ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԵՐԲԵՎԷ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ՉԻ ՄԱՏՆԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ
ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ







Հարցազրույց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ


- Երբ ԱԺ երկրորդ և երրորդ գումարման պատգամավոր էիք՝ հատուկ ուշադրություն էիք դարձնում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: Գնահատելով հայ ռուսական հարաբերությունների կայացման և զարգացման պատմությունը՝ ինչպե՞ս կբնութագրեք դրանց ներկա վիճակը:

- Այո, իրոք, ժողովրդավարական հասարակարգի պայմաններում քաղաքականությունը ձևավորում են ժողովրդի վստահության քվեին արժանացած քաղաքական գործիչները: Ես հպարտանում եմ, որ առաջին անգամ պատգամավոր եմ ընտրվել «Միասնություն» դաշինքի կազմում, որը փայլուն հաղթանակ տարավ 1999 թ. ընտրություններում՝ անկախության տարիներին Հայաստանում անցկացված խորհրդարանական միակ ընտրություններին, որոնց պաշտոնական արդյունքները համապատասխանում էին ընտրողների իրական կամքին: Որպես «Միասնությունե դաշինքի գաղափարաբան, ով նրա առաջնորդներ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հանձնարարությամբ մշակել էր դաշինքի նախընտրական ծրագիրը, կարող եմ ասել, որ դրանում հստակորեն ամրագրված էր Հայաստանի արտաքին քաղաքական գլխավոր գերակայությունը՝ հայ ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը և զարգացումը՝ թե երկկողմանի, թե բազմակողմանի հիմքերով: Այլ կերպ ասած՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմանի ռազմավարական համագործակցության նպատակները ոչ միայն չէին հակադրվում Ռուսաստանի և հետխորհրդային մյուս երկրների հետ ինտեգրվելու նպատակներին, այլև օրգանական միասնություն էին կազմում:

Ինչո՞ւ եմ ինձ տրված հարցի համատեքստում հիշում այս մասին: Որովհետև հայկական քաղաքական ներկայիս վերնախավը ցանկալին ներկայացնելով որպես իրականություն՝ գտնում է, որ հնարավոր է պահպանել ու ամրապնդել հայ-ռուսական ռազմավարական երկկողմանի համագործակցությունը, մինչդեռ պաշտոնական Երևանը Ռուսաստանի հովանո ներքո հետխորհրդային ինտեգրման նպատակներից նախընտրում է եվրաինտեգրման նպատակները:
Վերջին յոթ տարիներին կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը փաստորեն լուրջ փոփոխությունների է ենթարկվել, և դրա սկզբնական իմաստը ձևափոխվել է անճանաչելիության աստիճանի:

- Այսի՞նքն:

- Ի սկզբանե հայկական կոմպլեմենտարիզմի հիմքում հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն էր՝ ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների, հարևան Վրաստանի ու Իրանի հետ համագործակցության խորացմամբ համալրելու անհրաժեշտությունը: Երբ ժամանակին ԱԺ-ում քննարկվում էր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգը` կառավարության կողմից ներկայացված նախագծում հարևան Վրաստանի հետ հարաբերությունները բնութագրվում էին որպես ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, սակայն իմ ելույթից և գրավոր առարկություններից հետո, որոնց էությունն այն էր, որ սեփական ազգային անվտանգության ապահովման նպատակով տարբեր առաջնություններ ընտրած երկրների միջև ռազմավարական գործընկերությունն անհնար է, Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի վերջնական տարբերակում որպես երկրի ռազմավարական միակ դաշնակից նշվեց Ռուսաստանը, իսկ Վրաստանի հետ հարաբերությունները բնութագրվեցին որպես բարիդրացիական համագործակցություն: Այլ կերպ ասած՝ հաղթանակեց իրատեսական և սթափ մոտեցումը. ռազմավարական դաշնակցային հարաբերություններն անհնար են ազգային անվտանգության տարբեր համակարգերում ընդգրկված երկրների` ՀԱՊԿ անդամ Հայաստանի և ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտող Վրաստանի միջև:

Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի հաստատումից մեկ տարի անց` 2006 թ. գարնանը, ձեռնարկվեց դրա փաստացի դեզավուացիայի առաջին փորձը՝ խորհրդարանի այն ժամանակվա խոսնակ Արթուր Բաղդասարյանը արտասահմանյան պարբերականներին տված հարցազրույցում արտահայտվել էր տեսանելի հեռանկարում Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու օգտին: Երբ ես խորհրդարանական նիստի ընթացքում նրան առաջարկեցի անհրաժեշտ պարզաբանումներ տալ ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգին հակասող նման հապճեպ գնահատականների կապակցությամբ, ծավալվեց բուռն քննարկում, որի արդյունքում Արթուր Բաղդասարյանը հայտարարեց ԱԺ խոսնակի պաշտոնից հրաժարվելու և իշխող կոալիցիայից դուրս գալու մասին:

Այսպիսով՝ այն ժամանակ հաջողվեց պաշտպանել կոմպլեմենտարիզմի քաղաքականության սկզբնական իմաստը, որը մեր փոխկախյալ և բաժանարար գծերից ազատ աշխարհի պայմաններում սահմանում էր հստակ սուբորդինացիա հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության առաջնային նպատակի և Եվրոպայի ու Ամերիկայի բարեկամ երկրների, ինչպես նաև հարևան Վրաստանի ու Իրանի հետ Հայաստանի համագործակցությունը զարգացնելու լրացուցիչ՝ այս առանցքային նպատակի իրականացման հետ ներդաշնակ խնդիրների միջև:
 
2007 թ. խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց հետևանքով երկրի ներքաղաքական լանդշաֆտը ենթարկվեց զգալի փոփոխությունների, համապատասխանաբար փոխվեց նաև հայկական կոմպլեմենտարիզմի մեկնաբանությունը: Հայ ռուսական ռազմավարական գործընկերության և Ռուսաստանի հետ հետխորհրդային տարածքում ինտեգրման նախագծերի իրականացմանը մասնակցելու նպատակների գերակայության փոխարեն առաջնային դիտվեց եվրաինտեգրման նպատակը: Ընդ որում այդ արմատական շրջադարձը՝ 180 աստիճանով, իրականացվեց առանց հրապարակային քննարկումների, առանց ազգային անվտանգության հաստատված հայեցակարգի վերանայման նպատակով համապատասխան քայլերի: Եթե հիշում եք՝ Ուկրաինայում նույնանման իրավիճակում հարցը համաժողովրդական քննարկման դրվեց, և երկրի քաղաքական ղեկավարությունը ստիպված էր հաշվի առնել հասարակական կարծիքը, քաղաքացիների մեծ մասի դիրքորոշումը: Իսկ մեր երկրում ամեն ինչ կատարվեց 2007 և 2012 թթ. ընտրություններին ավանդական մոտեցումների կողմնակիցներին խորհրդարանից դուրս մղելու և եվրաինտեգրման նորաթուխ կողմնակիցների «պոստմոդեռնիստականե կոհորտային ԱԺ-ում դիրքավորելու` այդպիսով քաղաքական վերնախավը էապես ձևափոխելու միջոցով: Սա այն դեպքն է, որը գալիս է ապացուցելու «արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքկանության շարունակությունն էե հայտնի դրույթի ճշմարտացիությունը, երբ ստիպված ենք լինում արձանագրել այն թեզիսի իրավացիությունը, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է:

