ՍՊԱՍԵԼ ԵՐԿՐՈՐԴ «ԹԵ՛»-ԻՆ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր





Մաքսային միության մաս կազմելու Երեւանի պաշտոնական համաձայնությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձի համազոր երեւույթ չի նկատվում, երբ հաշվի ենք առնում Ռուսաստանի հետ Հայաստանի հատուկ ռազմավարական գործընկերությունը, մեր երկրի երկկողմանիորեն շրջափակված լինելը եւ տասնամյակների ընթացքում ուժանյութի, կապի, հաղորդակցության եւ մանավանդ ռազմական ոլորտներում Մոսկվայի հետ Երեւանի կնքած պայմանագրային համաձայնությունների չափերն ու տարողությունները:

Միաժամանակ պետք է արձանագրել նաեւ, որ ռազմավարական հատուկ գործընկերոջից ակնկալված դրսեւորումներով չէ, որ հատկանշվում էր Մոսկվայի պահվածքը Երեւանի նկատմամբ: Միայն վերջին փաստը, իր գործընկերը շրջափակած եւ անվերջ թշնամանքի ու պատերազմ վերսկսելու հռետորաբանությամբ հանդես եկող Բաքվին նույն Մոսկվան տրամադրեց հսկայական տարողությամբ եւ գերարհեստագիտությամբ հագեցած զինուժ:
Այստեղ տարատեսակ էին մեկնաբանությունները. քաղաքագետները ռուս-ադրբեջանական նորագույն գործարքը նկատում էին սպառնալիք Երեւանի` Եւրամիության հետ իր հարաբերությունները հավասարակշռելու եւ շատ արագ չվազելու այդ ուղղությամբ: Իսկ պաշտոնական Երեւանը ամեն առիթի փորձում էր ցույց տալ, թե այդ գործարքը որեւէ ձեւով խնդրո առարկա չի դարձնում հայ-ռուսական հարաբերությունները:

Այս երկվությունը բացատրող բանաձեւը «թե՛, թե»՛ փոխան «կա՛մ, կա՛մ»-ի կարգախոսով շրջանառության մեջ էր մտել քաղաքական ելույթներում եւ հրապարակումներում: Իսկ «թե՛, թե՛»-ն արդեն նշանակում էր, որ Երեւանը պիտի համաձայներ մտնել թե՛ մաքսային միության մեջ եւ թե՛ ստորագրեր Եւրամիության ասոցացման փաստաթուղթը: «Թե՛»- ի առաջին բաժինը իրականացած է արդեն: Եթե Երեւանը մերժեր մաս կազմել մաքսային միության համաձայնությանը, այդ դեպքում էր որ, «կա՛մ, կա՛մ»-ի տրամաբանությունը պիտի աշխատեր:

Եթե երկրորդ «թե»-ն չարձանագրվի, արդարացված կլինեն այն բոլոր խիստ քննադատությունները, որոնց համաձայն՝ ՀՀ-ն կտրուկ շրջադարձ է կատարել իր արտաքին քաղաքականության առաջնային օրակարգով ամրագրված դեպի Եւրոպա ինտեգրման քայլեր իրականացնելու առաջադրանքից:

Քաղաքական իրատեսությունը հարցման կարգով հուշում է, որ Երեւանը ունե՞ր քաղաքական շռայլությունը մերժելու մաքսային միության անդամակցությունը: Այստեղ սակայն պետք է հարգվեր որոշման միանձնյա բնույթ տված չլինելու սկզբունքը: Քաղաքական շրջանակների հետ հրապարակային խորհրդակցությունները, բացատրողականները, փոխլրացուցիչ քաղաքականություն կիրարկելու մոտեցումները պետք է դառնային հասարակության սեփականությունը: Ի վերջո, սրանք երկրի համար ճակատագրական ուղղություններ ճշտելու պահեր են, որոնց մասին նախապես տեղեկացումը շարունակում է քաղաքական մշակույթի մաս չկազմել մեր երկրում: Հանկարծակիության գործոնը ինքն իրեն կրկնում է, երբ մտաբերենք հայ-թուրքական հարաբերություններին նոր մղում տվող հաղորդագրության հանկարծակի հրապարակումը:

Վիլնյուսի հանդիպումը սարերի հետևում չէ։ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը պարզ դարձրեց, որ Հայաստանի համար օրակարգային կետ է մնում Եւրամիության հետ ասոցացման քաղաքականության իրականացումը: Մինչ, Եւրամիության ղեկավարությունը հաստատեց, որ Եւրամիության առեւտրի եւ մաքսային միությունները անհամատեղելի են՝ միաժամանակ բացատրություն պահանջելով Երեւանից իր կատարած վերջին քայլի ուղղությամբ: Իսկ Եվրոպական Հանձնաժողովը պաշտոնական կայքում հրապարակել է հայտարարություն, որտեղ, հաշվի առնելով Հայաստանի կայացրած որոշումը, համատեղելի է որակել ԵՄ հետ ազատ առևտրի գոտում ներգրավելն ու ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցությունը:

Եւրամիության հետ ասոցացման փաստաթուղթը հազար էջից ավել է, որի մեկ բաժինն է միայն առեւտրային միությունը: Չի բացառվում, որ Երեւանը նախաստորագրի այդ փաստաթղթի ոչ առեւտրային բաժինը, որ իր հերթին Եւրամիության հետ ինտեգրման քաղաքականության ընթացքը թեեւ որոշ դանդաղեցմամբ, այսուհանդերձ ի զորու կպահի: Ի վերջո Եւրոպան եւս կովկասյան տարածաշրջանի մեջ գործընկերների կարիք ունի, մանավանդ երբ նկատի ունենանք, որ Հարավային Կովկասի մեջ Երեւանն էր ամենապատրաստը իբրեւ թեկնածու այդ փաստաթղթի ստորագրմանը: 

«Թե՛, թե՜»-ն պետք է աշխատի Երեւանի համար: Եւրամիության գերհզոր տերությունը այսօր Գերմանիան է: Գերմանիան է, որ եղանակ է ճշտում Եւրոպայի տնտեսական հարցերին, առեւտրի միության ձեւավորմանը, ասոցացումներին եւ Եւրամիության ազդեցության գոտու զարգացման եւ գործընկերությունների հաստատման ընդհանուր ուղղություններում: Թվում է, որ Երեւանը որոշում է իր դիվանագիտական ներկայությունը աշխուժացնել Գերմանիայում` Եւրամիության հետ ինտեգրման քաղաքականությանը թափ տալու եւ առհասարակ «թե՛, թե՛»-ի փոխլրացման հիմունքով ընթանալու համար` իբրեւ կարեւոր բաղադրիչ իր արտաքին քաղաքականությանը:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1197 reads | 06.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com