ՍԻՐԻԱՅԻ ՊԱՏԵՐԱ՞ԶՄԸ, ԹԵ՞ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ. Ի՞ՆՉ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ
![]() Սիրիայի պատերազմի, կամ ավելի ճիշտ` Սիրիայի համար պատերազմի, բուն պատճառը պետք է փնտրել տարածաշրջանի ֆինանսական և ռազմավարական խոշոր շահերի բախման մեջ: Նավթային հայտնի պաշարների պակասելու և նոր որոնումներ իրականացնելու աճող ծախսերի հետևանքով, 21-րդ դարը, ոմանք ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ դար են անվանում: 2009 թ.-ի ձմռանը ռուս-ուկրաինական անհամաձայնության և սուր բանավեճի հետևանքով, բնական գազի հոսքը դեպի Եվրոպա դադարեց և նրա մի խոշոր հատվածը ցրտի մատնվեց: Զգալով Ռուսաստանից բնական գազի ներածելու ռիսկերը՝ եվրոպական երկրները, անմիջապես, սկսեցին այլընտրանքային աղբյուրների որոնումը: «Նաբուկո» եւ «Հարավային միջանցքի» ադրբեջանական գազի Եվրոպա փոխադրելու գազատարների նախագծերը, թեև հենց այդ ահազանգի արդյունքն էր, սակայն ադրբեջանական պաշարների սահմանափակ լինելն ու ![]() «Իսլամական գազամուղ» 2011թ.- ի ամռանը Իրանի, Իրաքի եւ Սիրիայի միջև ստորագրվեց տարեկան 40 մլրդ խորանարդ մետր տարողությամբ բնական գազ տեղափոխող` «Իսլամական գազամուղի» կառուցման համաձայնագիրը, որի միջոցով իրանական գազը պիտի հասներ Լիբանան ու Միջերկրականի ափ և այնտեղից` Հունաստան ու եւրոպական այլ երկրներ: Մասնագետների համոզմամբ՝ շուրջ 16 տրիլիոն խորանարդ մետր գազի ահռելի այդ պաշարը, կբավարարի եվրոպական երկրների առաջիկա 100-150 տարիների կարիքները: Նման մի նախագծի իրականացումը, միջազգային էներգետիկ շուկայում, կթուլացներ Կատարի եւ Սաուդյան Արաբիայի դիրքերը: Հետևաբար, գազի մեծ պաշարների տեր և Իրանի անմիջական մրցակից Կատարը, Սաուդյան Արաբիայի հետ միասին, լայնամասշտաբ դիվանագիտական, ֆինանսական եւ ռազմական աջակցություն ցուցաբերեցին Սիրիայի վարչակարգի դեմ կռվող զինյալ ապստամբներին: Սաուդյան Արաբիան համոզված է, որ գազամուղի իրանական տարբերակի իրականացումը, Իրանի միջուկային ծրագրի լրացուիցիչ մասն է՝ տարածաշրջանում նրա հեգեմոնիկ հավակնությունները հաստատելու համար: Այլընտրանքային գազամուղ ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող մի այլ գազամուղի ծրագիր, Կատարի բնական գազը, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Սիրիայի տարածքով հասցնելու է Լիբանան և Իսրայել եւ Թուրքիայի տարածքով՝ Միջերկրական ծովի ափ եւ այնուհետ Եվրոպա: Այլընտրանքային այս խողովակաշարը, ըստ նախագծի, Սիրիայի Հոմս քաղաքում բաժանվելու է երեք մասի, առաջինը ուղղվելու է Լիբանան, երկրորդը՝ սիրիական Տարտուս նավահանգիստ և երրորդը` Թուրքիայի Միջերկրական ծովի ափ ու Եվրոպա: Առաջարկվող գազամուղի ուղղությունը ամբողջովին բացահայտում է, անցյալ ամիսների սիրիական Հոմս և Ալ-Ղուսեյր քաղաքաներին տիրապետելու կատաղի մարտերի նշանակությունը, որն ավարտվեց Սիրիայի կենտրոնական իշխանության ռազմական հաջողությամբ: Արժի հիշել նաև, որ այդ աննախադեպ և սաստիկ պատերազմի նախօրեին, հազարավոր, նախապես մարզված և կռված կալանավոր, ծայրահեղ սուննի իսլամիստներ տարածաշրջանի վեց երկների՝ Պակիստանի, Աֆղանստանի, Սաուդյան Արաբիայի, Եմենի, Իրաքի և Սոմալիի բանտերից «փախուստի դիմելով» միացան սիրիական ապստամբների ծայրահեղ հատվածին, որին հաջորդեց իրանամետ Հիզբալլահ շարժման մարտական ուժերի բացահայտ մասնակցությունը սիրիական պատերազմին` զորակցելով կենտրոնական իշխանության: ![]() Գազամուղի իրանական տարբերակը, Թուրքիային զրկում է, տարանցիկ փոխադրման հսկայական եկամուտներից, մինչ երկրորդ գազամուղը, ոչ միայն Թուրքիային էներգետիկ առումով կախված չի պահում Իրանից, այլև տասնյակ տարիների համար ֆինանսական մեծ շահ է ապահովում տարանցիկ ծառայության համար, հետևաբար՝ Թուրքիան ամեն ճիգ գործադրում է Բաշար Ալ-Ասադի իշխանությունը տապալելու համար: Թունիսի, Լիբիայի