ԲԱԹՈՒՄԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ Ի՞ՆՉ ԵՆ ՀԱՄՈԶԵԼՈՒ ՎՐԱՍՏԱՆԻՆ

2013-ի մարտի 18-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն և պաշտպանության նախարար Իրաքլի Ալասանիան Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ քննարկվել են վրաց-ադրբեջանական հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցեր: Մամեդյարովը հայտնել է, որ մարտի 28-ին Բաթումում նախատեսվում է հանդիպում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների միջև:

Կարելի է ենթադրել, որ այս հանդիպումը սպասված էր: Վրաստանում անցկացված վերջին խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն կազմող Բիձինա Իվանիշվիլիի թիմը փորձում է վերանայել նախագահ Սահակաշվիլիի վարած արտաքին քաղաքականության առանցքային կետերը: Սահակաշվիլիի արևմտամետ քաղաքականությունը սերտացրել էր հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնք իրենց քաղաքական և տնտեսական ազդեցությունն էին թողնում Վրաստանի վրա: Այժմ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են չկորցնել վրացական միջանցքը, որը լավագույն ցամաքային ճանապարհն է երկու երկրի միջև: Ենթադրվում է, որ հանդիպման ժամանակ կքննարկվեն Վրաստանում թուրքական և ադրբեջանական ներդրած կապիտալի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի, էներգետիկ ռեսուրսների փոխադրման, ինչպես նաև վերջերս շրջանառվող աբխազական երկաթուղու վերագործարկման հետ կապված հարցեր:

Հայտնի է, որ Սահակաշվիլիի նախագահության տարիներին Վրաստանում մեծացել է թուրքական և ադրբեջանական ներդրումների ծավալը, որն անվտանգ պահելու և ընդլայնելու համար անհրաժեշտ է համագործակցության նոր եզրեր գտնել և վերահաստատել նախկին չափանիշները վրացական նոր իշխանությունների հետ: Ներդրումներում մեծ տեղ են զբաղեցնում նաև Բաքու-Թբիլիսի-Կարս եթկաթգծի կառուցմանն ուղղված ադրբեջանական և թուրքական ջանքերը, որոնք նպատակ ունեն չեզոքացնել Հայաստանի դերը Թուրքիա-Ադրբեջան ցամաքային ճանապարհի կարևորության մեջ: Անհրաժեշտ է նաև վերահաստատել էներգետիկ պաշարների փոխադրման հետ կապված պայմանավորվածությունները, որոնք կարող են լուրջ խնդիրներ առաջացնել վրաց-ռուսական հարաբերությունների մտերմացման դեպքում: Հայտնի է, որ Ռուսաստանը դրական չի արձագանքում իր սահմանները շրջանցող ցանկացած գազամուղի կամ նավթամուղի կառուցմանը, որը փորձում է կասպիան տարածաշրջանից դուրս գալ Եվրոպա:

Հավանաբար Բաթումիի հանդիպման առանցքային կետերից է լինելու նաև աբխազական երկաթուղու վերագործարկման հետ կապված խնդիրը: Այս հարցի դրական լուծումը հակասում է միայն Ադրբեջանի շահերին, որը ցանկանում է ամեն կերպ խոչընդոտել հայ-ռուսական ցամաքային ճանապարհի վերականգմանը: Բացի այդ աբխազական երկաթուղին պետք չի Ադրբեջանին, քանի որ նա Ռուսաստան դուրս գալու սեփական ճանապարհներն ունի: Վրացական կողմին ձեռնտու է երկաթուղու վերագործարկումը ավելի էժան տարբերակով ռուսական շուկա դուրս գալու համար: Թուրքական կողմին ևս ձեռնտու է երկաթուղու առկայությունը, որն ավելի հեշտ կկապվի Ռուսաստանի հետ: Սակայն հնարավոր է, տեղի տալով ադրբեջանական կողմի պահանջներին, Թուրքիան ևս չցանկանա երկաթուղու վերագործարկումը: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան և Ադրբեջանը երկաթուղու հարցում հաջողության չեն հասնի, քանի որ այստեղ մեծ է Ռուսաստանի դերը: Դժվար կլինի նաև ճնշել Վրաստանին, որովհետև այսօր նա համարվում է թուրք-ադրբեջանական միակ պոտենցիալ ցամաքային ճանապարհը, քանի որ ճանապարհների առումով նրանք փորձում են շրջանցել նաև Իրանը:

Վարդան Խաչատրյան
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1373 reads | 22.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com