ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ=ԹՈՒՐՔԻԱ +ԱԴՐԲԵՋԱՆ -ՀԱՅԱՍՏԱ՞Ն
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Դժվար է պատկերացնել ավելի քաղաքականացված ազգ, քան մենք ենք: Շարքային եվրոպացին կամ ամերիկացին կարող է չիմանալ, օրինակ, թե ով ով է իրենց կառավարությունում, և ընդհանրապես չհետաքրքրվել աշխարհի անցուդարձով: Մենք` ոչ: Մեծից փոքր պետք է իմանանք` ու՞ր գնաց նախագահը, ի՞նչ արեց և ինչպե՞ս արեց: Տեսախցիկի առաջ քնա՞ծ էր, թե ՞արթուն: ![]() ա/ չենք ունեցել պետականություն ու դիվանագիտություն, իսկ ինչը նոր է, գրավիչ է, բ/ հանրապետության ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, աճող արտագաղթը, կոռուպցիան և կյանքի բոլոր բնագավառների մոնոպոլիզացիան հուսալքում է մարդկանց, պատճառում ֆրուստրացիա, որին հաջորդում է սուբլիմացիան (ուշադրության և գործունեության շեղում դեպի այլ առարկա, այլ բնագավառ): Ի դեպ, ինչպես բոլոր երկրներում, դրան օգնում են իշխանությունները, որպեսզի մարդիկ չսևեռվեն կյանքի դժվարությունների վրա: Այդպես իշխանությունների համար ավելի ապահով է: Հետո, մեր հայրենակիցներն աչքի են ընկնում բացարձակ հուզականությամբ: Հիշենք, թե մեկ ամիս առաջ ինչպիսի քաղաքական ցունամի բարձրացավ, երբ հայտնի դարձավ Հայաստանի ցանկությունը՝ անդամակցելու Մաքսային միությանը: Որքան կրքեր բորբոքվեցին, որքան կուսակցություններ և քաղաքական հոսանքներ բախվեցին: Հասարակությունն ասես դանակով կիսվեց երկու մասի: Հիմա «կամ, կամ»-ն ու «և, և»-ը դարձել են քաղաքական կատեգորիա, և մարդիկ անգամ բարևելիս առաջնորդվում են այդ նշանաբանով: ![]() Գաղափարը Հայաստանի համար շանթ ու որոտ էր պարզ երկնքում: Եվ մենք մոռացանք, որ Թուրքիայի` Մաքսային միությանն անդամակցելու հարցը նոր չէ: Այն խաղարկվել է դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Պուտինի Թուրքիա կատարած այցելության ժամանակ, երբ մամուլի քարտուղար Պեսկովը հայտարարեց, որ եթե Թուրքիան ցանկություն հայտնի միանալ Մաքսային միությանը, ապա Ռուսաստանը կողջունի այն: Սա, մեղմ ասած, իռացիոնալ գաղափար է այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի և Թուրքիայի հակամարտությունը, եթե չասենք վատ քողարկված թշնամանքը, մեկընդմիշտ նստած է պատմության գենետիկական կոդում և գալիս է դեռ Եկատերինա II-ի ժամանակներից: Երկու կայսրությունների ամբիցիաներն անհամատեղելի են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային համագործակցության առումով: Ռուսաստանի և Թուքիայի միասին լինելը հակացուցված է: ![]() Սակայն անգամ իր հիպոթետիկ փաթեթավորման մեջ այդ բլեֆն ունի որոշակի նպատակներ: Ինչո՞ւ ոչ: Եթե հանկարծ հրաշք կատարվի՞, և Թուրքիան մտնի Մաքսային միությո՞ւն, հետո էլ ինտեգրվի ռուսական այլ կառույցների՞… ![]() Իսկ Թուրքիայի մտորումներն ունեն ավելի ռեալ և նպատակային ուղղվածություն, որը պայմանավորված է նրա ղեկավարության` օսմանյան տիրապետության անցյալի փառքն ու հզորությունը վերադարձնելու մարմաջով: Այդ մեծապետական անուրջների իրագործման ճանապարհին թուրքերը