և Եգիպտոսի արագ իշխանափոխությունների օրինակներին խաբվելով, Թուրքիան ակնկալում էր նաևՍիրիայի իշխանության արագ տապալումը: Սիրիայի սուննի "Ախվան եղբայների” վրա իր ազդեցությունը տարածելով, Թուրքիան երազում է իրականացնել իր "Նոր Օտոմանյան” երևակայական ծրագիրը, որի ջատագովն է վարչապետ Էրդողանը և իր արտգործնախարար` Դավութօղլուն: Վերջին չորս տասնամյակներում Հայաստանամերձ Սփյուռքի հայկական համայնքները քայքայելու թաքուն հակահայ քաղաքականության կողքին, Թուրքիան ենթադրում է, որ տապալելով Սիրիայի ալեվի իշխանությունը, կտկարացնի նաև Թուրքիայի ավելի քան քսան միլիոնի հասնող թուրք և արաբ ալեվիների ինքնուրույնության ձգտող շարժումները, թեև երկու երկրների ալեվիները ունեն դավանանքային տարբերություններ, սակայն նրանք գիտակցում են թուրք սուննի վերնախավի խորամանկորեն իրականացվող հետին նկտումները: Իսկ ներկա պահին Թուրքիայի անվտանգության համար ամենակարևորը, Սիրիայում գործող, Քրդական բանվորական կուսակցությանը՝ (ՔԲԿ-PKK), հարող Քուրդիստանի դեմոկրատական միությանը (ՓԴՄ-PYD) հակակշռելն ու նվազագույն կորուստներով քայքայելն է, որը իրականացնում է` զինելով և ֆինանսավորելով սելեֆի և ջիհադիստ սուննի ծայրահեղականներին: Սիրիայում ՔԲԿ-ի (PKK) համակիր քրդերին տկարացնելուն զուգահեռ՝ Իրաքի քրդական կիսանկախ իշխանության վերնախավին նեցակցելով, Թուրքիան փորձում է քրդական հարցը վերածել ներքրդական խնդրի՝ քրդերին զսպել քրդերի միջոցով, նավթի արտահանմամբ աստղաբաշխական շահեր ապահովելով Հյուսիսային Իրաքի քրդական կիսանկախ իշխանության վերնախավին: Մինչ այդ, Թուրքիայի տարածաշրջանային ամենամեծ ձախողությունը, Եգիպտոսի իսլամ եղբայրների` "ախվանական” իշխանության տապալումն էր: "Ախվանական” իշխանության պարագլուխներին պաշտպանելն ու Եգիպտոսի նոր իշխանությունների դեմ Թուրքիայի մեծամտական ու վարկաբեկիչ հայտարարությունները սրել են ոչ միայն այդ երկու պետությունների հարաբերությունները, այլ նաև Սիրիական տագնապում Թուրքիայի դաշնակից` Սաուդյան Արաբիայի իշխանության հետ, որը հակադրված լինելով "ախվանական” շարժմանը ամբողջովին զորակցում է Եգիպտոսի նոր իշխանությանը: Թուրքիայի արտաքին քաղաքականության հերթական անհաջողությունները, տկարացրել են իշխող կուսակցության և վարչապետ Էրդողանի դիրքերը, ու թեև նրա կուսակցությունը շարունակում է մնալ առաջատար ուժը, սակայն երկրում տարաբնույթ բողոքները ամեն առիթով վերածվում են աննախադեպ զանգվածային ցույցերի: ![]() Աֆղանստանի և Իրաքի պատերազմներից հոգնած ԱՄՆ-ն, ամեն ճիգ ի գործ է դնում՝ չմխրճվելու մի նոր պատերազմում: Դիտորդների գնահատմամբ՝ ԱՄՆ- ն, առնվազն ներկա դրությամբ, չի ընդառաջում Թուրքիայի, Կատարի և Սաուդյան Արաբիայի ցանկությանը՝ ռազմական միջոցով իրականացնել Սիրիայի իշխանության տապալումը, այլ Իսրայելի անվտանգությունը տարածաշրջանում գլխավոր նպատակ համարելով, շարունակում է սիրիական տագնապի երկու կողմերի միջև ուժերի հավասարակշռություն ապահովել, նույն ժամանակ նրանց տկարացման և քայքայման առաջնորդելով: Կրոնական և դավանանքային գետնի վրա տեղի ունեցող մասսայական ոճիրները, ավելացնում են Սիրիայի, որպես ամբողջական պետություն` քայքայվելու հավանականությունը, ինչը նույնպես կարող է գոհունակությամբ ընդունվել պաշտոնական Թել Ավիվի կողմից: Արաբ-իսրայելյան հակամարտությունը, որ տասնամյակներ տարածաշրջանային գլխավոր հակադրվածությունն էր համարվում, արդեն իսկ իր տեղը զիջել է իրանամետ և Սաուդյան Արաբիային հարող` մուսուլմանական երկու հակադրված դավանանքների`շիիթների և սուննիների միջև առճակատմանը, ինչը ձեռնտու է Իսրայելին: Իսկ Սիրիային քիմիական զենքերից զրկելու քայլը, նույնպես և ամբողջությամբ համընկնում է նշված նպատակի իրականացմանը: Աղբյուրը՝ «Հայաստան» շաբաթաթերթ, Աթենք | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1915 reads | 19.09.2013
| |