ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ. ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԷԼԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՄՕՏԱԼՈՒՏ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ...
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր

 






Իրանի յետխաթամիական ժամանակաշրջանում հրապարակ իջած ահմադինեժադական 8-ամեայ արտաքին քաղաքական կուրսը թէեւ ընդհանուր սկզբունքների ու ռազմավարական-նպատակային առումներով անփոփոխ, բայցեւայսպէս՝ մարտավարական-վարքագծային առումներով փոփոխութիւն կրեց՝ խիստ յարձակողապաշտ-ագրեսիւ դրսեւորումներով....

Արդիւնքում.
ա- ԱՄՆ-Արեւմուտքի կողմից (մասնաւորապէս եւրոպական երկրներ) եւ յատկապէս Իսրայէլի դրդմամբ՝ խիստ մեկուսացման դիրք որդեգրւեց Իրանի նկատմամբ,

բ- Միեւնոյն մեկուսացման քաղաքականութեան արդիւնքում՝ Իրանի ազգային-պետական շահերը խարխլող ծանրակշիռ քաղաքական եւ տնտեսա-առեւտրային ու յատկապէս տեխնոլոգիական պատժամիջոցների կիրառում՝ կապւած միջուկային թղթածրարին...

գ- Մինչ այդ տարածաշրջանում բաւականին հեղինակութիւն վայելող ներկայութեան եւ ազդեցիկութեան փոխարինումը՝ բացակայութեամբ եւ արաբական ու մասնաւորապէս Պարսից ծոցի երկրների կողմից անտեսմամբ ու լոկ Սիրիայի ու Լիբանանի «Հեզբօլլահ»-ի նեցուկը վայելող «Շիի Իրանի վտանգի» բարձրաձայնում՝ նոյն երկրների կողմից,

դ- Եւ գլխաւորը՝ Իրանի բացակայութեան հետեւանքով՝ պատեհապաշտ Թուրքիայի նոյն տարածաշրջանի աշխարհա-քաղաքական ու ռազմական թատերաբեմում մխրճւելու եւ հակաիսրայէլական իմիտացիայով իսլամական «օրինակելի» երկիր-տարբերակի դերն ստանձնելու պատեհութեան ստեղծումը, ընդհուպ՝ նէոօսմանական յաւակնութիւնների «վերաիմաստաւորմամբ»...

... վերոգրեալների բնական թէ՛ արհեստական հետեւանքներին իբր հետեւանք՝ «Արաբական գարունները» եւ դրանցից բխող տարածաշրջանային եւ ինչու ոչ միջազգային խառնիճաղանճ գործընթացները բնականոն եւ անվտանգութեան ոլորտ վերադարձնելու միտումները թւում է, թէ այժմ, առաւել քան երբեւէ, տեսանելի են, իսկ դրանում ակներեւ է ռոհանիական Իրանի եւ մասնաւորապէս դրա արտաքին քաղաքական կուրսի դերակատարումն ու դրա հետ հաշւի նստելը:

Այս դերակատարմանը, սակայն, թէկուզ անուղղակի, բայց խիստ ընդդիմանում են տարածաշրջանային երկու երկրներ՝ Թուրքիան եւ մասնաւորապէս՝ Իսրայէլը: Զորօրինակ՝ սիրիական, ինչպէս եգիպտական տագնապների խաղաղեցման եւ միջամուխ երկրների միջեւ երկխօսութեան եզրեր ստեղծւելու հանգամանքից միակ դժգոհողները հանդիսանում են լոկ Թուրքիան եւ իր սահմաններից Սիրիա ներթափանցած վարձկան «Ալ Ղայիդական» տեռորիստները:

Կամ՝ Իրանի կողմից ԱՄՆ-Արեւմուտքի հետ երկխօսութեան վերադառնալու եւ մինչ այդ տարաձայնութիւնները մեղմելուն միտւած քայլերը միայն ու միայն Իսրայէլին են վրդովեցրել, որի ուղղութեամբ էլ արդէն իսկ գործի է լծել իր լաբբիստական ողջ ներուժը՝ հակաիրան տրամադրութիւնները ահմադինեժադական ժամանակաշրջանին համահունչ դարձնելու պատրանքով...

Ահաւասիկ, ռոհանիական ժամանակաշրջանի հէնց սկզբից նկատւող արտաքին քաղաքականութեան խելամիտ ու չափաւոր կուրսի եւ տարածաշրջանային ու միջազգային յարաբերութիւնների հաշւեկշռում դրական միտումների արդիւնքում՝ բացառւած չէ, որ մօտ ժամանակներս «վերականգնւի» թուրք-իսրայէլական լարախաղաց դաշինքը...
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
993 reads | 26.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com