«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՐՇ» ԴԵՊԻ ԱՐԵՎԵԼՔ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Երբ Թուրքիան համառորեն թակում էր Եվրոպայի դուռը` ներս մտնելու բուռն ցանկությամբ, մենք հուզումնալից պահեր էինք ապրում` հուսալով, որ մեր ժողովրդին այդքան չարիքներ պատճառած երկիրը չի դառնալու Եվրոպական համերգի անդամ, չի արժանանալու քաղաքակիրթ և լուսավոր մարդկանց ընկերակցությանը: Մտածում էինք, որ գոնե այդկերպ նա կկրի իր արժանի պատիժը:

Մինչդեռ մենք հերթական անգամ սխալվում էինք: Թուրքիայի՝ Եվրամիության անդամ դառնալը կհամընկներ մեր շահերին. իր նորօսմանական վտանգաբեր նկրտումներով նա հեռու կմնար տարածաշրջանից` ընդհանրապես, և Հայաստանից` մասնավորապես, ու կփորձեր հագուրդ տալ կայսերական հավակնություններին Եվրոպայի սահմանների ներսում:

Այդուհանդերձ, միամիտ գերմանացիները, ավստրիացիներն ու ֆրանսիացիները խաբվեցին: Չընդունեցին Եվրամիություն, սակայն, առաջնորդվելով կեղծ մարդասիրությամբ և էժան աշխատուժ ստանալու հույսով, լայնորեն բացեցին մայրաքաղաքների ու կոկիկ քաղաքների դարպասները թուրքերի առաջ: Եվ ընկան կրակը:

Երբ ուշքի եկան, տեսան, որ գլխներին կախված է զանգվածային մուսուլմանացման վտանգն ու իսլամացման ագրեսիան:

Իսկ թուրքերի հակազդեցությունը նման էր Եզոպոսի` խաղողի նկատմամբ աղվեսի հակազդեցությանը. «Մեզ պետք չէ ձեր Եվրամիությունը: Դուք փչացնում եք մեր ժողովրդին: Թուրքերը նախկինում եղել են բարի ու մարդասեր, իսկ եթե մենք ունենք բացասական գծեր` ձե՛ր մեղքն է»:

Այսպես, ոչ ավել, ոչ պակաս: Վատ չէր լինի, որ ժամանակակից թուրք գաղափարախոսները կարդային Լեվ Գումիլյով, որը ներկա թուրքերի քոչվոր նախնիներին ներկայացնում է որպես ծայրաստիճան դաժան ու արնախում էթնոս:

XI դարում, երբ այդ քոչվոր ցեղերը ներխուժեցին Փոքր Ասիա, անհավատալի դաժանությամբ վարվեցին տեղական բնակչության նկատմամբ: Հայկական և բյուզանդական աղբյուրները բերում են բազմաթիվ վկայություններ թուրքերի սադիստական բարբարոսությունների մասին:

Ի֊՞նչ մարդասիրության և բարության մասին կարող է խոսք լինել: Այդ ո՞վ է փչացրել միամիտ և բարի թուրքերին:

Անվանի հոգեբան Ալբերտ Նալչաջյանն իր հիմնարար, հրաշալի մենագրության մեջ («Этническая виктимология и психоистория этноцида» Երևան, 2011 թ.) նշում է, որ թուրքերը եվրոպացիների հետ շփվել են շատ ավելի ուշ: Սակայն այդ շփումներն առանձնապես դրական ազդեցություն չեն գործել թուրքերի վրա: Գիտնականը խիստ արտառոց է համարում, որ «քրիստոնեական Գերմանիան խրախուսել է թուրք-մուսուլմանների ագրեսիան արևելյան քրիստոնեաների դեմ»: Սակայն դա փաստ է:

Թուրքիան իր հերթին փորձում է Գերմանիայի վրա բարդել իր տարածքներում տեղի ունեցած միջէթնիկական հանցագործությունները, այդ թվում հայկական կոտորածները:

Իհարկե, Գերմանիան, Անգլիան ու եվրոպական մյուս երկրներն իրենց մեղքի բաժինն ունեն անցյալ դարասկզբի ողբերգության մեջ: Թերևս, Թուրքիային չթողնելով Եվրամիություն, նրանք փորձում են գոնե մի փոքր քավել իրենց մեղքը:

…Եվ այսպես, երբ Եվրոպան շրխկացրեց դուռը օսմանների քթի առաջ, նրանք արագ կողմնորոշվեցին` Արևմուտքը փոխեցին Արևելքով:

«Եթե մեզ չեն ուզում տեսնել Բրյուսելում, մենք կգնանք Տաշքենդ»,- հոխորտաց հանգուցյալ նախագահ Օզալը: Չնայած իր վիրավորվածությանը Գերմանիայից` նա հավանաբար հիշել է վերջինիս կայզերական «Drag Nach Osten» («Բուռն գրոհ դեպի Արևելք») նշանաբանը, որը զարգացրեց և իրագործեց Հիտլերը…

