ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ. ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Եվ այսպես, կատարվեց այն, ինչը չէին բացառում փորձագետներն ու քաղաքական մեկնաբանները: Իսրայելի օդուժը հարվածեց Սիրիայի ռազմական հետազոտությունների կենտրոնին և Դամասկոսի արվարձաններին, կան 300 հարյուրից ավելի զոհեր ու վիրավորներ:

Իսրայելը, ըստ իս, հետապնդում է երկու հիմնական նպատակ.
ա/շոշափել սիրական հակաօդային պաշտպանության հնարավորությունները,
բ/ Իրանի վրա հարձակվելու դեպքում չեզոքացնել իր թիկունքում նրա 5-րդ շարասյան` Հըզբոլլահի վտանգը:


Մերձավոր Արևելքում փաստորեն պատերազմ է` դեռևս լոկալ: Իսկ ի՞նչ է անում արաբական աշխարհը: Ոչինչ: Իսրայելյան ռազմական գործողությունների դեմ հանդիպման չպետք է հույսեր փայփայել, թե նա ոտքի կկանգնի արյունակից եղբայրների պաշտպանության համար, և ոչ թե այն պատճառով, որ Սաուդյան Արաբիան, Քաթարը կամ այլ արևմտամետ պետություններ երազում են Բաշար Ասադի ռեժիմի տապալումը: Ամենևին: Պարզապես չպետք է մոռանալ, որ 20-ից ավելի արաբական երկրներ երբեք միասնական չեն եղել:

Ապացույցը Մերձավորարևելյան 60-տարի տևող քաղաքական խոր ճգնաժամն է:

Թերևս, արաբները կարողանային ինչ-որ կերպ համախմբվել, եթե Եգիպտոսը լիներ առաջվանը: Արաբական գարունն այդ երբեմնի տարածաշրջանային միջնաբերդը հասցրեց քաղաքական, տնտեսական ու բարոյական խոր անդամալուծության, որից նա հազիվ թե ուշքի գա` գոնե գուշակելի ապագայում:

Ի՞նչ արաբական համերաշխության մասին կարող է խոսք լինել, եթե ավիառմբակոծումները խիստ աշխուժացրել են սիրիական ընդդիմության գործողությունները: Ստացվում է աննախադեպ քաղաքական կազուս. Իսրայելը և արաբական իսլամիստները միավորվում են մեկ ուրիշ արաբական ուժի` Ասադի դեմ, որն այս իրավիճակում հազիվ թե կարողանա կռվել երկու ճակատով և պահել իշխանությունը:

Այնպես որ, Իրանի արտգործնախարար Ալի Աբգար Սալեհի կոչն արաբներին`միավորվել, ընդամենը հռետորական հայտարարություն է և ավելի շուտ նպատակ ունի միջազգային հասարակության ուշադրությունը սևեռել Իրանի դեմ իսրայելական հնարավոր ագրեսիայի վրա:

Հենց ինքը` Թեհրանը, չնայած ռազմաշունչ հայտարարություններին, հազիվ թե դիմի որևէ կոնկրետ քայլի Ասադի պաշտպանության համար, և Իսրայելի հետ մտնի կոնֆրոնտացիայի մեջ:

Իսկ Թուրքիայի պրեմիեր-մինիստր Էրդողանը խիստ տոնով դատապարտեց Իսրայելի քայլը: Մի կողմից` այդ հայտարարությունը համահունչ է թուրք-իսրայելյան լարված հարաբերություններին, իսկ մյուս կողմից`Անկարան ակտիվ կերպով պայքարում է Ասադի ռեժիմի դեմ: Թուրքական դիվանագիտության այս երկակի ստանդարտը կարելի է բացատրել արաբական աշխարհում Թուրքիայի գերակայություն ձեռք բերելու նկրտումներով և հեռուն գնացող քաղաքական ու տնտեսական ամբիցիաներով:

Այս ամենի կողքին կա հուսադրող հանգամանք. չնայած Իսրայելի ագրեսիային, որը տեղի է ունենում Վաշինգտոնի «օրհնությամբ» Պուտինն ընդունում է պետքարտուղար Ջոն Քերրիին և հայտարարում, որ հանդիպելու է Օբամայի հետ:

Հուսանք, որ երկու Մեծերը թույլ չեն տա, որ պատերազմի կրակը տարածվի Մեծ Մերձավոր Արևելքում:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1227 reads | 07.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com