Հայաստանը հետխորհրդային միակ երկիրն է, որտեղ «առաջին սերնդի բարեփոխիչներինե հաջողվել է վերադառնալ քաղաքական ավանսցենա: Ոչ Լանդսբերգիսին Լիտվայում, ոչ Շուշկևիչին Բելառուսում, ոչ Պրունսկենեին Էստոնիայում, ոչ էլ նույնիսկ Լեխ Վալենսեին Լեհաստանում (եթե որպես օրինակ վերցնենք նաև Արևելյան Եվրոպայի երկրների փորձը) դա չի հաջողվել: Մեզանում եզակի հետևողականությամբ քաղաքական էլիտան համալրվեց կոնտրէլիտայով՝ «ժառանգականորեն» արևմտամետ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցների հաշվին: Մյուս կողմից, որպես այդ վայրիվերո փոփոխությունների օրգանական մաս ապահովվեց վերնախավի ինտենսիվ զտումը ռուսամետ կուսակցություններից և գործիչներից: Մինչ այդ քաղաքական դաշտում ծանրակշիռ դերակատարություն ունեցող ռուսամետ կուսակցությունները, ասես դիրիժորական փայտիկի թելադրանքով, աբսորբացվեցին, դիմազրկվեցին, ներառվեցին արհեստականորեն ստեղծված «կուսակցականե կոնգլոմերատներում, որոնցում ծաղրածուների վերածված առաջնորդները պատգամավորական մանդատների դիմաց հարմարվեցին եվրաինտեգրման կողմնակիցների ուղղորդող գծին: Չեմ ուզում անուններ ու ազգանուններ տալ՝ դուք նրանց լավ եք ճանաչում: Ասեմ միայն, որ ներքաղաքական լանդշաֆտը ձևափոխելու և այն՝ հայկական կոմպլեմենտարիզմի իմաստի նոր մեկնությանը հարմարեցնելու այդ գործընթացը հախուռն չէր:

Ճիշտ հակառակը՝ այն հմտորեն ուղղորդվում էր, ղեկավարվում վերևից և դրա հետևանքով հայ-ռուսական հարաբերություններն անխուսափելիորեն մտան փոխադարձ անվստահության փակուղի: Կարիք չկա իրավիճակի պատշաճ գնահատականների համար հանդիմանել Սերգեյ Կուրղինյանին, Կոնստանտին Զատուլինին, Վյաչեսլավ Կովալենկոյին և ռուսաստանցի մյուս հայտնի փորձագետներին ու հասարակական-քաղաքական գործիչներին, ովքեր ի դեպ շատ բան են արել Հայաստանի ու Արցախի համար: Ես ամենևին էլ չեմ կասկածում, թե այդ արժանի մարդիկ իրոք սրտացավ են վերաբերվում Հայաստանին և Արցախին, անկեղծորեն մտահոգված են քաղաքական վերնախավի արկածախնդիր մոտեցումների ծանր հետևանքներով: Նրանք հեշտ իրավիճակում չեն. Մոսկվայում կան լուրջ ուժեր, որոնք պահանջում են Ռուսաստանի ղեկավարությունից՝ արմատապես վերանայել վերաբերմունքը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ: Պատահական չէ, որ համացանցում հենց հիմա հայտնվեց ղարաբաղյան շարժման «պապիկե Զորի Բալայանի և 1990 թ. ԱՄՆ-ում ապաստարան գտած, իր հակառուսական սուր գնահատականներով հայտնի Պարույր Հայրիկյանի 23-ամյա վաղեմության հեռախոսազրույցի ձայնագրությունը: Պատահական չէ, որ արևելաեվրոպական գործընկերության մասնակից վեց երկրներից մեկը` Ադրբեջանը, չի շտապում հետևել երբեմնի բավականին ակտիվ ՎՈՒԱՄ բլոկի իր դաշնակիցների՝ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի օրինակին, միանալով ԵՄ ասոցացված անդամության պայմանագրին:

Դրա փոխարեն պաշտոնական Բաքուն փաստորեն ձայնակցում է Ռուսաստանի մերձավոր դաշնակից Բելառուսին` ակնհայտորեն ձգտելով ԵՄ-ի հետ ասոցացվելու հարցում իր մերժումով «կոնտրաստային պատկերե ստեղծել պաշտոնական Երևանի մտադրությունների ֆոնին՝ դրանով իսկ ջուր լցնելով մոսկովյան այն ուժերի ջրաղացին, ովքեր ավելի ու ավելի բարձրաձայն են մեղադրում ղարաբաղցիներին՝ 25 տարի առաջ Խորհրդային Միության դեզինտեգրացիայի գործընթացները սադրելու, իսկ հիմա էլ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերը թուլացնելու համար: Պետք չէ թշնամիներին փնտրել ընկերների մեջ և չտեսնել այնտեղ, որտեղ նրանք ձեռքները քշտած գործունեություն են ծավալել: Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է այն մասին, որ Ղարաբաղի խնդրի լուծման բանալիները Մոսկվայում են՝ բացահայտորեն ակնարկելով, որ պատրաստ է, ինչպես անցած դարի 20-ականներին, Ղարաբաղը հերթական անգամ Ադրբեջանին կցելու դիմաց մասնակցել Մոսկվայի ինտեգրացիոն ծրագրերին:

