ՄԵՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՉԻ ԳՈՐԾԻ, ՄԵՆՔ ԽԱՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ ԵՆՔ
Հարցազրույց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ:

-Սեպտեմբերի մաքսային սկիզբը, Ձեր կարծիքով, անակնկա՞լ էր, թե՞ իրավիճակի օրինաչափ զարգացում:

-Քայլը քաղաքականապես ճիշտ էր` ելնելով Հայաստանի հեռահար շահերից: Ես առաջիններից մեկն եմ շրջանառության մեջ դրել և-և-ի սկզբունքը` նկատի ունենալով, որ ամեն գնով պետք է աշխատել և՛ Ռուսաստանի, և՛ Եվրոպայի հետ: Ինչպե՞ս դա կարվի, և հնարավո՞ր է` հարցի մյուս կողմն է: Հայաստանն ուղղակի դատապարտված է ոչ թե մեկ կամ մյուս կողմի հետ լինելու, այլ նորմալ հարաբերություններ ունենալու և՛ Ռուսաստանի հետ, և՛ Եվրոպայի:

Եվրոպայի դեմ արտահայտվող քաղաքական ուժերը կամ գործիչները երբ իբրև փաստարկ են բերում աղանդավորների կամ արվամոլների առկայությունը, ուղղակի ծիծաղելի է: Եվրոպային նման մեղադրանքներ ներկայացնելը նշանակում է իռացիոնալ մոտեցում ունենալ: Եվրոպան իր արժեհամակարգը բերել է անտիկ դարաշրջանից, և կարճատեսություն է այսօր Եվրոպա ասելով` աղանդավորություն կամ արվամոլություն տեսնելը:

Նույնը` Ռուսաստանի դեպքում: Իհարկե, Ռուսաստանում և՛ սկինհեդներ կան, և՛ կոռուպցիա կա, բայց, իր բոլոր դրական ու բացասական իրողություններով հանդերձ, Ռուսաստանը մնում է Ռուսաստան: Մենք ունենք խնդիրներ, որոնք չենք կարող լուծել, եթե այսօր Ռուսաստանից կտրվենք: Դա լուրջ սխալ կլինի: Նկատի ունեմ անվտանգության հարցերը, Ղարաբաղի խնդիրը: Ես չեմ հավատում, երբ ասում են` Ռուսաստանը ճնշում չի գործադրել, շատ լավ էլ գործադրել է:

-Տղայական պահվածք չէ՞:
-Մենք ձախության մանկական հիվանդության մեջ ենք դեռ:

-Պատճառը թուլությո՞ւնն է, թե՞ անխելահասությունը:
-Պատճառները շատ են, մեկն էլ քաղաքական մշակույթի բացակայությունն է: Անփորձության հետևանք է: Դիվանագիտական հարաբերությունների փորձ չունենալու: Արտագաղթի պատճառով ազգային լավագույն ուժերի էրոզիայի: Ռուսաստանի հետ հարաբերությունները այսօր պետք է դիտարկել իբրև ստրատեգիական ուղղություն, Եվրոպայի հետ հարաբերությունները` մարտավարական:

-Չե՞ք կարծում, որ Ձեր նշած ճանապարհը միայն տեսական է, իրականում և Ռուսաստանն է մեզ օգտագործում իր շահերի համար, և Եվրոպան, երբ այդ շահերը ձախողվեն, մենք ոչ մեկին էլ պետք չենք լինելու: Նույն Եվրոպան մեզ երկու անգամ հասցրեց դավաճանել` և 1999-ին, և հիմա, իսկ Ռուսաստանն ընդհանրապես Հայաստանը իբրև անկախ պետություն չի տեսել ու չի տեսնում:
-Ադրբեջանին զենքի վաճա՞ռքը նկատի ունեք: 

-Ինչո՞ւ միայն դա: Պարտքի դիմաց առգրավված գույքից մինչև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի արգելափակում: Տնտեսության բոլոր ստրատեգիական ճյուղերը այսօր Ռուսաստանի ենթակայության տակ են և ի՞նչ: Բուռն զարգանո՞ւմ են: Ի՞նչ է կոչվում այդ պատկերը:
-Պատկերը դա է, բայց այդ պատկերն ունեցել է, անշուշտ, իր պատճառները: Ես երկար ժամանակ զբաղվում եմ դիվանագիտության հոգեբանությամբ, և շատ իրողություններ ինձ համար այլ լույսի տակ են երևում: Ինչո՞ւ հասանք այս աստիճանին: Ռուսաստանը մեր ձեռքերը չոլորեց: Միջազգային իրավունքի սուբյեկտ լինել նշանակում է մեծ հնարավորություններ ունենալ որպես անկախ պետություն: 

