THE NEW YORK TIMES-Ը՝ ԱԼԻԵՎԻ «ԵՐԿՈՒ ԵՐԵՍՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

Ամերիկյան The New York Times պարբերականը հանդես է եկել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանությունը քննադատող ծավալուն հոդվածով, որը հայերեն թարգմանել է Mediamax-ը:


«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վարպետորեն խաղում է քաղաքական Ջեքիլին և Հայդին: Բաքվում ԱՄՆ դեսպանն իր հաղորդագրություններում, որոնք բացահայտվեցին WikiLeaks-ի միջոցով, նկարագրում է նրան որպես Մայքլ Կորլեոնե և Սանի Կորլեոնե՝ համեմատելով մաֆիայի մասին պատմող «Կնքահայր» ֆիլմի՝ սառնասիրտ հաշվարկով և դաժանությամբ հայտնի հերոս եղբայրների հետ: Պարոն Ալիևն Արևմուտքի կողմից հիացմունքի արժանի «արևմտամետ է». նա  հարգալից է, լավ հագնված և խոսում է անգլերեն, նա պատրաստ է ուղարկել իր երկրի նավթի և գազի պաշարները Եվրոպա և Իսրայել, նրա իսլամական հայացքները հավասարակշիռ են և ժամանակակից, նա հյուրընկալում է միջազգային միջոցառումներ, ինչպես, օրինակ, 2012 թ-ի Եվրատեսիլը  և այս տարվա հունիսին կայանալիք Եվրոպական խաղերը:  

Սակայն նա չափազանց կոռումպացված է, իսկ իր կողմից ղեկավարվող ավտորիտար ռեժիմն աշխարհում ամենավատ համբավն ունի մարդու իրավունքների ոտնահարման առումով»:

Ամերիկյան պարբերականը հիշատակում է Ադրբեջանում դեռևս նախորդ տարի անկախ մամուլի և ոչ կառավարական կազմակերպությունների դեմ սկսած արշավի մասին, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի խուզարկությունը և ռադիոկայանի աշխատակիցների ձերբակալությունն ու հարցաքննությունը, «Ազատության» լրագրող Հադիջա Իսմայիլովայի դեմ սկսած հետաքննությունը, իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների դեմ մեղադրանքները և այլն:

«Պարոն Ալիևը, իհարկե, միակ բռնապետը չէ, ում հմուտ քաղաքականությունն ու բնական պաշարների նկատմամբ վերահսկողությունը ստիպում են ամերիկյան և եվրոպական քաղաքական գործիչներին բախվել, ինչպես WikiLeaks-ն էր նշել, «ԱՄՆ շահերի և ԱՄՆ արժեքների միջև սկզբունքային ընտրության հետ»: Նրա հայրը՝ Հեյդար Ալիևը, իշխել է Ադրբեջանում 1969-ից մինչ մահը՝ 2003թ., նախ որպես խորհրդային առաջնորդ, ապա՝ որպես նախագահ: Որդին, ով նախագահ է ընտրվել հոր մահվանը հաջորդած և կասկած հարուցող երեք ընտրությունների արդյունքում, անշեղորեն ստեղծում է հոր անձի պաշտամունքը»,- ասվում է խմբագրականում:    

Հեղինակները նշում են, որ, թեև Իլհամ Ալիևը զարգացնում է հարաբերությունները Արևմուտքի հետ, այնուամենայնիվ, նա համոզված է, որ իր երկրում գործող միջազգային կազմակերպությունները, այդ թվում «Ազատություն» ռադիոկայանը, արևմտյան լրտեսներ են, որոնց միջոցով Արևմուտքը իբր թե փորձում է ազատվել Ալիևից:

«Արևմուտքը պետք է հասկանա, որ բռնապետ պարոն Ալիևը իրական պարոն Ալիևն է: Մինչ նա խստացնում է իր արշավը քաղաքական ընդդիմախոսների և ազատության դրսևորումների դեմ, Միացյալ Նահանգները և Եվրոպան պետք է այսուհետ հստակեցնեն, որ անկախ այն փաստից, որ ստիպված են բիզնես վարել Ադրբեջանի հետ, այնուամենայնիվ, Արևմուտքը պատրանքներ չունի, թե ով է նա և որ նա վնաս է հասցնում սեփական երկրին»,- եզրափակում են հեղինակները:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
558 reads | 12.01.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com