Ի՞ՆՉ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՄՆ-Ը, ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼՆ ԸՆԴԴԵՄ ԻՐԱՆԻ
Վերջին օրերին տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները կարող են վտանգավոր լինել տարածաշրջանի կայունության պահպանման համար: Քրդերի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի խաղաղության կոչը քուրդ զինյալներին, Օբամայի այցը Իսրայել, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ներողություն խնդրելը Թուրքիայից, խոսում են այն մասին, որ տարածաշրջանում սպասվում են հետաքրքիր և վտանգավոր զարգացումներ: 

Այս ամենը համընկնում է տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի հետ և, ամենայն հավանականությամբ, այն ծրագրված է Միացյալ Նահանգների կողմից: Տարածաշրջանում ԱՄՆ-ի երկու հզոր դաշնակիցների միջև հակասություններն ու լարվածությունը այժմ ձեռնտու չէ ԱՄՆ-ին, քանի որ այստեղ լուրջ գործողություններ սկսելու համար անհրաժեշտ է ուժերի համախմբում, կայունություն ռազմական համագործակցության ոլորտում և առկա այլ խնդիրների սառեցում: 

Պատահական չէ, որ Նեթանյահուն ներեղություն խնդրեց Թուրքիայից Օբամայի այցից հետո: Սա ավելի է բարձրացնում ԱՄՆ-ի հեղինակությունը Թուրքիայում և ուղղված է ԱՄՆ-ի շահերի պաշտպանությանը: Տարածաշրջանում Օբամային անհրաժեշտ խաղաղության կոչը օգտագործեց նաև Թուրքիան`փորձելով հանդարտեցնել քուրդ զինյալներին: Քրդերի հետ խաղաղության կոչը Թուրքիան հնչեցրեց Օջալանի շուրթերից, ով գտնվելով թուրքական բանտում, չէր կարող անել այնպիսի հայտարարություն, որը կհակասեր Թուրքիայի շահերին: 

Ուժերի նման համախմբումն այժմ անհրաժեշտ է ԱՄՆ-ին, քանի որ կաթվածահար վիճակում գտնվող Ասադի սիրիական իշխանությունը չի կարող այլևս երկար գոյատևել, իսկ Սիրիան համարվում է դեպի Իրան տանող փակ ճանապարհ: 

Դաշնակիցներին անհրաժեշտ է արագացնել սիրիական հարցի լուծումը, քանի որ շուտով Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Իսկ դա հարմար առիթ է պետության ներքին գործերին միջամտելու և անկայուն իրավիճակ ստեղծելու համար: 

Մեծ հաշվով կարևոր չէ՝ Իրանը միջուկային զենք կստեղծի, թե ոչ: Միայն Իրանի հզորանալն ու կայուն վիճակն արդեն հակասում են Իսրայելի և ԱՄՆ-ի շահերին, և նրանք կփորձեն բոլոր հնարավոր միջոցները՝ Իրանին թուլացնելու համար: 

Հզոր Իրանը տարածաշրջանում սահմանափակում է իսլամական աշխարհի նկատմամբ Իսրայելի իրավունքները և խոչընդոտ է համարվում տարածաշրջանում Միացյալ Նահանգների ձգտումներին: Սա համընկնում է նաև Թուրքիայի շահերի հետ, քանի որ վերջինս ձգտում է լիդերի դեր ստաձնել իսլամական աշխարհում` չհրաժարվելով նաև պանթյուրքական կամ պանիսլամական ծրագրերից: 

Վերոնշյալ այս գործողություններն, ամենայն հավանականությամբ, նախապատրաստական աշխատանքներ են, որոնք ուղղվելու են Իրանի դեմ և նպատակ ունեն տարածաշրջանում փոխել ուժերի դասավորությունը, ինչպես նաև մեկ քար ևս ավելացնել ԱՄՆ-Չինաստան կամ ԱՄՆ-Ռուսաստան կշեռքի նժարի ամերիկյան կողմում` բացելով Ռուսաստան տանող կասպիան ճանապարհը և զրկելով Չինաստանին իրանական նավթից: 

Հավանաբար տարածաշրջանում ականատես կլինենք Իրանի դեմ ուղղված ռազմաքաղաքական նման վտանգավոր և հետաքրքիր զարգացումների:

Վարդան Խաչատրյան
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1539 reads | 26.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com