան, որ գործ ունեն անսովոր, արտակարգ կարողությունների տեր մասնագետի հետ: Ամերիկան Ամերիկա չէր դառնա, եթե անփույթ եւ փնթի վերաբերմունք ունենար տաղանդավոր մարդկանց նկատմամբ: Այո, Ամերիկան որսում է փայլուն ուղեղներ: Եվ շատ էլ լավ է անում: Ազգությունը նշանակություն չունի, թեկուզ` հայի, թուրքի, կամ չինացու: Սամվելի եւ նրա ընտանիքի քաղաքացիության հարցը լուծվեց երկու շաբաթվա ընթացքում: Առաջարկվեց ընտրել երկրի ցանկացած կետը, որտեղ այդ պահին մասնագետի կարիք կար: Նյու Յորք նահանգի Սիրաքյուզ քաղաքի գինեկոլոգիայի եւ մանկաբարձության կենտրոնը հայտարարել էր կոնկուրս գլխավոր բժշկի տեղակալի թափուր հաստիքի համար: Դիմեց: Մասնակցեց: Հաղթեց: Հետո դարձավ փայատեր, իսկ երբ գլխավոր բժիշկը կոչվեց հանգստի, դարձավ կլինիկայի սեփականատերը: Ո՞վ է այսօր, մի ժամանակ, փաստորեն, ‹‹persona non grata››, ‹‹անցանկալի անձ›› համարվածը եւ ի՞նչ կարգավիճակ ունի նա այստեղ: Բացեք Միացյալ Նահանգների ուզած պաշտոնական տեղեկատու. ‹‹Սամվել Բադալյան, պրոֆեսոր: Նյու Յորք նահանգի Սիրաքյուզ քաղաքի գինեկոլոգիայի եւ մանկաբարձության կենտրոնի տնօրեն: Միջազգային ճանաչում ունեցող վիրաբույժ: Գործում է ԱՄՆ-ի ողջ տարածքում եւ համայն աշխարհում: Ունի մեծ փորձառություն գինեկոլոգիայի եւ կոնքային-վերականգնողական վիրաբուժության բնագավառներում: Բժշկական պետական համալսարանի պրոֆեսոր: Ամերիկյան գինեկոլոգիայի եւ մանկաբարձության քոլեջի պրոֆեսոր: Ամերիկյան մանկաբարձության ընկերության խորհրդի անդամ: 45-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ: Գինեկոլոգիայի վերաբերյալ միջազգային ճանաչում ունեցող դասագրքերի համահեղինակ››: Մեր կողմից ավելացնենք, որ վերջերս Սամվել Բադալյանը ընտրվեց Նյու Յորք նահանգի գինեկոլոգների միության նախագահ:

Իր գործի պիոները

Ամերիկան կռվում էր Իրաքում եւ Աֆղանստանում, ինչը վատ է: Իսկ գիտնականները վիրավորներին օգնելու համար ստեղծել են հազվագյուտ ռոբոտ: Սա, անշուշտ, լավ է, մանավանդ որ, այն լայն հորիզոններ է բացում ռոբոտային վիրաբուժության առջեւ: ‹‹Ռոբոտ-վիրաբույժ›› կանգնում է հիվանդի կողքին` Իրաքում, իսկ բժիշկ-վիրաբույժը կառավարման վահանակի մոտ` Ամերիկայում: Նա չի տեսնում վիրահատվողի երեսը եւ չի էլ տեսնելու: Պատկերը` ասես ֆանտաստիկ ֆիլմից լինի: Բայց մասնագետները հապաղում են ռոբոտին աշխատեցնել նման տարածության վրա, վախենալով կապի հուսալիությունից: Զուտ այդ նպատակով նախատեսում են բաց թողնել հատուկ արբանյակներ: Ասում են՝ շուտով կապը կհաստատվի: Մոտ տարածության վրա ռոբոտն արդեն աշխատում եւ հրաշքներ է գործում: Իսկ երբ 2005 թ. Սիրաքյուզի Սենտ Յոզեֆ հիվանդանոցը ձեռք բերեց այն, Սամվել Բադալյանն ապացուցեց, որ իրեն իզուր չեն համարում բժշկության պիոներ: Նա առաջինը սկսեց ռոբոտն օգտագործել գինեկոլոգիական բարդ գործողությունների համար: Այնքան խորացավ եւ այնքան հմտացավ, որ հիմա պաշտոնապես համարվում է կանացի հիվանդությունների գծով ռոբոտային վիրաբուժության առաջին մասնագետը Միացյալ Նահանգներում: Բադալյանի մոտ վիրահատվելու համար հիվանդներ են գալիս երկրի բոլոր ծայրերից:

Կանայք երկրպագում են ոչ միայն կիոաստղերին

Երբ քայլում ես նրա կողքին, այն տպավորությունն ես ստանում, թե ուղեկցում ես ազգային հերոսի: Մի՞թե մեկ միլիոնանոց քաղաքում բոլորը գիտեն ‹‹Doc››-ին: Ժպտում են, ողջունում, հաճոյախոսում: Կարդում ես նրան հասցեագրված նամակները եւ հասկանում այդպիսի վերաբերմունքի պատճառները: Դրանց հեղինակները բացառապես կանայք են, որոնց բուժել, առանձին դեպքերում՝ մահվան ճիրաններից կորզել է դոկտոր Սամվել Բադալյանը: Նամակներում խոսվում է նաեւ այն մասին, որ նա երջանկացրել է ընտանիքներ, երբ բուժման շնորհիվ, անգամ առաջացած տարիքում, կանայք մայրացել են: Համընդհանուր զեղումների ֆոնին, բնականաբար, ծագում է Սամվելի, ավելի շուտ, նրա երեք երեխաների ուծացման հարցը: Ի՞նչ արագությամբ կընթանա նրանց ‹‹ամերիկանացումը›› ամենակուլ խառնարանում, որն էմիգրանտին վերջիվերջո սարքում է ամերիկացի: Այս մտահոգությունն է որոշում Բադալյանների կենսաձեւը, որում հնարավորինս պահպանվել են ազգային սովորույթներն ու ապրելակերպը: Նույն տրամաբանությամբ է շարժվում Սամվելը համայնքային կյանքում: (Սիրաքյուզում ապրում է 300 հայ: Գաղթածների երրորդ սերունդն է: Հայերեն չեն խոսում: Բոլորն էլ ինտելիգենցիայի ներկայացուցիչներ են: Դպրոց չունեն: Գործում է Էջմիածնական եկեղեցին): Սամվելի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ զերծ է համայնքներում այնքան տարածված ուռա հայրենասիրությունից, եւ հենված է կոնկրետ, ռեալ գործերի վրա, իսկ նրա վեհանձն խառնվածքին խորթ են քենը եւ հիշաչարությունը: Փոխարենը` նա շարժվում է հումանիզմի եւ բարեգործության գաղափարներով: Առաջին խոշոր նվիրատվությունը Բադալյանն արեց 2000 թվականին. մամոգրաֆիայի սարքավորում ուղարկեց Ստեփանակերտ: Այնուհետեւ դոկտոր Ջոն Բիլեզիկյանի հետ հայթայթեց օստրապարոզի կանխարգելման եւ բուժման թանկարժեք սարքավորում, տարավ Երեւան ու կազմակերպեց կոնֆերանս` այդ տարածված հիվանդության կանխարգելման թեմայով: Հաջորդ անգամ հանդես եկավ դասախոսություններով հայ գինեկոլոգների առաջ: Սամվել Բադալյանը ամեն տարի այցելում է Հայաստան և գործնական օգնություն ցուցաբերում այն հիվանդներին, որոնք կարիք ունեն նման մասնագետի: Նա չի մոռանում նաեւ ‹‹Alma Mater››-ը` Ս. Պետերբուրգի կլինիկական կենտրոնը: Անցյալ տարի Սամվելն այնտեղ կազմակերպեց միջազգային սիմպոզիում: ‹‹Հուզիչ է սովորեցնել նրանց, որոնցից ժամանակին ինքդ ես սովորել››,- ասում է նա:

Ստեղծվում է բժշկության նոր դպրոց

Կան բժիշկներ, որոնք ի վերուստ են բժիշկ: Կան, բայց քիչ: Նրանք այս կյանքում առաքելություն ունեն կատարելու: Սամվել Բադալյանը այդ քչերից մեկն է: Նրա նշանաբանն է. ‹‹կանխարգելել հիվանդությունը, չեզոքացնել սաղմում››: Այս լակոնիկ արտահայտության կենսագործումը պահանջում է գիտական խորաթափանցություն, համարձակություն, ռիսկ, ֆանտաստիկ աշխատասիրություն, որոնցով բնությունը առատորեն շնորհել է Սամվելին: Նա` ի տարբերություն իր տեղացի գործընկերների, ունի մի մեծ առավելություն եւս: Կարողանում է հաջողությամբ սինթեզել խորհրդային եւ ամերիկյան փորձը: Արդյունքները փայլուն են: Այստեղ շրջանառվում են հիվանդությունների ախտորոշման եւ բուժման բադալյանական մեթոդները: Նա դառնում է դպրոցի հիմնադիր, ինչը, անկասկած, զարգանալու է: Առջեւում երկար կյանք կա, 53-ը նոր է լրացել: Պակաս հետաքրքրություն չեն ներկայացնում Բադալյանի դատողությունները հայկական առողջապահության վերաբերյալ: Նրա կարծիքով, ռուսական բժշկությունը` իր լավագույն ավանդույթներով հանդերձ, ամերիկյանից հետ է 20 տարով, իսկ հայկականը հետ է ռուսականից եւս այդքան տարիներով: ‹‹Ի՞նչ անել, պառկե՞լ եւ մեռնե՞լ›› Վլադիմիր Վիսոցկու այս խոսքերով հարցրի նրան: ‹‹Մեռնել պետք չէ, այլ պետք է առողջապահության բնագավառում իրագործել համակարգային փոփոխություններ, եթե կուզեք` հեղաշրջում››,- եղավ պատասխանը: Հետո Սամվելը մանրամասնեց իր մտքերը: Նա գտնում է, որ մեզ համար զարգացման լավագույն տարբերակը ամերիկյանն է՝ իր բոլոր պարամետրերով հանդերձ: ‹‹Առաջին քայլն այդ ճանապարհին` Հայաստան ամերիկյան բժիշկների ‹‹դեսանտ» իջեցնելն է››,- ասում է նա՝ շեշտը դնելով ‹‹ամերիկյան››, այլ ոչ թե ‹‹ամերիկահայ›› բառի վրա, քանզի վստահ է, որ անհրաժեշտության դեպքում ամերիկացի շատ բժիշկներ կլինեն իր կողքին: ‹‹Օգտակար կլիներ Երեւանում լրիվ ավտոնոմ ռեժիմով գործող ամերիկյան հոսպիտալ ստեղծելը: Մտահղացումները շատ են: Սակայն կա մի մեծ, շատ մեծ արգելք, որը խանգարում է այդ պլանների իրականացմանը. կոռուպցիան եւ օրենքների խախտումը Հայաստանում››,- ցավով նշում է Սամվելը...

...Ստացվում է դարձ ի շրջանս յո՞ւր: Կրկին նախաբանում հնչած տրոփող հարցը: ‹‹Ո՞վ է մեղավոր››: Եվ կրկին նույն պատասխանը: Մե՛նք: Ուրեմն վաղուց ժամանակն է դուրս գալ պետականությունը վտանգող, ազգավնաս այս փակուղուց:

Արման Նավասարդյան
Նյու Յորք
ՍՓՅՈՒՌՔԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ
2263 reads | 23.01.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com