-Իսկ մենք գիտակցո՞ւմ ենք մեր անկախ պետություն լինելը:
-Ձեր հարցի պատասխանն այսօրվա իրականությունն է: Դիվանագիտական արվեստը հակադարձ համեմատական է երկրի ներուժին: Որքան պետության ռազմական և տնտեսական ներուժը մեծ է, այնքան նրա դիվանագիտությունը քիչ է: 28 անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գրոմիկոն վետո դրեց: Դա ուժային քաղաքականություն է: Նույնն անում է ԱՄՆ-ը: Նրանց պետք չէ ուժեղ դիվանագիտություն, իրենց խնդիրները նրանք լուծում են ուժի միջոցով: Այն երկրները, որոնք այդ ուժը չունեն, ի՞նչ կարող են անել: Անտիկ ժամանակներից այդ երկրներն իրենց հարցերը լուծել են դիվանագիտության օգնությամբ: Քանի դեռ Հռոմը մեծ կայսրություն չէր դարձել, չէր գրավել Գալլիան, Բրիտանիան, իր տարածքի բոլոր ժողովուրդներին վերաբերվում էր ժողովրդավարական սկզբունքներով, բոլորը հավասար էին, իսկ հետո առաջ քաշվեց« «Pax Romana» սկզբունքը, որ հետո դարձավ «Pax Britannica», «Pax Americana»:

Այսինքն` պատերազմի կամ խաղաղության հարցը լուծվում է ուժի դիրքերից: Դիվանագիտության արվեստի տեսությունը հատկապես զարգացավ միջին դարերում, երբ գաճաճ պետություններ առաջացան Իտալիայում: Նրանք անգամ ոստիկանություն չունեին իրենց պաշտպանելու համար, փոխարենն աշխատում էր դիվանագիտությունը: Հիշեք Նիկոլո Մաքիավելիին: Եթե մենք ունենանք ճկուն և ոչ սովորական լուծումներով առաջնորդվող դիվանագիտություն, ռեալ հնարավորություններ կունենանք ազդելու իրավիճակի վրա: Հայաստանի ներքաղաքական, աշխարհաքաղաքական և ռազմաստրատեգիական վիճակը, թվում է, այլընտրանքներ չի թողնում, բայց կան որոշակի առավելություններ ու սողանցքեր. Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, ԱՊՀ-ի անդամ է, գործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Մենք նորմալ հարաբերություններ ունենք այն պետությունների հետ, որ միմյանց հետ, մեղմ ասած, խնդիրներ ունեն: Վաշինգտոն-Մոսկվա-Թեհրան եռանկյունին քննարկեք: Այս եռանկյան մեջ մենք կարող ենք հոյակապ խաղալ` երեքի հետ էլ նորմալ հարաբերություններ ունենալով:

-Ես համաձայն եմ Ձեզ հետ, բայց խաղի մեջ մտնելու համար պիտի ինքնուրույն լինես ու քո խաղն ունենաս:
-ՈՒրեմն պիտի հասնես ինքնուրույնության: Մենք խոսում ենք բանակցային դիվանագիտության արտահայտությունների մասին` Մաքսային միության պայմանագիրը, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը դոգմա չեն: Չկա փաստաթուղթ, որ բանակցային գործընթացում մնա անփոփոխ: Այստեղ պետք է կարողանաս մանևրել:

-Վստահ եմ, որ Շտեֆան Ֆյուլեի հետ հարցազրույցը կարդացել եք, ինչպե՞ս եք գնահատում, որ եվրապաշտոնյան ասում է` մենք առաջարկեցինք նոր բանակցություններ, մեզ ասվեց` ոչ: Չխաղալը խաղի նոր տարբերա՞կ է:
-Մարդիկ ուզում են իմանալ` ինչ է կատարվում: Ոչ բոլոր մանրամասները, իհարկե, բայց ընթացքի ու հեռանկարի մասին իմանալու իրավունք մենք ունենք: Արտաքին գործերի նախարարը, իմ կարծիքով, պիտի նախագահին առաջարկեր հարցը հանրաքվեի դնել, մանավանդ մենք հանրաքվեի արդյունքները կառավարելու փորձ ունենք: Հանրաքվեն պետության ղեկավարի ձեռքում հոյակապ զենք է մանևրելու համար` թե Կրեմլում, թե Բրյուսելում:

