ԹԵՀՐԱՆ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՆԱԽԱՄԵՐՁԵՑՄԱՆ ՓՈՒԼԸ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր





Ժնեւ 2-ը գումարել-խափանելու պարանաձգությունը շարունակվում է:
Առնչակից կողմերի քաղաքական հայտարարությունները կարող են ամփոփել այն մթնոլորտը, ուր փորձ է կատարվում ճշտելու երկրների մասնակցության հարցը:

Ճգնաժամային դիվանագիտության ժամանակավոր արդյունավորումը հանգեցրեց պատերազմական գործողությունների առկախման որոշմանը: Խորքում, դա այն ելքն էր, որ Մոսկվան հրամցրեց սահմանափակ, կարճաժամկետ, պատժիչ եւ դաստիարակիչ բնույթ ունեցող զինվորական հարվածի անխուսափելիություն հայտարարած Վաշինգտոնին:

Երեւացածը, իհարկե, ռուս-ամերիկյան համաձայնությունն էր, որ երկուստեք ծառայեց դիմափրկմանը (ֆեյս սեյվինկ): Չերեւացած, բայց ազդեցիկ բաժինը վերաբերում էր Թեհրանին: 

Չափավորական նախագահի ընտրությունը, Թեհրանից դեպի Վաշինգտոն և փոխադարձաբար նախանշանային փոխասացությունները խոսում են Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների նոր հարթության ձեւավորման մասին:

Իսկ եթե մտաբերենք սիրիական ճգնաժամի սկզբնավորության հայտարարված Մոսկվա-Թեհրան-Դամասկոս առանցքի կազմաքանդման մասին հնչած մոտեցումները, կտարվենք մտածելու այդ առանցքից Թեհրանի ցուցաբերած որոշ ճկունության, դեպի Արեւմուտք եւ դեպի ԱՄՆ ուղղած նշանների եւ փոխադարձ համապատասխան հակազդեցությունների մասին:

Եւ պատահական չէ, որ Օբամա-Ռոհանի նամակագրական եւ հեռաձայնային կապերից հետո օրակարգային թեմայի էր վերածվում Թեհրան-Վաշինգտոն թռիչքների վերսկսման հավանականությունը: 

Նույնպես այն, որ Թեհրանի քաղաքապետարանի որոշմամբ հակաամերիկյան կարգախոսերը կվերացվեին Թեհրանի կենտրոնական փողոցներից։ 

Կամ բանակցություններ կսկսվեին Լոնդոն-Թեհրան դիվանագիտական հարաբերությունների վերաբնականոնացման նպատակով:

Թեհրան-Արեւմուտք մերձեցման մասին խոսելը թվում է թե վաղ է. այսուհանդերձ չի կարելի անտեսել այն զարգացումները, որոնք հրապարակային բնույթ ունեն եւ կարող են տարածաշրջանում վերահաշվարկումների դուռ բացել:

Թվում է, թե նախամերձեցման այս փուլը անհանգստացրել է Անկարային, որին դերակատարություն էր վերապահվել Մոսկվա-Թեհրան-Դամասկոս ռազմավարական գծի դիմաց հակաառանցքային դեր վերցնելու: Ռուս-ամերիկյան թեկուզ ժամանակավոր համաձայնությունն ու մանավանդ Թեհրանի ցուցաբերած որոշակի ճկունությունը Անկարայի դերի աստիճանի նվազում ենթադրող երեւույթներ են:

Ամերիկյան մամուլն արդեն արտահայտվում է այս մասին. ավելի մասնակիորեն՝ Թուրքիայի առնվազն ոչ նախկին դերակատարությունը լույսի բերելով: ՆԱՏՕ-ի պաշտոնատարներն Անկարայի դերակատարությունը խնդրո առարկա են դարձնում՝ հարց տալով, թե ծայրահեղ իսլամականությանը զորակցելով Թուրքիան ի՞նչ դեր է փորձում վերապահել իրեն:

Կտրուկ շրջադարձեր չեն գրանցվել տակավին. եւ սա քաղաքականորեն հասկանալի է իհարկե: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը շարունակում է շեշտել, որ պատերազմի արհավիրքի վերացումը չի պայմանավորվում քիմիական զինաթափումով: 

Մինչ Մոսկվան իր դիրքորոշումը հստակեցնում է, որ նախագահականի հրաժարականով չի պայանավորվում Ժնեւ 2-ի կայացումը:

Ռուս-ամերիկյան այս պայմանականությունների բարձրաձայնումը կարող է զուտ հայտարարողական բնույթ ունենալ: Փաստը մնում է փաստ, որ զինվորական գործողությունները շարունակում են մնալ առկախված: Մինչ դիվանագիտությունը աշխատում է նոր համաձայնությունների հանգելու համար:

Իրանյան գործոնի հետ հաշվի նստելու, Թեհրան-Արեւմուտք նոր էջ բացելու միտող երեւույթների դիմաց վերահաշվարկներ կատարելու իրականությունները կմղեն մտածելու Անկարայի դերի նվազեցման մասին:

Մինչ այդ, սակայն, միջազգային ընտանիքը պիտի նկատի եւ համապատասխան դիրքորոշում ունենա Անկարայի կողմից զինվող եւ ֆինանսավորվող ծայրահեղ տարրերի նկատմամբ, որոնց համար նա սովոր է օգտագործել «միջազգային ահաբեկիչներ» եզրը:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1027 reads | 05.11.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com