ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԻԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԽՆԴԻՐ Է

Քանի որ Բարակ Օբաման և ԵՄ առաջնորդները հավաքվել էին և քննարկում էին աշխարհում տիրող վերջին զարգացումները, ապա նրանք պիտի տեսք ընդունեին, որ վճռական են տրամադրված: Իսկ իրականում Վլադիմիր Պուտինը կարծում է, որ նրանց մեջ տիրում է տարաձայնությունը և անվճռականությունը:

Ռուսաստանին հաջողվեց կուլ տալ Ղրիմը մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում, գրեթե առանց կրակոցի, իսկ հիմա Մոսկվան զորքեր է տեղակայել Ուկրաինայի արևելյան սահմաններին, և այն ամենը, ինչ Արևմուտքը առաջարկում է ուկրաինական բանակին, ամերիկյան չոր օրապահիկներն են:

Սակայն պատկերացումը, որ Պուտինը փայլուն հաղթանակ է տարել, կարող է խաբուսիկ լինել: Եթե Մոսկվան համարձակվի ներխուժել Արևելյան Ուկրաինա, այդ քայլը նրա համար կարող է աղետալի հետևանքներ ունենալ:

Ղրիմը վերցնելը ռուսական իշխանությունների կողմից ճարահատյալ քայլ էր, արձագանք ուկրաինական հեղափոխությանը, որը Կրեմլը ոչ կարողացավ կանգնեցնել, ոչ էլ հսկողության տակ առնել: Որպեսզի պատմության մեջ Պուտինը չմնար որպես թուլամորթ առաջնորդ, որը Սոչիում դիտում էր պարեր սառույցի վրա, երբ Ռուսաստանը «կորցնում»  էր Ուկրաինան, նա որոշեց շարժվել դեպի Ղրիմ:

Բայց Ղրիմի բռնակցումով Ռուսաստանը երաշխավորեց, որ վերջիվերջո նա կկորցնի Ուկրաինան: Արևմտյան ռազմական փորձագետները համոզված են, որ սկզբնական շրջանում ռուսական զինված ուժերը կայծակնային հաջողության կհասնեին ուկրաինական բանակի նկատմամբ, սակայն ոչ վաղ անցյալի պատմական փորձը  ցույց  է տալիս, որ  եթե  համաշխարհային տերությունները դիմում են ռազմական ինտերվենցիայի թշնամաբար տրամադրված տեղական  բնակչության հանդեպ, ապա նրանք համարյա միշտ երկարաժամկետ կտրվածքով  ռազմավարական  պարտություն  են կրում:

Դեպքերի նման զարգացման  պայմաններում մեծ է հավանականությունը, որ կառաջանան ընդդիմադիր շատ ուժեր,  որոնք լավ  զինված են, իրենց  տրամադրության տակ  ունեն սոցցանցեր,  բջջային կապ, որը զգալիորեն թեթևացնում է կազմակերպման գործընթացը: Եվ եթե ներքին  ընդվզումները ստանան դրսի աջակցությունը, ինչպես կատարվում է Աֆղանստանում, Սիրիայում և Իրաքում, ապա այն գրեթե անհնար կլինի ճնշել:

Այս պարագայում Մոսկվան կարող է նախընտրել ռազմական ուժ կիրառել ավելի փոքր թիրախների նկատմամբ, ինչպես օրինակ Մոլդովան է: Եթե նույնիսկ Պուտինը ներկա պայմաններում չի ծրագրում մտնել Արևմտյան Ուկրաինա, ապա տնտեսական և քաղաքական  պատերազմը  կարող է իրադարձությունների հունը այնպես փոխել, որը վերջնական արդյունքում կբերի զինված հակամարտության:

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
730 reads | 26.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com