-Ձեզ չի՞ թվում, որ բոլոր այս միությունների հետ առնչվող խնդիրները միմիայն քաղաքական են և տնտեսական որևէ հարց չեն լուծում, ինչպես ներկայացվում է: Ձեր ասած և-և-ի սկզբունքն իրական կդառնա, եթե Արևմուտքն ու Ռուսաստանը ընդհանուր հայտարարի գան, կա՞ն նախադրյալներ:
-Եթե մենք և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ կարողանանք համագործակցել` նրանց առաջարկելով իրենց կոնկրետ շահը, հաջողության կհասնենք: Մենք ունենք 10-միլիոնանոց սփյուռք, բայց սփյուռքին նայում ենք տարադրամի կուրսի արանքից: Օրինակ, եթե սփյուռքին որոշ հնարավորություններ տանք, նույն ռուս օլիգարխը ներդրումներ կանի Հայաստանում` իմանալով, որ Վաշինգտոնի կամ Լոնդոնի հայը այդ կապիտալը կաշխատեցնի իր համար Եվրոպայի միջոցով: Սրանք ես համարում եմ ոչ սովորական քայլեր: Մենք պետք է դառնանք կապող օղակ, պետք է կարողանանք շահագրգռել և Ռուսաստանին, և Արևմուտքին: Դա հնարավոր է:

-Չունե՞ք այն տպավորությունը, որ մայիսին, այնուամենայնիվ, Հայաստանը չի ստորագրելու Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը և ոչ իր որոշումով: Հիշենք, որ Ղազախստանը դեռ չի ստորագրել:
-Մաքսային միությունը դեռ շատ ճանապարհ ունի անցնելու: Կապրենք` կտեսնենք:

-ՈՒրեմն ինչո՞ւ հանուն չեղածի մերժել հնարավորը:
-Դիվանագիտության մեջ չի կարելի ստել և չի կարելի աղավաղել, բայց դիվանագիտությունը հնարավորություն է տալիս նստել ու խոսել այդ մասին երկու կողմերի հետ էլ:

-Հայաստանը որպես սուբյեկտ վստահություն ու հավատ ներշնչո՞ւմ է հիմա:
-Ամեն ինչ մարդկանց ձեռքին է, և շատ գործեր մենք ենք փչացնում: Եթե Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում ունենք դեսպաններ, իսկ նրանց 50-60 տոկոսը պրոֆեսիոնալ դիվանագետ չէ, ի՞նչ ենք ուզում: Դեսպանը մեղվի պես պիտի անդադար աշխատի՞:

-Դեսպանը, չգիտեմ, ինչ պիտի անի, բայց համոզված եմ, որ այս իրավիճակում Հայաստանը Ռուսաստանի համար դարձավ մխիթարական մրցանակ Ուկրաինան կորցնելու դիմաց: Առանց Ուկրաինայի Մաքսային միությունը բոլորովին այլ խնդիրներ լուծող կառույց է, հեռու նախնական նպատակից: Հավելեք Մոլդովայի կորուստը, որ, այնուամենայնիվ, քաղաքական միավոր է:
-Ռուսաստանի և մեր հարաբերությունները վերլուծելիս հարկ է աչքաթող չանել մի շատ կարևոր, առանցքային խնդիր: Ռուսաստանն իր գերակա քաղաքականությունը համարում է ԱՊՀ-ի երկրները և նրանց հետ ինտեգրումը, հետո գալիս է Եվրոպան, ապա` Ամերիկան: Մոսկվան միանգամայն փոխել է իր արտաքին քաղաքականության վեկտորները: Հետո, Լիսաբոնից Վլադիվոստոկ` Պուտինի առաջադրած թեզը չստացվեց: ԱՄՆ-ը հիմա գնում է ուժեղ ինտեգրացիոն գործընթացների, Պուտինը ևս ձգտում է ստեղծել համարժեք կառույց: Դա Սովետական Միության վերականգնում չէ: Չի ստացվում Եվրոպայում, կստացվի Ասիայում: Թե ինչ արդյունք կտա այդ նախաձեռնությունը, դժվարանում եմ ասել: Այդ ինտեգրացիոն գործընթացում Հայաստանը դառնում է Ռուսաստանի անփոխարինելի օղակը: Նա միակ կետն է Ռուսաստանի համար Կովկասում, որը կորցնելուց և ինքն է տուժելու, և մենք ենք տուժելու: Եթե ընտրության հարց գա, Եվրոպան մեզ նախապատվություն չի տա Ադրբեջանից: Իսկ Ռուսաստանը կտա:

-Ինչո՞ւ: Ռուսաստանին պետք է Կասպից ծովը, պետք է կանխել Ադրբեջանի էներգակիրների վաճառքը մրցակից երկրներին, պետք է Թուրքիան, պետք է օդում կախված պահել Ղարաբաղի հարցը:
-Երբեք Ադրբեջանը Ռուսաստանի կողքին չի կանգնի, և Ռուսաստանը դա շատ լավ գիտի: Վրաստանն էլ արդեն հեռացել է: Մնում է Հայաստանը: Տարածաշրջանն այնքան բարդ է: Եթե Մերձավոր Արևելքում գործընթացները այլ ուղղությամբ զարգանան, բոլոր այդ հաշվարկները կարող են գրողի ծոցը գնալ:

-Ի՞նչ ճանապարհով է հիմա գնալու Եվրոպան, որ հայտարարում է, թե Հայաստանին չի լքելու: Ժողովրդավարության հաստատմամբ իշխանափոխությա՞ն են ձգտելու, քանի որ գործող իշխանությունը փոփոխությունների դեմ է:
-Եթե ներքին փոփոխություններ չեղան, ոչինչ չի փոխվի: Հեղափոխությունն էլ չի աշխատի: ՈՒղեղները պիտի աշխատեն, իսկ այդ ուղեղները կան: Հայաստանում զարմանալիորեն տեղ չեն տալիս այն մարդկանց, որ միջինացված մակարդակից բարձր միտք են արտահայտում, և դա դարձել է պատճառ, որ պրոֆեսիոնալները հեռանան բոլոր բնագավառներում: Դա ահավոր ազգավնաս քաղաքականություն է:

-Ինչո՞ւ բացեցիք Diplomat.am կայքը:
-Բացելով Diplomat.am կայքը` ես ուզում եմ բացատրել, թե ի՛նչ է նշանակում դիվանագիտություն, ինչո՞ւ պետք է և ինչո՞ւ չպետք է դառնալ դիվանագետ: Դիվանագիտության հասկացության և դերի շուրջ մեծ սպեկուլյացիա է գնում, մեր ամբողջ արտաքին քաղաքականության մեջ դոմինանտ են ներկայացվում երեք ուղղություններ` Ղարաբաղ, հայ-թուրքական հարաբերություններ և եղեռն, ուրիշ ուղղություններ չկան: Կա արտաքին քաղաքականություն, և կան միջազգային հարաբերություններ, սա մի ամբողջականություն է` բաղկացած տարբեր մասերից: Դիվանագիտությունն արտաքին քաղաքականության գործիքն է, արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, ուրեմն` դիվանագիտությունը ներքին քաղաքականության խնդիրների լուծման միջոց է: Հայաստանի դիվանագիտությունը պետք է լինի բազմանիստ ու բազմակողմանի և առնչվի ներքին քաղաքականության բոլոր գործերին` օգնելու համար: Հարցրեք բիզնեսմեններին` դիվանագիտական ծառայությունն օգնե՞լ է արտասահմանում ապրանք գնել կամ վաճառել: Պատասխանը կլինի` ոչ: ԱՄՆ-ի դիվանագիտական ծառայության 25 տոկոսն ուղղված է բիզնեսի շահերի ապահովմանը արտասահմանում: Դիվանագիտությունն ընդգրկում է մշակույթից գիտություն, ազգային անվտանգությունից տնտեսություն ու գյուղատնտեսություն ողջ շրջագիծը: Եթե դիվանագիտությունը չի մասնակցում այդ խնդիրների լուծմանը, ամուլ է դառնում և իջնում է հիմիկվա օդանավակայանային աստիճանին` դիմավորել-ճանապարհել: Կարծում եմ` այս խնդիրների ներկայացմանը և մեկնաբանությանը նվիրված Diplomat.am կայքը արդեն լսարան ունի հասարակության տարբեր շերտերում:

-Ակնկալվում էր, որ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտում վերադասավորումներ կլինեն, բայց չեղան: Մաքսային, թե Եվրամիությանն անդամակցությանն առնչվող խնդիրները չդարձա՞ն այն կետը, որտեղ հստակ երևացին կուսակցությունների դիրքորոշումները:
-Բոլոր կուսակցություններն էլ կարելի է մի կողմ դնել և ունենալ առավելագույնը երկու կուսակցություն: Ո՞ր կուսակցությունն է այսօր որոշակի դեր խաղում երկրի արտաքին կամ ներքին քաղաքականության խնդիրների լուծման մեջ: Կուսակցությունը կարող է դեր խաղալ, եթե քաղաքականությունը լինի վերկուսակցական և պետական: Դիվանագիտությունն ամբողջ աշխարհում ապաքաղաքական, ապագաղափարական, վերկուսակցական գործիք է:

-Խորհրդարանական կառավարմանն անցնելը այդ հնարավորությունը կտա՞:
-Մեր պայմաններում խորհրդարանական կառավարումը չի գործի, մենք խանական երկիր ենք: Խորհրդարանական կառավարման դեպքում վարչապետն է երկրի տերը դառնալու` ի տարբերություն նախագահականի, որտեղ երկրի տերը նախագահն է, ուրիշ ոչինչ չի փոխվելու: Հայաստանի համար դեռ վաղ է այդ մոդելին անցնելը: Նաև, զուտ հոգեբանական առումով, մենք պատրաստ չենք կառավարման այդ որակին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ 
http://www.irates.am
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
839 reads | 20.09.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com