ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ» ՆԿԱՏՄԱՄԲ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան Ասիայի երկրների բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու







ՍԿԻԶԲԸ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ» ՆԿԱՏՄԱՄԲ

ՉԺՀ-ը ձգտում է տարածաշրջանի հետ հարաբերություններ զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ դիվանագիտական ձեւաչափով: Պեկինն արաբական պետությունների հետ համագործակցում է Չին-արաբական համագործակցության համաժողովի, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի և Չին-աֆրիկյան համագործակցության ֆորումի շրջանակներում: Չինաստանը կայուն երկկողմ հարաբերություններ է զարգացնում ոչ միայն տարածաշրջանի ռազմավարական նշանակությամբ երկրների, այլ Չինաստանի համար էներգետիկ հետաքրքրություն չներկայացնող եւ ռազմավարական առումով կարևորություն չներկայացնող երկրների հետ: Պեկինը ձգտում է ՄԱ-ում հնարավորինս ընդլայնել իր տնտեսական ներկայությունը տարածաշրջանի երկրների հետ առեւտրային կապերի զարգացման միջոցով և շահագրգռված է ոչ միայն ՄԱ-ի երկրների տնտեսություններում հնարավորինս մեծ չափով ներդրումներ իրականացնելու մեջ, ընդ որում, առանց քաղաքական նախապայմանների, այլ խրախուսում է սեփական տնտեսության մեջ մերձավորարեւելյան, հատկապես արաբական երկրների կողմից իրականացվող կապիտալ ներդրումները:

Պեկինն աստիճանաբար անկախություն է ձեռք բերում ոչ միայն իր մերձավորարևելյան քաղաքականության ամրապնդման, այլև տարածաշրջանի քաղաքական գործընթացների վրա իր ազդեցության միջոցների ընտրության հարցում: Հարկ է նկատել, որ Չինաստանը նման քաղաքական և տնտեսական հաջողությունների է հասել նվազագույն ռեսուրսներով` միաժամանակ ձեռնպահ մնալով բարձր հռետորությունից և ցուցադրական գործողություններից:

Այս առումով մեծ հետաքրքրություն են ներկայացնում 2011թ. սկզբից ի վեր Հյուսիսային Աֆրիկայում և ՄԱ-ում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք բնավ չէին կարող անտարբեր և անմասն թողնել Պեկինին: Նախ նշենք, որ չին փորձագետներն իրենց նախնական գնահատականներում անկարգությունների պատճառները հիմականում պայմանավորում էին ՀԱ-ի և ՄԱ-ի երկրների քաղաքական համակարգերով ու սոցիալական հակասություններով, ինչպես նաև տնտեսության և աշխատանքի զբաղվածության բարդ իրավիճակով, մշակութային ու կրոնական հիմնախնդիրներով, արտաքին միաջմտությամբ և այլ գործոններով: Չին փորձագետների համաձայն` նոր պայթյունը երկար ժամանակ կուտակված հին խնդիրների հետ մեկտեղ ի դերև հանեց տարածաշրջանում զարգացման մոդելի ձևափոխության միտումներն ու անխուսափելիությունը: Գործնականում Չինաստանը բախվեց արագ փոփոխվող զարգացումների հետ և ստիպված էր հարմարեցնել իր արտաքին քաղաքականությունն ընթացիկ իրավիճակների հետ: Չինական ԶԼՄ-ները կարճաժամկետ շփոթությունից հետո դրանք անվանեցին «արաբական սոցիալական և քաղաքական հուզումներ»: Իսկ ավելի ուշ, չինական ԶԼՄ-ներում շրջանառության մեջ դրվեցին «արաբական գարուն» և «արաբական հեղափոխություն» եզրույթները:

Սակայն Պեկինին մտահոգում էին ոչ միայն այդ երկրների հետ Չինաստանի հարաբերությունների հեռանկարի հետ կապված խնդիրները, որոնց մի մասի հետ ՉԺՀ-ի հարաբերությունները հասնում են ռազմավարական մակարդակի, այլ մերձավորարևելյան զարգացումների վարակիչ անդրադարձը սեփական երկրում: Այդ իսկ պատճառով Պեկինն անհապաղ միջոցներ ձեռնարկեց Չինաստանի ներսում հնարավոր զարգացումների կանխարգելման և ներքին կայունության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում իր աճող տնտեսական և քաղաքական շահերի պաշտպանության ուղղությամբ: Դրանք միտված էին արաբական աշխարհում տեղի ունեցող անկանխատեսելի և անկասելի թվացող իրադարձությունների արդյունքում ՉԺՀ-ի տնտեսական կորուստների նվազեցմանը:

ՉԺՀ-ի կառավարությանը մտահոգում էր չին ազգաբնակչության շրջանում սոցիալական լարվածության հնարավոր աճը` կապված բնակարանային հարկերի, սննդամթերքի և էներգիայի գների բարձրացման հետ: Այս իսկ պատճառով ՉԺՀ-ի նախագահ Հու Ձինթաոն նահանգային և նախարարական մակարդակի պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում հայտնեց, որ անհրաժեշտ է լուծել "առկա խնդիրները, որոնք կարող են վտանգել հասարակության ներդաշնակությունն ու կայունությունը": Նախագահը հայտարարեց, որ պետք է ժողովրդին առավել որակյալ սոցիալական ծառայություններ մատուցել և բարելավել համացանցի տեղեկատվության կառավարումը` "հասարակական կարծիքն ուղղորդելու նպատակով":

