ՕԲԱՄԱՆ ԻՐ ԼԱՐԱԾ ԹԱԿԱՐԴՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Պետական գործչի, հատկապես երկրի ղեկավարի կարևոր հատկանիշներից մեկն իր խոսքը հարգելն է և տված խոստումը ժամանակին ու ճիշտ կատարելը:

Օբամայի նախագահության երկրորդ շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ լիդերության այս կարևոր նախապայմանները նրա մոտ, մեղմ ասած, կաղում են:

Օբամային պակասում է նաև արագ և աներեր գործելու վճռականությունը, որով աչքի էր ընկնում Բուշ-կրտսերը:

Ներկա նախագահի բնավորության այս գծերն ավելի ցայտուն ի հայտ եկան վերջին շաբաթվա իրադարձությունների ֆոնին, երբ դրությունը Սիրիայում և նրա շուրջն այն աստիճան լարվեց, որից այն կողմ կոնֆլիկտի բոլոր մասնակիցների գործողությունները դառնում են անկանխատեսելի ու անկառավարելի:

Անգամ քաղաքականությունից հեռու մեր հայրենակիցները` մոռանալով առօրյա խնդիրներն ու հոգսերը, վախեցած հարցնում էին իրար` «իսկապե՞ս, հինգշաբթի գիշեր կռիվն սկսվելու է»:

Փառք Տիրոջը, որ չսկսվեց: Սակայն արդյո՞ք չի սկսվելու, և Օբաման կկարողանա՞ արդյոք խուսափել ռազմական բախումից, որքան էլ խաղաղասեր լինի իր նախորդի համեմատությամբ:

Չի կարող: Որովհետև նա պարզապես խճճվել է իր հայտարարությունների ու քայլերի մեջ, ավելին` հայտնվել է քաղաքական որոգայթում:

Օբաման ինքն է սահմանել չարաբաստիկ «կարմիր գիծը», որը խախտելու դեպքում սիրիական վարչակարգը պետք է հեռանա: Նա է հայտարարել, որ Սիրիայում քիմիական զենքի առկայությունը սպառնում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը, ինքն է ի սկզբանե կանխագուշակել, որ կառավարական զորքերը քիմիական զենքով 2013-ի օգոստոսի 21-ին սպանել են 1300 անմեղ մարդկանց, և որ Ամերիկան` դեմոկրատիայի և մարդու իրավունքների այդ անառիկ միջնաբերդը, չի կարող հանդուրժել նման բարբարոսությունը: Ուրեմն, Ասադը պետք է պատժվի և վերջ: Վիճակը գցված է:

Իսկ Ամերիկայի նման երկրի նախագահը պետք է հարգի իր խոսքը: Հակառակ դեպքում նա իր թիմով հանդերձ կանվանարկվի ողջ աշխարհով մեկ, կկորցնի հեղինակությունը, կարող է անգամ դիտվել ոչ լեգիտիմ: Իսկ առջևում նա դեռ երեք տարի ունի` իր հսկայական ծրագրերով ու պլաններով:

Լավ հասկանալով պատասխանատվության բեռի ահռելի ծանրությունը՝ Օբաման Սպիտակ տան Վարդագույն այգում հայտարարեց. «Ես որոշում եմ կայացրել Սիրիայի դեմ կիրառել ռազմական ուժ»: Այնուհետև նա «ուրախացրեց» միջազգային հանրությանը, թե ռազմական գործողությունները կարող է սկսել ամեն պահի` կամ վաղը, կամ մեկ ամիս հետո: Հետո կրկին ու կրկին հանգստացրեց մարդկանց, որ հարվածը լինելու է սահմանափակ` ըստ մասշտաբների և ժամանակի, այլ կերպ ասած՝ ամերիկյան ինտերվենցիա, այսինքն՝ ցամաքային ուժերի ներխուժում Սիրիա չի լինելու: Շնորհակալ լինենք գոնե այդ «հումանիտար» ժեստի համար, բայց թե ինչպես է կատարվելու հրթիռային հարվածների զոհերի, այդ թվում հայերի շրջանում հաշվարկը, ինձ համար մնում է հանելուկ:

Ապացուցելու համար, որ Ամերիկան դեմոկրատիայի երկիր է, իսկ ավելի շուտ պատասխանատվությունը կիսելու հույսով, Օբաման հիշյալ ելույթում նշեց, որ հարձակվել կարող է միայն Կոնգրեսի հավանության դեպքում:

Իսկ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կանդրադառնա հարցի քննարկմանը սեպտեմբերի 9-ից ոչ շուտ: Բացի այդ, սիրիական կամպանիայի հաշվով Կոնգրեսում միասնական կարծիք գոյություն չունի: Կոնգրեսականները ստիպված են հաշվի նստել ընտրողների կամքի հետ, որոնց ընդամենը 20%-ն է համաձայն կռվել ինչ-որ Ասադի դեմ ինչ-որ իսլամիստների համար: Նրանց հիշողության մեջ թարմ են, եթե ոչ Վիետամում, ապա Աֆղանստանում ու Իրաքում ընկած երիտասարդ ամերիկացիների հիշատակը` հաստատ: Նրանց տառապանքը դառը փորձ ունի:

Այսպիսով, Օբաման դեռ կարող է ձգել հարվածի X ժամը, քանի դեռ չկա նաև ՄԱԿ-ի փորձագետների հետազոտության վերջնական պատկերը, որը Պան Գի Մունի խոսքերով, պատրաստ կլինի երկու շաբաթ հետո միայն: Սակայն դա էական չէ, քանի որ բոլոր դեպքերում Սիրիային հարվածելու հարցը լուծված է:

Օբաման հակված է մտածելու, որ ոչ մի արգելքի առաջ Վաշինգտոնը չի կանգնի: Բայց սա ավելի շուտ դիվանագիտական ֆինտ է ներքին և արտաքին օգտագործման համար:

Ինչպե՞ս կարող է նա, օրինակ, անտեսել իր հավատարիմ գործընկերոջ` Անգլիայի հրաժարվելը սիրիական էքսպեդիցիային մասնակցելուց: Լսված բա՞ն է՝ Ամերիկայի արտաքին ագրեսիա առանց Ալբիոնի:

Իսկ ինչու՞ միայն Դեվիդ Կեմերոնը: Օբամայի ոտքի տակ բանանի կեղև դրեցին նրա մյուս գրեթե բոլոր եվրոպական դաշնակիցները, բացի Ֆրանսիայից:

Այդ Ֆրանսուա Հոլանդի երակներում, ըստ երևույթին, սկսել է խաղալ գալլական աքաղաղի արյունը, որը կոչ է անում նետվել մարտի` հանուն ազգային քաղաքակրթության և արժեքների պահպանման: Հոլանդը հավանաբար աչքաթող է անում, որ իր արևաշող Ֆրանսիան այսօր լրջորեն վտանգված է նույն աֆրո-արաբական արմատականների կողմից, որոնց նա օգնության ձեռք է մեկնում Սիրիայում:

Սպասենք դեպքերի զարգացմանը:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
2452 reads | 02.09.2013
|
avatar

avatar
1
Պրն. Նավասարդյան, իսկպաես կարծում եք, որ ՄԱԿ-ի փորձագետների վերջնական պատկերն անհրաժեշտ է ԱՄՆ-ին-պատերազմ սկսելու կամ չսկսելու համար: Չէ?որ դեռևս մարդկանց հիշողությունից չի ջնջվել Իրաքում քիմիական զենք չգտնելու փաստը ևն

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com