Սակայն Օզալի խոսքերը դատարկ հայտարարություն չէին: Արդյոք այդ քաղաքական գիծը չէ՞ր շարունակվում, երբ Ղազախստանի նախագահ Նազարբաևը հայտարարում է Թուրքիայի` Մաքսային միությանն անդամակցելու հնարավորության մասին:

Ի՞նչ նպատակ է հետապնդում փորձառու և «հավերժ» նախագահը: Սատար կանգնել արյունակից էթնոսի՞ն, թե՞ ուժեղացնել թյուրքական պետությունների դիրքերը Եվրասիայում…

Ախորժակն ուտելիս է բացվում: Թուրքիան ձգտում է Արևելք: Այդ քաղաքականության կարևոր քայլ կարելի է համարել ներկայում Չինաստանի հետ ընթացող բանակցությունները` միջին և հեռավոր հասանելիության համատեղ հրթիռներ արտադրելու շուրջ:

Սա լուրջ, ոչ այնքան ռազմական, որքան քաղաքական խնդիր է, որի հաջողությունը կնպաստի Թուրքիայի ասիական ուղղությամբ ընդարձակվելուն, իսկ Պեկինին` մտնելու Միջին և Մերձավոր Արևելք, ինչը բխում է կողմերի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գլոբալ շահերից:

Չմոռանանք, որ այսօր Թուրքիան արդեն դիտորդի կարգավիճակ ունի Շանհայի համագործակցության կազմակերպությունում:

Գլոբալիզացիայի և ինտեգրացիայի պայմաններում Թուրքիայի դիվանագիտական այս գործընթացը թվում է միանգամայն բնական, եթե հաշվի չառնենք այն, որ չին-թուրքական հարաբերությունների մերձեցումը միանշանակ չի ընկալվում միջազգային գլխավոր խաղացողների կողմից:

Այսպես, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը կտրականապես դեմ է նման համագործակցությանը, իսկ Սպիտակ տունն իր որոշումը կհայտնի Թուրքիայի արտգործնախարարի Վաշինգտոն այցելելու ժամանակ, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին: Սակայն որոշ կոնգրեսականներ արդեն դեմ են արտահայտվել Թուրքիայի` Չինաստանի հետ մերձեցման փորձերին:

Զգալով մեծ եղբոր` ԱՄՆ-ի դժգոհությունն այդ հարցի վերաբերյալ` Դավութօղլուն շտապեց հայտարարել, որ ամերիկյան ու եվրոպական ընկերակցությունների ավելի շահավետ առաջարկների դեպքում Թուրքիան բանակցություն կվարի նրանց հետ: (Թուրքական դիվանագիտությանը հատուկ է պայմանավորվածություններից հրաժարվելը և որոշումներից հետ կանգնելը):

Այնպես որ, Պեկինի հետ հրթիռների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը դեռևս կախված է օդում:

Այլ են չին-թուրքական երկխոսության մյուս ընդդիմախոսի` Ռուսաստանի հնարավորությունները: Նա չի կարող Թուրքիայի հետ խոսել ուժի դիրքերից, ինչպես Միացյալ Նահանգները: Չի կարող նաև ճնշում գործադրել Չինաստանի վրա:

Սակայն Մոսկվայի համար միանգամայն անընդունելի է, որ Անկարան խցկվի իր և Պեկինի միջև:

Ներկա փուլում Չինաստանը Ռուսաստանի բնական դաշնակիցն է: Եվ նրանց հարաբերությունների վատթարացումը կամ առճակատումը, որն ի դեպ, ԱՄՆ-ի ռազմավարական ուղղություններից մեկն է, խիստ բացասաբար կանդրադառնա Մոսկվայի հեռահար և գլոբալ ինտեգրացիոն նպատակների վրա:

Քաղաքականությունը հետաքրքիր, երբեմն հակասությունների և անակնկալների երևույթ է: Ո՞ւմ մտքով կանցներ, որ Կրեմլի և Սպիտակ տան մոտեցումները չին-թուրքական հարաբերությունների հարցում համընկնելու են: Սա վերջին տարիներին երկրորդ դեպքն է, երբ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումները սիմետրիկ են: (Առաջինը սիրիական քիմզենքի հետ կապված խնդիրն էր):

Մաղթենք, որ սա ունենա իր շարունակությունը: Դրանից կշահեն բոլորը, այդ թվում և մենք՝ հայերս:

Հետևենք դեպքերի հետագա զարգացումներին:


РУССКАЯ ВЕРСИЯ


ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
2763 reads | 06.11.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com