ՉԻՆԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան Ասիայի երկրների բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու








Մերձավոր Արեւելքում Չինաստանի Ժողովրդական հանրապետության (ՉԺՀ) քաղաքականության ակտիվացումը վերջին տասնամյակներին պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից գերիշխողը համաշխարհային քաղաքականությունում Պեկինի առանցքային դեր ստանձնելու ձգտումն է: ՄԱ-ն աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող տարածաշրջան է, հետեւաբար տարածաշրջանի գործերին ակտիվ մասնակցությունը Պեկինի համար անհրաժեշտ նախապայման է գլոբալ տերության կարգավիճակի հասնելու գործում: Տնտեսական օգնության, ներդրումների եւ քաղաքական աջակցության ձեւով «փափուկ ուժի»` "soft power"-ի իրականացումը Պեկինի` "Մեծ Մերձավոր Արեւելքի» քաղաքականության անկյունաքարն է: 2004թ. «Մեծ ութնյակ»-ի գագաթնաժողովին Ջորջ Բուշի ներկայացրած «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրին զուգահեռ Պեկինն առաջ քաշեց իր այլընտրանքային` «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագիրը` «Չինաստան-արաբական երկրներ համագործակցության ֆորումի» ձևով: Վերջինիս սկզբունքային տարբերությունն ամերիկյանից հետևյալն էր` Պեկինը ՄԱ-ի երկրների ժողովրդավարացման, բարեփոխման և առհասարակ փոփոխման նպատակ չի հետապնդում: ՉԺՀ-ի գլխավոր նպատակը ՄԱ-ի երկրների հետ բարեկամական հարաբերությունների հաստատումն է, որի դիմաց Պեկինը միայն նավթ է պահանջում:

Տարածաշրջանում Պեկինի գլխավոր մրցակիցն ԱՄՆ-ն է, ինչն ինքնին պայմանավորում է ՉԺՀ-ի մերձավորարեւելյան քաղաքականության բովանդակությունն ու բնույթը: Խնդիրն այն է, որ ՉԺՀ-ն իր արագ աճող տնտեսության համար պահանջվող նավթային պահանջարկի 50%-ը, հակառակ էներգիայի ներկրման աղբյուրների տարորոշման ուղղությամբ գործադրած ջանքերին, ապահովում է ՄԱ-ից ներկրվող նավթի հաշվին, որի միայն 30%-ը` Իրանից և Սաուդյան Արաբիայից:

Միջազգային Էներգետիկ Գործակալության համաձայն, ՉԺՀ-ը ներկայիս 50%-ի փոխարեն իր պահանջվող նավթի 70%-ը 2015թ. կներկրի այլ, հատկապես ՄԱ-ի երկրներից: Հետեւաբար, ՄԱ-ի երկրների էներգետիկ սեկտորում չինական նավթային ընկերությունների համար ամուր դիրքերի ապահովումը ՉԺՀ-ի մերձավորարեւելյան քաղաքականության գերակա ուղղությունն է:

Սակայն Չինաստանի էներգետիկ «մեծ պահանջարկը» ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Արեւմուտքի երկրների կողմից սպառնալիք է դիտվում համաշխարհային էներգետիկ շուկայի կայունությանն ու գլոբալ նավթագազային աշխարհաքաղաքական հավասարակշռությանը, այսինքն` մեծ քանակությամբ էներգիա սպառող երկրների կենսական շահերին: Ավելին, Չինաստանի տնտեսության դինամիկ աճը նավթի գների բարձրացման, էներգետիկ պաշարների համար մղվող պայքարի սրման, շրջակա միջավայրի աղտոտման եւ գլոբալ տաքացման պատճառ է համարվում:

Հարկ է նկատել, որ Չինաստանը միակ խոշոր տերությունն է ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամներից, որը սերտ գործընկերային հարաբերութուններ ունի մի կողմից` ՄԱ-ում ԱՄՆ-ի ավանդական գործընկերների` արաբական չափավոր վարչախմբեր Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Քաթարի, ԱՄԷ-ի, Օմանի և այլ երկրների հետ, մյուս կողմից` Վաշինգտոնի հետ «բարդ հարաբերություններ» ունեցող երկրների` տարածաշրջանի արմատական վարչախմբերի Սիրիայի, Սուդանի, Լիբիայի, Իրաքի եւ Իրանի հետ: Պեկինն էներգետիկ, կոմերցիոն և առևտրային շահեր ունի նաև Հյուսիսային Աֆրիկայի (ՀԱ) բոլոր երկրների հետ: ՉԺՀ-ի և Աֆրիկայի երկրների միջև քաղաքական, տնտեսական, գիտամշակութային, տեխնոլոգիական, հատկապես էներգետիկ ոլորտներում հաստատված սերտ համագործակցությունը նպաստում է ՉԺՀ-ի համար ռազմավարական կարևորություն ներկայացնող տարածաշրջանում վերջինիս ներկայության ու ազդեցության ընդլայնմանը:

ՄԱ-ի երկրների զգալի մասը, թե՛ ԱՄՆ-ի դաշնակիցները, եւ թե՛ վերջինիս հետ «բարդ հարաբերություններ» ունեցող երկրները Չինաստանին դիտում են տարածաշրջանում Վաշինգտոնի ազդեցությանը հակազդող գործոն: Վերջիններս Պեկինի հետ կիսում են ԱՄՆ-ի գլոբալ տիրապետությունը եւ իրենց ներքին գործերին Արեւմուտքի միջամտությունը սահմանափակելու ընդհանուր ցանկությունը, հատկապես այնպիսի հիմնախնդիրներում, ինչպիսին մարդու իրավունքների խախտումների մեջ մեղադրանքներն են: Փաստենք, որ Պեկինը պատրաստ է աջակցել այդ երկրների տնտեսությունների ազատականացման հետ կապված գործընթացներին` վերջիններիս հնարավորություն ընձեռելով շրջանցել ԱՄՆ-ի ճնշումները քաղաքական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Պեկինը կիսում է արաբական աշխարհի ժողովրդավարացումն ու անհրաժեշտ բարեփոխումները սեփական նախաձեռնությամբ եւ իսլամական քաղաքակրթության վրա հիմնված արժեհամակարգերին, իրողություններին եւ ազգային շահերին համապատասխան իրականացնելու ուղղությամբ արաբական վարչախմբերի զբաղեցրած դիրքորոշումը:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1690 reads | 22.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com