- Դուք համամի՞տ եք շրջանառվող այն կարծիքին, թե Մոսկվան բարձրացնելով Հայաստանին մատակարարվող գազի սակագինը և Ադրբեջանին վաճառելով 1 մլրդ դոլար արժողությամբ զինամթերքի խոշոր խմբաքանակ՝ ճնշում է գործադրում Երևանի վրա՝ ցանկանալով խոչընդոտել Հայաստանի եվրաինտեգրման ծրագրերին:


- Ես չեմ համարում, թե Ռուսաստանը դրդում է Հայաստանին այս կամ այն ընտրությունը կատարել: Պուտինյան Ռուսաստանը բավականաչափ խելացի է և հասկանում է` ստիպողական եղբայրությունը գրոշի գին չունի: Նման «եղբայրություննե արդեն մեկ անգամ՝ քսաներեք տարի առաջ Ռուսաստանում աշխարհաքաղաքական աղետ է առաջացրել: Միաժամանակ՝ Մոսկվան հստակ ձևակերպում է այլընտրանքը՝ եթե ոչ եղբայրություն, ուրեմն բրիտանական սկզբունք՝ շահեր, իրատեսական հաշվարկ: Երրորդ տարբերակ գոյություն չունի: Հիշո՞ւմ եք Ղարաբաղյան շարժման արշալույսին այդ մոտեցման գլխավոր գաղափարախոսը սիրում էր կրկնել բրիտանական հայտնի ասացվածքը՝ «չկան մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ, կան միայն մշտական շահերե: Ինչպես Արիստոտելն էր ասում՝ բարեկամների մոտ է ամեն ինչ ընդհանուր, իսկ գործընկերների մոտ յուրաքանչյուրը հավատարիմ է իր շահերին: Հասկանո՞ւմ եք, Ռուսաստանն անկեղծորեն ցանկանում է, որ Հայաստանը լինի իր հավատարիմ դաշնակիցը, ընկերը, եղբայրը՝ ոչ թե հաշվարկով, այլ սրտի կանչով:

Ռուսաստանի այդ ցանկության հիմքում ոչ թե պրագմատիվ հաշվարկներն են, այլ ռուսների ժամանակակից հոգեվիճակին բնորոշ առանձնահատկությունները: Ի վերջո դեռ Ալեքսանդր 2-րդն էր ասում, որ Ռուսաստանի միակ հուսալի դաշնակիցները իր բանակն ու նավատորմն են՝ ոչ մի ուրիշ դաշնակցի կարիք նա չունի: Եվ իրոք՝ եթե դատենք իրատեսական չափորոշիչներով՝ Հայաստանն ի՞նչ կարող է տալ Ռուսաստանին: Այլ բան է, որ ռուս ժողովրդի համար, որը վերջին 20 տարիներին հսկայական ցնցում է ապրել՝ հայտնաբերելով, որ Արևմուտքի կողմից հրահրվող ռուսատյացության ազդեցությամբ իրենից երես են թեքել նույնիսկ իր սլավոնական եղբայրները, որոնց ինքը փրկել է թուրքական յաթաղանից և ֆաշիստական ժանտախտից, հայ ժողովրդի բարոյահոգեբանական աջակցությունն իրոք շատ բան կնշանակեր: Նիկոլայ Բերդյաևը հետաքրքիր դատողություններ ունի ռուսական հոգու կանացի էության մասին: Հակասական է մի ժողովրդի համար, որը փառավորվել է իր ռազմիկներով, մարտնչելու և ռազմական հաղթանակներ տանելու իր կարողությամբ, բայցևայնպես փաստ է, որ ռուս ժողովուրդը սենտիմենտալ է` հաշվենկատությունը նրան խորթ է: Հենց այդ պատճառով էլ հիմա, երբ ռուսները բավականին ծանր կացության մեջ են, երբ նրանց փորձում են մեկուսացնել, թերարժեքության զգացում ներշնչել, քրիստոնեական առաջին պետության` Հայաստանի բարոյահոգեբանական աջակցությունը կարող էր նրանց համար դառնալ փրկարար սպեղանի: Դա հայ-ռուսական փոխհարաբերություններում կդառնար բարձրագույն ճշմարտության այն պահը, որը պաշտոնական Մոսկվային կկանգնեցներ հայ ժողովրդի առջև բարոյական պարտավորվածության փաստի առջև: Իսկ հիմա դառնանք շահերին:

Այստեղ ամեն ինչ շատ պարզ է և հավատացեք՝ մեզ համար բացարձակապես անհեռանկարային: Կարդացեք Զբիգնև Բժեզինսկու «Շախմատային մեծ խաղատախտակըե գիրքը, տեսեք, թե ինչ է ասում Ադրբեջանի աշխարհաքաղաքական արժեքի մասին՝ գրեթե ոչինչ չասելով Հայաստանի մասին, մեզ այդ ցուցանիշով նույնիսկ հեռավոր համեմատության մեջ չդիտարկելով: Իրոք, այդ հարավկովկասյան երկրների «ապրանքային արժեքիե համեմատական վերլուծությունը՝ շահերի արդիականացման, «գործընկերությունիցե ակնկալվող շահի առումով, մեզ ոչ մի լավ բան չի խոստանում: Հին Հռոմի կայսր Կալիգուլան ասում էր. «Ես չեմ ուզում, որ ինձ սիրեն, ես ուզում եմ, որ ինձանից վախենանե: Ռուս ժողովրդի «կանացի հոգինե՝ հակառակը, ուզում է, որ Ռուսաստանից ոչ թե վախենան, այլ սիրեն: Բայց եթե չկան սեր և եղբայրություն՝ հավատարմության միակ ազդակը վախն է… Մոսկվան հասկանում է դա, այդ պատճառով հետագայում ևս զենք կվաճառի Ադրբեջանին, որպեսզի կախման մեջ պահի պաշտոնական Երևանին: Այս պատմության մեջ ամենաանհեթեթը լայնորեն տարածված այն տեսակետն է, թե հայ-ռուսական հարաբերությունների վատացման պատճառն Ադրբեջանին զենք վաճառելն է: Ակնհայտ է, որ տվյալ մեկնաբանության մեջ հետևանքն ընկալվում է որպես պատճառ, իսկ պատճառը դիտվում է որպես հետևանք: Իրականում Մոսկվան զենք է վաճառում Ադրբեջանին, քանի որ չի վստահում պաշտոնական Երևանին, չի հավատում՝ «սրտի կանչով» մեր հավատարմությանը՝ այդ պատճառով էլ երաշխավորում է մեր հավատարմությունը «վախի կանչովե. մի ձեռքով զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ մյուս ձեռքով էլ պաշտպանում է մեզ այդ զենքից: Բայց չէ՞ որ դա մեր ընտրությունն է, մենք ենք ներշնչում Մոսկվային, որ քաղաքականության մեջ չկան հավերժ բարեկամներ և հավերժ թշնամիներ, մեր ղեկավարությունն է Արևմուտքից խնդրում, որ համոզի Անկարային՝ մտերմանալ Երևանի հետ և բացել հայ-թուրքական սահմանը՝ բարձրաձայն հայտարարելով, որ այդպիսով ուզում է ազատվել «կայսերական Ռուսաստանիե հովանավորությունից: Ի պատասխան՝ Մոսկվան ի՞նչ պետք է անի: Այո, զենք վաճառի Ադրբեջանին, որպեզի մենք գիտակցենք, որ նրա հովանավորությունն այլընտրանք չունի: Ի՞նչն է անհասկանալի: Ինչպես ասում էր Սենեկան՝ ճակատագիրը ցանկացողին առաջնորդում է, իսկ չցանկացողին իր հետևից քաշ է տալիս կիսագիտակից վիճակում: Եվ ոչ մի «եղբայրությունե, ոչ մի «սենտիմենտե՝ միայն բիզնես և հաշվարկ՝ մեկին զենք եմ վաճառում, իսկ մյուսին՝ ստացած փողով զենք մատակարարում, դրա արդյունքում երկուսին էլ ինձանից կախման մեջ եմ պահում: Ահաև հավերժական շահեր՝ առանց հավերժական բարեկամության. ինչ ուզում էինք՝ դա էլ ստացանք:

- Հայաստանն իրո՞ք կանգնած է կոշտ ընտրության առաջ՝ Ե՞Մ, թե Ռուսաստան: Թե՞ ինչպես պնդում են որոշ վերլուծաբաններ՝ սա հորինված դիլեմա է:

- Հենց այդ «վերլուծաբաններնե էլ ապակողմորոշել են Սերժ Սարգսյանին, ներշնչելով նրան, որ հայ-ռուսական ռազմավարական դաշինքը հնարավոր է պահպանել զուտ որպես ռազմաքաղաքական համագործակցություն, զուգահեռաբար տնտեսապես ինտեգրվելով Եվրամիությանը: Իսկ իրականում դա անհեթեթություն է, քանի որ ռազմավարական դաշնակցությունը կարող է միայն ամբողջական լինել՝ ներառելով բոլոր հիմնական, կենսական նշանակության ոլորտները՝ տնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային-կրթական, հոգևոր՝ այդ հասկացության լայն իմաստով: Ընդ որում ռազմավարական համագործակցության հարաբերությունների տնտեսական բաղկացուցիչն ամենակարևորն է. ՆԱՏՕ-ի ոչ բոլոր անդամներն են ԵՄ անդամ, բայց ԵՄ բոլոր անդամները ՆԱՏՕ-ի կամ անդամ են, կամ էլ անդամության թեկնածու: Վլադիմիր Պուտինը Միխայիլ Գորբաչով չէ կամ էլ Բորիս Ելցին, ում կարելի էր խաբել: Որքան էլ ճոխ հավաստիքներ տա Շտեֆան Ֆյուլեն՝ նրա խոսքերը Մոսկվայի համար չարժեն ավելին, քան Բուշ ավագի և Մարգրեթ Թետչերի՝ Գորբաչովին տված այն խոստումը, թե Վարշավյան պայմանագրի լուծարման և Եվրոպայից խորհրդային զորքերի դուրս բերման դեպքում իրենք զերծ կմնան դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից: Թե ինչ արժեք ունեին այդ խոստումները՝ բոլորը գիտեն:

Հասկանալի է, որ Մոսկվան նույն գետը երկու անգամ չի մտնի, իսկ Վլադիմիր Պուտինը երբևէ չի գնա աշխարհաքաղաքական զիջումների և չի դավաճանի Ռուսաստանի շահերին: Մոսկվան հոյակապ հասկանում է, որ գործը չի սահմանափակվի ասոցացված անդամության մասին համաձայնագիր կնքելով, որ սա քայլ է արդեն տեսանելի հեռանկարում ԵՄ-ին լիարժեքորեն անդամագրվելու ճանապարհին, իսկ դա իր հերթին անխուսափելիորեն կբերի այդ երկրների անդամագրությանը ՆԱՏՕ-ին: Քանի որ Հայաստանը միակ երկիրն է, որ ԵՄ-ի հետ ասոցացված անդամության մասին պայմանագիր է կնքում՝ միաժամանակ լինելով ՀԱԿՊ անդամ, խոսքը փաստորեն ՀԱՊԿ փլուզման սպառնալիքի մասին է: Միանգամայն ակնհայտ է, որ նման «հեռանկարիե հետ Մոսկվան հաշտվել չի կարող և կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա կանխի: Ըստ էության Հայաստանի քաղաքական վերնախավն իր այս ավանտյուրայով պաշտոնական Բաքվին հնարավորություն տվեց զգալիորեն բարելավել իր հարաբերությունները և ավելի սերտ համագործակցություն սկսել Մոսկվայի հետ՝ ի վնաս Հայաստանի և Արցախի շահերին: Եթե Սերժ Սարգսյանը չհրաժարվի իր մտադրություններից՝ հետևանքներն ավելի ծանր կլինեն, գուցեև անդառնալի: Այդ բոլոր խոսակցությունները, թե զենքի գործարքը վաղուց էր ծրագրված, իմաստազուրկ են՝ չէ՞ որ ԵՄ-ի հետ մեր բանակցությունները նույնպես երեկ չեն սկսվել: ԵՄ-ի հետ ասոցացված անդամության մասին համաձայնագիր կնքելու հարցը պաշտոնական Երևանի ու բարձրաստիճան եվրապաշտոնյաների միջև բանակցությունների առարկա է դարձել դեռ 2011 թ. սկսած, և Մոսկվան նույնպես նախապես պատրաստել էր իր ասիմետրիկ պատասխանը Երևանին՝ Ադրբեջանին զենք վաճառքի տեսքով:

- Ի՞նչ կտա մեզ անդամությունը՝ գոյություն չունեցող Եվրասիական միությանը և որքանո՞վ է հեռանկարային Հայաստանի անդամությունը Մաքսային միությանը, եթե մեր երկիրն ընդհանուր սահմաններ չունի ՄՄ անդամ երկրների հետ:

- Այս հարցերը պետք է դառնային Երևանի և Մոսկվայի միջև լուրջ քննարկումների թեմա: Բայց նման քննարկումներ չկան: Հակառակը՝ Կ. Զատուլինը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում հանդիմանում է մեր քաղաքական գործիչներին՝ եվրասիական ինտեգրման և Մաքսային միությանն անդամակցելու հարցերին թեթևամիտ և քամահրական վերաբերվելու համար: Եթե հիշենք մեր արտաքին առևտրային բալանսի սալդոն՝ ակնհայտ կդառնա, որ այն ուղղելու անհրաժեշտութան տեսանկյունից ԵՄ-ին ասոցացված անդամությունը մեզ ոչինչ չի տա, քանի որ եվրոպական շուկաներում մեր ապրանքարտադրողներին ոչ ոք չի սպասում: Այլ բան են Մաքսային միության անդամների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի շուկաները՝ այնտեղ մեր ապրանքները միանգամայն մրցունակ են:

Ինչ վերաբերում է այն պատճառաբանությանը, թե մենք այդ երկրների հետ ընդհանուր սահմաններ չունենք, ապա Վրաստանի և Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի ջանքերով վերականգնելու հեռանկարն ավելի իրատեսական է և շոշափելի, քան այն աղոտ հույսը, թե տնտեսական ցնցումներ վերապրող ԵՄ-ին կհաջողվի համոզել Թուրքիային, որպեսզի բացի հայ-թուրքական սահմանը: Ոչ ոք դրանով չի զբաղվի, որքան էլ մենք աղաչենք: Եվրապաշտոնյաները դրա համար չեն հրավիրում Հայաստանին ԵՄ ասոցացված անդամության, այլ նրա համար, որ արգելափակեն Հայաստանի հնարավոր մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն նախագծերին: Հենց հասան այդ նպատակին՝ կկորցնեն Հայաստանի հանդեպ իրենց հետաքրքրությունը:

Մենք չունենք ոչ գազ, ոչ նավթ, բայց առայժմ ունենք ռազմավարական դաշնակից, որն ունի և գազի, և նավթի անսպառ պաշարներ, և որը պատրաստ է Մաքսային միությանը մեր անդամագրության դեպքում դրանք մեզ մատակարարել Ռուսաստանի ներսում գործող գներով: Ուզում են փակել այդ հնարավորություններից օգտվելու մեր ճանապարհը՝ փոխարենը տալով «ավելի շատի դիմաց ավելի շատ բան ստանալուե աղոտ խոստումներ: Շատ շուտով մենք կիմանանք, որ այդ մշուշոտ ձևակերպման տակ քողարկված է ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու պահանջը...
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1126 reads | 22.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com