LE MONDE. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԸ ԵԱՀԿ-Ի, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՀԵՏ
Ադրբեջանի նախագահի ընտրությունը շարունակում է բացասական հետևանքներ թողնել մեր հարևան երկրի միջազգային վարկանիշի վրա: Միացյալ Թագավորության և ԵԱՀԿ-ի հետ դիվանագիտական բախումից հետո փոխադարձ մեղադրանքների տարափ է սկսվել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում: Հոկտեմբերի 16-ին ֆրանսիական Le Monde պարբերականը հրապարակել է ծավալուն հոդված՝ համեմատելով հայ և ադրբեջանցի երիտասարդների նախասիրությունները՝ շեշտը դնելով 2013-ին տեղի ունեցած ընտրությունների և դրանց սոցիալական հետևանքների վրա:

«Հայաստանում, թե Ադրբեջանում երիտասարդության մեծ մասը պատրաստ է լքել երկիրը ժողովրդավարության պակասի, սոցիալական վատ պայմանների, կոռուպցիայի ու գործազրկության պատճառով»: Բնութագրումը ֆրանսիական թերթինն է: Le Monde-ի հոդվածագիրը մեջբերում է ադրբեջանցի երիտասարդ փաստաբան Թեյմուրի խոսքերը՝ «Ադրբեջանի կառավարությունը թերահավատ է երիտասարդների նկատմամբ: Ժողովրդավարություն պահանջող քաղաքացիներին Ալիևների կլանը պատասխանում է ագրեսիվ վերաբերմունքով ու ձերբակալություններով»:

Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունն այդ առումով աչքի ընկավ իշխանական ագրեսիայի առատությամբ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի և ԱՄՆ պետդեպի քննադատությանն ի պատասխան՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը փոխադարձ մեղադրանք հնչեցրեց. «Ոչ ոք իրավունք չունի Ադրբեջանին մեղադրել խախտումների համար: Դա մեր ժողովրդի և պետության համար վիրավորական է, հատկապես այն, որ հենց ԱՄՆ-ն է Ադրբեջանի իշխանությանը առաջարկել ընտրության արդյունքներով ընդդիմության թեկնածուին տալ 25%, իսկ իշխանությանը՝ 75% ձայն»:

Հանցավոր գործարքի մեղադրանք, որին ամերիկացիները պատասխանեցին մեկ նախադասությամբ՝ հորինվածք: Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Էն Պսակին հատուկ հրավիրված ասուլիսում շեշտեց. «Չնայած Բաքվում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, բայց հարկ ենք համարում նաև Վաշինգտոնից հայտարարել՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մեղադրանքները սուտ են»:

Բաքվում քննարկում են ԵԱՀԿ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերանայելու հարցը, շարքին հավանաբար կմիանա Միացյալ Նահանգները, Ռուսաստանի վարչապետին էլ ադրբեջանցիները ամիսներ առաջ իրենց հատուկ ձևով տվեցին գնահատական՝ Լավրովի Սերգեյ անվան փոխարեն հնչեցնելով թուրքական հայհոյանքը: 

Ֆրանսիական Le Monde-ը չի կասկածում, որ Ադրբեջանից պետք չէ դրական առումով ավելին սպասել ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության, այլև միջպետական հարաբերությունների առումով: Թերթի համոզմամբ, Ադրբեջանի իշխանությունը ագրեսիվ է տրամադրված նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, սակայն հայ և ադրբեջանցի երիտասարդներին միավորում է մեկ գաղափար՝ պատերազմ չի ուզում ոչ ոք՝ տարբերությամբ՝ եթե, այնուամենայնիվ, Իլհամ Ալիևը գնա այդ քայլին, ադրբեջանցիները ստիպված կգնան կռվի, հայերը զենք կվերցնեն հայրենիքը բռնակալներից պաշտպանելու համար:

ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1283 reads | 18.10.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com