«ԻՆ-ՏԵՐ-ՆԱ-ՑԻՈ-ՆԱ-ԼԸ՜ ԱՇ-ԽԱՐ-ՀԸ՜ ԿԸ-ՓՐ-ԿԵ՜» ԿԱՄ ...
ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ ՍԻՐԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ ![]() Արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Մերձավոր Արևելքը հղի էր հեղափոխությամբ` բեղմնավորված սառը պատերազմի անդորրից հոգնած միջազգային հիմնական խաղացողների կողմից: Նրանք հիմա էլ են ծրագրավորում վերաձևել տարածաշրջանի և ողջ աշխարհի տնտեսական ու աշխարհագրական քարտեզը` ամեն մեկն իր մտածած ձևով, իր աշխարհաքաղաքական նկրտումներին համապատասխան: ![]() Այնտեղ մարտնչող իսլամն այսօր շարունակում է միջնադարյան նախճիրը, որի զոհ են դառնում անմեղ մարդիկ` անկախ տարիքից ու սեռից, ազգությունից ու դավանանքից: Օգտվելով նույն` տարբեր բլոկների հանցավոր մրցակցությունից կամ կանաչ չարիքի մահացու վտանգի դեմն առնելու նրանց անկարողությունից, ծայրահեղ իսլամիզմը շարունակում է իր հաղթարշավը և հյուսում համաշխարհային արյունահեղության դավեր: Մինչև եր՞բ և մինչև ու՞ր: Սակայն ուժը, վերջիվերջո, ծնում է հակաուժ, և պետությունների ստեղծած վակուումը գտնում է նոր դերակատարներ: ![]() Այսպես, Սիրիայում վերջերս կազմավորվում է «Մերձավորարևելյան ինտերնացիոնալ», որը բաղկացած է լավ պատրաստված պրոֆեսիոնալ կռվողներից` հիմնականում ալավիտների, քրիստոնյաների և դրուզների կրոնական փոքրամասնություններից: «Ինտերնացիոնալը» գալիս է լրացնելու Ազգային պաշտպանության ուժերի շարքերը, որը ստեղծվել է կառավարության կողմից սիրիական քաղաքացիական պատերազմի ժամանակ: Դրանք աշխարհազորայիններ են՝ կազմված ցամաքային մարտական միավորումներից, որոնք օգնում են սիրիական բանակի հակաահաբեկչական գործողություններին: Հիշեցնենք, որ «Ալ Ղաիդան» և մյուս ծայրահեղական իսլամիստները կիրառում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության մշակած «փափուկ պատերազմի» մոդելը՝ հարձակվում են փոքր խմբերով, սպանում, թալանում, բռնաբարում և անհետանում քաղաքի խիտ բնակեցված թաղերում: Ահազանգի վրա հայտնվում է կանոնավոր բանակը, որի գործողություններն այնքան էլ արդյունավետ չեն: Օդուժի, ծանր տեխնիկայի և հետևակի բացած զանգվածային կրակը հաճախ ավելի շատ ավերածություններ է գործում, քան օգուտ բերում: Այդկերպ հողին է հավասարվել, օրինակ, Հալեպի ողջ արդյունաբերական կենտրոնը: Այդ իսկ պատճառով Ազգային պաշտպանության ուժերը և հատկապես «Ինտերնացիոնալը» ընդօրինակել են արմատական մուսուլմանների մարտական տակտիկան: Նրանք գործում են արագ, ագրեսիվ և արդյունավետ, ինչը նկատելիորեն փոխում է պատերազմի պատկերը, բարձրացնում է Ասադի զորքերի մարտունակությունը: ![]() Տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են հաղորդում «Ինտերնացիոնալի» կազմի վերաբերյալ` 2000-ից մինչև մի քանի տասնյակ հազար սվիններ: ![]() Իսկ Սիրիայի հյուսիսում մարտնչող մուսուլմաններին տառացիորեն բզկտում են քրդական ջոկատները, որոնց շարքերում շատ են կոմունիստները: Քրդական «Ժողովրդական պաշտպանության կոմիտեն» օրերս հայտնել է, որ սեպտեմբերի 28-ին սպանվել է իսլամիստերի հեղինակավոր և ճանաչված ղեկավարներից մեկը` Աբու Օմար ալ-Շիշանին, որը կռվելու էր եկել Չեչնիայից: Ամենահետաքրքիրն այն է, որ քրդերի հետ կողք-կողքի կռվում են թուրք կոմունիստների ջոկատները: Իսկ սեպտեմբերի 14-ին ջիհադիստների հետ մարտերում զոհվել է Թուրքիայի Մարքսիստական-լենինյան կոմկուսի անդամ ![]() Սիրիայում քաղաքացիական պատերազմի կապակցությամբ Հայաստանում և սփյուռքում շատ է խոսվում և գրվում հայ համայնքի ներկա վիճակի և ապագայի մասին: Հայտնվում են տարբեր կարծիքներ սիրիահայերի հնարավոր գործողությունների, այդ թվում, ինքնապաշտպանության կազմակերպման մասին, արվում են համեմատություններ Լիբանանի 17-ամյա պատերազմում հայերի ինքնապաշտպանության հետ և այլն: Իմ կարծիքով, սիրիահայերի առանձին ինքնապաշտպանության հնարավորությունները ռեալ չեն, իռացիոնալ են և զուրկ հեռանկարից: Դրա փոխարեն, ստեղծված իրավիճակում, թերևս ճիշտ կլիներ, որպեսզի մեր հայրենակիցները մի կողմ դնեին չեզոքության կարգախոսը և քաջ գիտակցելով, թե ինչ է իրենց սպասում իշխանափոխության դեպքում, ներգրավվեին «Ինտերնացիոնալի» շարքերում և ակտիվորեն պաշտպանեին երկիրն ու իրենց իսլամիզմի չարիքից: Կոլեկտիվ պայքարը միշտ էլ նախընտրելի է անհատական կռվից: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
4866 reads | 08.10.2013
| |