ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՇԽՈՂ ԱԼԱՎԻԶՄԻ ԵՎ ՄԱՐՏՆՉՈՂ ԻՍԼԱՄԻԶՄԻ ՄԻՋԵՎ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Հիշողություն. Երբ բակի երեխաներով «կռիվ-կռիվ» էինք խաղում, «թշնամական» կողմն ինձ անվանում էր «ախպար»: Դա հետպատերազմյան, ժարգոնի տարածված արտահայտություններից էր, որը ծամոնի նման կպել էր 1947 թվականին ներգաղթած հայերին: Դժվարանում եմ ասել, այդ «ախպարն» էր ավելի գռեհիկ ու ականջ ծակող, քան այսօրվա բազարային «ապերոն», որն անվերջ օգտագործում են գրեթե բոլոր խավերի ներկայացուցիչները` հարուստ, թե աղքատ, ուսյալ, թե կիսագրագետ:

Խաղընկերներս ինձ «ախպար» էին կանչում իմ ծագման պատճառով, սակայն «ախպարները» 1927-ին Հայաստան ներգաղթած ծնողներս էին: Ես ծնվել եմ Երևանում:

Մորս պոլսահայ գերդաստանը հրաշքով կտրել-անցել էր Դեր-Զորը և հասել Հալեպ:

«Թուրքերը մեզ կոտորեցին, նրանք մուսուլման էին: Արաբներն էլ էին մուսուլման, բայց կիսեցին իրենց տանիքն ու հացը մեզ հետ,-ինքն իրեն, հաճախ կրկնում էր լուսահոգի տատս»:

Հանգուցյալ մորեղբայրս` շնորհալի դրամատուրգ Դավիթ Գազազյանը իր վավերագրական պատմվածքում (Изгнанники, Литературная Армения, 4, 1967 г.) նկարագրում է, թե ինչպիսի անմարդկային տանջանքներից հետո Հալեպ հասած նրանց ընտանիքը ապաստան է գտել արաբ Հաֆիզ Ֆահուրի տանը, թե ինչպես մահվան սպառնալիքի տակ այդ արաբը պաշտպանել է նրանց տեղի թուրք չինովնիկներից և կազմակերպել փախուստը Դամասկոս` փրկելով փաստորեն իրեն անծանոթ հայերի կյանքը:

Իրոք, հայերը մուսուլման սուննիների օգնությամբ, նրանց բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ ամրացան սիրիական հողում, ոտքի կանգնեցին, ստեղծեցին բարեկեցիկ կյանք, ծաղկուն համայնք:

Իհարկե, նրանք ոչնչի չէին հասնի, եթե չլինեին ծայրաստիճան աշխատասեր, նպատակասլաց, ազնիվ ու նվիրված: Նվիրված այն ժողովրդին, որն ընդունել էր իրենց և հնարավորություն ընձեռել գոյատևելու ու զարգանալու սիրիական հողի վրա:

Այդ ժամանակ արաբախոս սուննիները երկրի բնակչության մեծամասնությունն էին` 74%-ը: Եվ քանի որ մեր հայրենակիցների կրթական և ինտելեկտուալ մակարդակն ավելի բարձր էր, նրանք մի տեսակ գերակայություն ձեռք բերեցին արաբների նկատմամբ, և նրանց միջև ստեղծվեց հոգեբանական ասիմետրիա: Սակայն այդ անհավասարությունն ամենևին արգելք չհանդիսացավ սիրիահայերի առաջընթացի և բարգավաճման համար` ընդհակառակը, հարաբերական առումով հայկական փոքրամասնության և՛ կյանքի, և՛ կրթական-մշակութային մակարդակն ավելի բարձրացավ, քան տեղաբնակներինն էր:

Չմոռանանք, որ հայ-սուննիական հարաբերությունների արշալույսին արմատական իսլամն իր կործանարար բնույթով դեռևս ձևավորված քաղաքական կատեգորիա չէր, ոչ էլ ահաբեկչությունը սովորական երևույթ էր, ինչպես այսօր:

Հայկական փոքրամասնության և սուննի մուսուլմանների բարեկամությունը սկսեց մթագնել, երբ Սիրիայի առաջնորդ դարձավ ներկա նախագահ Բաշար Ասադի հայրը` Հաֆեզ Ասադը:

Տեղեկատվական. Հաֆեզ ալ Ասադը պատմության մեջ կմնա որպես արաբական աշխարհի լիդերներից մեկը, որին անվանում էին մերձավորարևելյան Բիսմարկ, նաև արաբական Ստալին:

Երեսուն տարի նա թավշե ձեռնոց հագած երկաթյա ձեռքով կառավարեց Սիրիան՝ ստեղծելով երրորդ աշխարհի հզոր, ինքնաբավ երկրներից մեկը, մարտունակ բանակով ու անվտանգության համակարգով: Ասադի օրոք գործում էին իրարից անկախ 15 հետախուզական և հակահետախուզական օրգաններ (մուխաբարաթ), որոնք աչալրջորեն ապահովում էին նախագահի մշտակեցությունն ու անդորրը:

Մոտ հարաբերություններ հաստատելով սկզբում ԽՍՀՄ-ի, այնուհետև Ռուսաստանի հետ, Հաֆեզ Ասադը դարձել էր Արևմուտքի և արաբական թագավորությունների աչքի փուշը: Սակայն նա կարողանում էր հմտորեն մանևրել երկու բլոկների միջև և պահել հավասարակշռություն Իսրայելի հետ:

Ուժը հարգվում է: Երբ 1982-ին սուննիների ընդերքում ծնված «Եղբայր մուսուլմանները» փորձեցին դեմ գնալ Ասադին, վերջինս հայտարարեց. «Ժամանակն է վճռել, կամ նրանք` մեզ, կամ մենք` նրանց»: Իհարկե, եղավ Ասադը` նրանց: Համա քաղաքը, որտեղ «Եղբայրների» շտաբ-բնակարանն էր, վերածվեց եղբայրական գերեզմանի. սպանվեց 20 հազար մարդ, այդ թվում 4 հազար երեխա, 800 հազար մարդ փախավ երկրից:

Ի դեպ, ամերիկացիները կախեցին Սադամ Հուսեինին Հալաբաջի գյուղի 5 հազար բնակիչ սպանելու համար: Իսկ ԱՄՆ-ի նախագահ Կարտերն աշխարհով մեկ հայտարարեց, թե Հաֆեզ Ասադը, որի ձեռքերին 20 հազարի արյունը կար, «փայլուն անձնավորություն է»: Նրա մասին գովեստով է խոսել Քիսինջերը:

Այսօր Հաֆեզ Ասադի որդին` Բաշար Ասադը հոր համեմատությամբ անմեղ պատանի է, սակայն ամերիկյան քարոզչական մեքենան նրան պատկերում է որպես արնախում մարդասպան:

Սա մեծ տերությունների քաղաքական դեմոկրատիայի և կրկնակի հաշվապահության դասական օրինակներից մեկն է միայն:

Հաֆեզ Ասադի իշխանության գալուց հետո Սիրիայի հայ համայնքն սկսեց աստիճանաբար հեռանալ սուննիներից, և իր անվերապահ հավատարմությունն ու նվիրվածությունը ցուցաբերեց Ասադին, որը սերում է ալավիների ազգային փոքրամասնությունից:

Տեղեկատվական: Ալավիզմը իսլամական շիա դավանանքի ճյուղավորումներից մեկն է: Ալավիները, որոնք կազմում են երկրի բնակչության 10-12 %-ը, չեն ընդունում մուսուլմանական պատվիրանները` նամազը, ուխտագնացությունը, ծոմը, թլպատումը: Փոխարենը հավատում են ոգու վերաբնակեցմանը, խոնարհվում են արևին, լուսնին ու աստղերին, նշում են քրիստոնեական տոները, կարդում են Աստվածաշունչ` հաղորդվելով սուրբ մարմնին և արյանը:

Իսկ ի՞նչ փոխվեց, երբ հայերը սուննիներին փոխարինեցին ալավիներով: Մեծ հաշվով, ոչինչ: Նրանք դարձյալ մնացին նույն օտարները: Իսկ մուսուլմանները նեղացան հայերից:

Վերջերս Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ ծանոթներիցս մեկը, որը խնդրեց չնշել անունը, նկատեց, որ հայերն իրենց սերն Ասադի և նրա ցեղակիցների հանդեպ շատ բուռն ու անմնացորդ արտահայտեցին, կամավոր կերպով իրենց ստորադասելով ալավիներին: Փոխարենը, ինչպես որ լինում է կյանքում, հայերին սկսեցին նայել վերևից, ինչն իրենց թույլ չէին տալիս մուսուլմանները: Ալավիները, ըստ մեր հայրենակցի, հայերի նկատմամբ ընտրեցին հարաբերությունների սյուզերեն-վասալ մոդելը: Հավանաբար, նա ճիշտ է:

Դժվար է հիմա ասել` հայերը ճի֊՞շտ վարվեցին արդյոք: Չմոռանանք միայն, թե ինչ փորձություններից հետո նրանք հասան Սիրիա, հոգեբանական ինչ վիճակում էին գտնվում, և թե ինչպիսի լուսապսակ էր շողշողում խարիզմատիկ Ասադ-նախագահի գլխավերևում:

Այդուհանդերձ, սիրիահայության ապագան ճիշտ կանխատեսելու համար, իմ կարծիքով, կարևոր է տեսնել այն ներքին զսպանակները, հասկանալ մոտիվները, որոնք դրդեցին նրանց հեռանալ մուսուլմաններից և մոտենալ ալավիներին: Վա՞խ՝ բարձրացող արմատական իսլամի դեմ հանդիման, ինքնապաշտպանական բնա՞զդ, քաղաքական հաշվա֊՞րկ:

Կարող են ինձ առարկել, թե հայերը Հաֆեզ Ասադին նվիրված լինելով հանդերձ, նրա օրոք չունեցան հաջողություններ Սիրիայի պետական-քաղաքական կյանքում: Ճիշտ է, չունեցան: Իսկ ընդհանրապես, ո՞ր երկրներում են ներգաղթողները հասնում իշխանական բարձունքների: Բացառություններ լինում են (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան): Կարո՞ղ եք հիշել խորհրդային պատմության ողջ ընթացքում թեկուզ մի դեպք, որ ներգաղթած հայը զբաղեցրած լինի պետական որևէ պաշտոն: Չեք կարող:

Իսկ որ սիրիահայերը ասադների տիրապետության տակ լավ պայմաններում էին ապրում, կասկածից վեր է:

Այդ իսկ պատճառով հայ համայնքը եղել է լոյալ, չեզոք դիրքորոշում ունեցող ազգային փոքրամասնություն: Սակայն պատերազմական իրավիճակում ռեժիմն, ըստ երևույթին, այնքան էլ գոհ չէ հայերի չեզոքությունից, իսկ մուսուլմանների համար այն հավասարազոր է թշնամանքի:

Հեղինակի արխիվից: Սիրիայի արաբական հանրապետության նախագահ Հաֆեզ ալ Ասադը ընդունեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին` Դամասկոսի իր նստավայրում: Ուղեկցում էին Սիրիայում ՀՀ դեսպան Լևոն Սարգսյանը և Լիբանանում ՀՀ դեսպան Արման Նավասարդյանը…

…Այնուհետև կողմերն անդրադարձան հայ-սիրիական հարաբերություններին: Երկու երկրների համագործակցության ներկա մակարդակի և զարգացման հնարավոր հեռանկարների քննարկումից հետո խոսվեց հայ համայնքի մասին: Ասադը բարձր գնահատեց հայերի ավանդը երկրի զարգացման գործում: Նախագահը հատկապես շեշտեց հայերի հավատարմությունն ու լոյալությունը սիրիական իշխանությունների նկատմամբ` նշելով, որ այն փոխադարձ է: Որպես իր խոսքերի ապացույց, Ասադը հայտնեց, որ իր անձնական խոհարարը հայ էր` Քեսապից: Եվ ափսոսանքով ավելացրեց, որ այդ «հրաշալի մարդը և իր գործի վարպետը» հեռացել է կյանքից:

Եզրակացություն: Սիրիայում քաղաքացիական պատերազմ է: Բոլորը կռվում են բոլոր դեմ: Դեպքերի հետագա զարգացման կապակցությամբ գոյություն ունեն տարբեր կարծիքներ, մեկնաբանություններ և կանխատեսումներ, երբեմն` իրարամերժ: Նույնը` նաև հայ համայնքի ապագայի վերաբերյալ, որն այսօր աստիճանաբար քայքայվում է:

Այդ կապակցությամբ ինձ ավելի հավանական է թվում հետևյալ կանխատեսումը, որը զրույցի ընթացքում ներկայացրեց Դամասկոսից Երևանում ժամանակավոր բնակություն հաստատած սիրիական բանակի պաշտոնաթող գեներալ Ավետիս Արսլանյանը: Ես այն շարադրում եմ ամբողջությամբ, առանց փոփոխության.

1. «Եթե Ասադի ռեժիմը տապալվի, արմատական մուսուլմաններն առանց աչք թարթելու կվերացնեն հայ համայնքը` իշխանությունների կողմը բռնելու, սուննիներին դավաճանելու, գործած և չգործած մեղքերի, պարզապես, քրիստոնյա լինելու համար: Նրանց, իհարկե, կօգնեն թուրքերը»:

2. «Եթե Ասադը չընկնի, ալավիները հայերից պահանջելու են կենդանի մնալու փրկագին, որը շատ բարձր է լինելու: Հայերը ֆիզիկապես, թերևս, չտուժեն, սակայն կընկնեն տնտեսական և հոգեբանական ահավոր ճնշման տակ: Բաշարը հայերի չեզոքությունը նրանց չի ների:


Երկու դեպքում էլ սիրիահայ համայնքը տուժելու է: Մերձավոր Արևելքի հայությունն ապագա չունի: Նա աշխարհի այդ մասում դատապարտված է»,- կարծում է գեներալը:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
3294 reads | 14.10.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com