խիստ կարևորում են սիրիական ռեժիմի տապալման և Մեծ Մերձավոր Արևելքի լիդեր դառնալու իրենց պլանները: Մի՞թե պատահական է, որ երբ Օբաման օգոստոսին հետ կանգնեց Սիրիային հարվածելու վտանգաշատ քայլից, Անկարան ՆԱՏՕ-ի միակ անդամն էր, որ փրփուրը բերանին Վաշինգտոնից պահանջում էր ոչ միայն ռմբակոծել, այլև զորքեր մտցնել առանց այն էլ բզկտված այդ երկիրը: ![]() Այս ամենը, կրկնում եմ, դիվանագիտական ֆարս է, բուֆոնադա, վատ գրված և վատ բեմադրված սցենար: ![]() Ծանր տպավորություն է թողնում Մինսկում «Բատկայի»` Լուկաշենկոյի դաստիարակչական-մենտորական տոնով տված դասը. «Հայաստանը պետք է հասկանա, թե ինտեգրման ինչ ճանապարհ պիտի անցնի, ինչպես դա արել են Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը: Հայաստանը պետք է ընդունի Մաքսային միությանն անդամակցելու բոլոր պարտավորությունները»,- այսպես է խոսում միջազգային հանրությունում դիկտատորի համբավ ունեցող գործիչը: Դիվանագիտական լեզվով դա թարգմանվում է որպես քաղաքական ապտակ, եթե ոչ վերջնագիր: ![]() «Բատկան» հավանաբար ինտեգրման լավագույն ձևերից մեկը համարում է զենք վաճառելը Ադրբեջանին, որն ամեն վայրկյան այն կարող է ուղղել ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի իր գործընկերոջ` Հայաստանի դեմ, որի պատվին ինքը բարեկամության կենացներ է առաջարկում հայկական կոնյակով: Լուկաշենկոյից հետ չի մնում Նազարբաևը, երբ Հայաստանի անդամության հարցը կապում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Իսկ թե ինչ դիրքորոշում ունի Ղազախստանն այդ հարցում, հատկապես` միջազգային համաժողովներում, քաջ ծանոթ է բոլորին: Պարզապես դժվար է պատկերացնել, թե ապագա Մաքսային միության անդամներն ինչպես են համադրելու իրենց շահերն ու հետաքրքությունները, նույնիսկ եթե այն ստեղծվի և գործի առանց Թուրքիայի ու Ադրբեջանի: ![]() Էլ ի՞նչ են ուզում Մաքսային միությանը միանալու հայաստանյան ջատագովները, եթե Պուտինն ասում է, որ սատարելու է Հայաստանի ցանկությանը: Ոմանք հավանաբար մտածում են` դե, եթե Մաքսային միությունը չհաջողվի, Եվրամիությունը հո կա ու կա: Առնետավա՞զք միջազգային մասշտաբներով: Իսկ իրականում (Մաքսային միությունից կամ Եվրամիությունից ամեն սպասումներից զատ) մենք խիստ մտահոգված ենք, որ մեր ապագա գործընկերներ Բելառուսը և ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ժամանակակից հարձակողական զենք են վաճառում Ադրբեջանին: Այդ իսկ պատճառով, որպես Մաքսային միության անդամության թեկնածու, Հայաստանը և նրա յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունեն հարցնելու` -ինչո՞վ են ավարտվելու հանրապետության համար ինտեգրացիոն որոնումները, -ինչպե՞ս է լուծվելու Ղարաբաղի հարցը, եթե Մաքսային միությունը կայանա, -ինչպե՞ս կհակազդեն այդ կազմակերպության անդամերը, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, - ինչպե՞ս կդրսևորեն իրենց ՀԱՊԿ-ը և ԱՊՀ-ն պատերազմի դեպքում Ո՞վ կպատասխանի այս հարցերին… РУССКАЯ ВЕРСИЯ | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
5634 reads | 01.11.2013
| |