Խնդիրն այն է, որ համացանցի միջոցով երկրի բնակիչներին կոչ էր արվում հանդես գալ "Հասմիկի հեղափոխության" անվան տակ` իշխանություններին ներկայացնելով "սննդի, բնակապահովման, աշխատանքի, արդարության, ազատության, ժողովրդավարության, քաղաքական բարեփոխումների, բազմակուսակցական կառավարման և այլ" պահանջներ:

Փետրվարին իրավապահ մարմինները ստիպված եղան ցրել Չինաստանի մեկ տասնյակից ավելի քաղաքներում, այդ թվում Պեկինում ու Շանհայում կազմակերպված չլիազորված ցույցերը, որոնց ընթացքում ձերբակալվեց հարյուրից ավելի ակտիվիստ: ՉԺՀ-ի նախագահը հրահանգավորեց խստացնել համացանցի նկատմամբ վերահսկողությունը: Իշխանությունները սահմանափակեցին զանգվածային բողոքներով համակված երկրներից ստացվող փողոցային ելույթների վերաբերյալ լրահոսքը: Անկասկած, վերոնշյալ երկրների և չինացի ցուցարարների հնչեցրած դժգոհությունների միջև բազմաթիվ ընդհանրություններ կային, սակայն Պեկինին հաջողվեց խիստ վերահսկողություն սահմանել ԶԼՄ-երի, համացանցի և այլ ֆորումների նկատմամբ, ինչը բարդություններ ստեղծեց զանգվածային ցույցերի կազմակերպման համար:

Ակնհայտորեն հորդորելով զանգվածներին չենթարկվել կապիտալիստական Արևմուտքի սադրանքներին, չինական հայտնի վերլուծական կենտրոնները հանդես եկան "Արևմտյան դավադրության վերաբերյալ նախազգուշացումներով` վերջիններիս նպատակ հայտարարելով զարգացող Չինաստանի թուլացումը` սկսած ռազմական զսպումից մինչև "ժողովրդավարական իդեալների տարածումը": Վերջիններիս կարծիքով` Պեկինին վարկաբեկելու ու սանձելու նպատակով Վաշինգտոնը գործի էր դրել իր ռազմավարական լծակները`"արժեքային համակարգն ու փափուկ ուժը":

Անշուշտ, ՀԱ-ում ու ՄԱ-ում բողոքի ցույցերն ու հեղաշրջումները լուրջ փորձություն դարձան նաև Չինաստանի արտաքին քաղաքականության համար, որի գլխավոր սկզբունքն է չմիջամտության հայեցակարգը: Հատկապես "չմիջամտության քաղաքականությունն” է Պեկինն ընդգծում որպես իր արտաքին քաղաքականության անկյունաքար (և ոչ միայն ՄԱ-ում)` այն համարելով իբրև գլխավոր երաշխիք տարածաշրջանային և գլոբալ կայունության պահպանման գործում` միաժամանակ զուգահեռներ տանելով "Չինաստանի ներքին գործերին չմիջամտության” հետ այնպիսի զգայուն հարցերում, ինչպիսին Թայվանի ու Տիբեթի հիմնախնդիրներն են: Պեկինը պնդում է, որ պետք է հետամուտ լինել այլ պետությունների ներքին գործերին չմիջամտության սկզբունքին` միաժամանակ ընդգծելով Չինաստանի շահերի պաշտպանության անհրաժեշտությունը: Այդ պատճառով էլ սկզբնական շրջանում Չինաստանը ձգտում էր հնարավորինս հեռու մնալ հակամարտությունների նկատմամբ որևէ գնահատականներից` սահմանափակվելով միայն հակամարտող կողմերին հաշտություն կնքելու և խաղաղությունը վերականգնելու կոչերով:

Թունիսյան իրադարձությունների սկզբում Պեկինը, հայտնվելով բարդ իրավիճակում, ի տարբերություն Արևմուտքի, հիմնականում ձեռնպահ էր մնում որևէ մեկնաբանություններից և գնահատականներից: Ավելին, հուզումների սկզբնական փուլում Պեկինում փորձում էին խնդրին առանձնահատուկ ուշադրություն չդարձնել` մասամբ երկրի զարգացումների վերաբերյալ հստակ պատկերացումների բացակայության պատճառով: Թունիսից Բեն Ալիի հեռանալուց հետո միայն, պաշտոնական Պեկինը հայտնեց, որ «Թունիսը Չինաստանի բարեկամն է: Չինաստանը մտահոգված է թունիսյան իրադարձություններով և հույս է հայտնում, որ երկրում կայունությունը հնարավորինս կարճ ժամկետում կվերականգնվի»: Թունիսում նոր կառավարության հաստատումից հետո պաշտոնական Պեկինը հանդես եկավ թունիսցի ժողովրդի ընտրությունը հարգելու և Թունիսի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները խորացնելու ցանկության, ինչպես նաև Թունիսի հետագա զարգացման նպատակով 6 մլն ԱՄՆ դոլարի անվարձահատույց օգնություն տրամադրելու վերաբերյալ ՉԺՀ-ի կառավարության մտադրության վերաբերյալ հայտարարություններով: Փաստորեն` արագ արձագանքելով երկրում նոր վարչախմբի փոփոխությանը, Չինաստանը հաջող անցում կատարեց Թունիսի նոր կառավարության ճանաչման հարցում:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
2195 reads | 20.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com