ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ ԳՈՐԾԻՔ ՀԱԿԱՀԱՅ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ. ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ՌԻՄԱ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ-ՖԵԼԼԵՐ
Հայաստանում հրեական համայնքի նախագահ




 
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, երբ քաղաքակիրթ մարդկությունը Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է՝ ոգեկոչելու Օսմանյան կայսրությունում սպանված շուրջ 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը, ակտիվացել է նաև թուրք-ադրբեջանական քարոզչությունը: Միջազգային հանրության ուշադրությունը շեղելու և հրեական համայնքային տարբեր կառույցների օգնությունը ստանալու նպատակով վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է տարվում տարբեր լրատվամիջոցներում պատվիրված և միակողմանի հոդվածների միջոցով ստվեր գցելու հայ-հրեական հարաբերությունների վրա: Միանգամից պետք է նշել, որ այդ փորձերը չեն կարող ծառայել իրենց նպատակին: Երկու հինավուրց ժողովուրդների՝ հայերի և հրեաների, պատմությունը հարուստ է ընդհանրություններով և փոխադարձ շփումներով և ամենամեծ ցանկության դեպքում անհնար է սևացնել այդ հարաբերությունները: Այնուամենայնիվ, երբ առկա է քաղաքական պատվեր և կան անպատասխանատու վերլուծաբաններ, միշտ էլ կլինեն սին փաստարկներով հակառակը ապացուցել փորձող մեկնաբանություններ:

Հին հրեական ասացվածքի համաձայն` ատելությունը ստիպում է ուղիղը թեք  պատկերացնել:

Րաբբի Ջոզեֆ Թելուշկինը կարծում է, որ, զայրանալիս մարդիկ կորցնում են  ողջախոհությունը:

Ցավոք, որոշ լրագրողներ, քաղաքական գործիչներ, պսևդո-դիվանագետներ և հասարակական գործիչներ` իրենց շահերը առաջ մղելու և քաղաքական խաղերի գործընթացում անտեսում են էթիկայի ցանկացած նորմ:

Դրանցից է օրինակ, Մաքսիմ Գաուինի և Ալեքսանդր Մուրինսոնի հոդվածը haaretz.com-ում, Արիե Գուտի հոդվածը jns.org-ում և Ալեքսանդր Մուրինսոնի հոդվածը thehill.com-ում: Միայն այս հեղինակների գործունեությունն ու կենսագրությունն անգամ կասկածներ չի թողնում նրանց վերլուծությունների միակողմանիության լինելու վերաբերյալ: Հայաստանը որպես հակասեմական երկիր ներկայացնող Մաքսիմ Գաուինը հրապարակայնորեն սատարում է Թուրքիայի ծայրահեղ աջ, Ազգայնական շարժում կուսակցությանը, որը Հայոց ցեղասպանության նկատմամաբ բացահայտ ժխտողական կեցվածքից զատ, հայտնի է նաև որպես հակասեմականության և քսենոֆոբիայի քարոզով: Սակայն, Գաունինը աչք է փակում այս հանգամանքի վրա: Վաղուց արդեն ադրբեջանական քարոզչամեքենայի ծառան դարձած Արիե Գուտը հանդիսանում է նաև Իսրայել-Ադրբեջան միջազգային կազմակերպության անդամ: Ալեքսանդ Մուրինսոնը իրականության տեղ է ընդունում իր դոկտորական թեզի այն հիմնական գիծը, թե իբր Ադրբեջանը, Թուրքիան և Իսրայելը ոչ ավել, ոչ պակաս անտանտ դաշինք են հանդիսանում: Ելնելով նման սխալ հիպոթեզից նա զարգացնում է այն թեզը, որ այդ երկրներից որևէ մեկի հակառակորդը նրանց բոլորի հակառակորդն է:

Զարմանալի պատահականությամբ պահպանողական հայացքներ առաջ քաշող և Հայաստանի, Ադրբեջանի ու հրեականության վերաբերյալ երբևէ ոչինչ չտպագրած Ռաուլ Կոնտրեռասը զարգացնում է վերոնշյալ հեղինակների տեսակետները The Hill-ում հունվարի 5-ի իր հոդվածում` ցուցաբերելով «համապարփակ իմացություն» Իսրայելի, Հայաստանի և Ադրբեջանի մասին:

Վերը հիշատակված հեղինակների փաստարկների միակողմանիությունը կասկածի տեղ չի թողնում դրանց մեկ աղբյուրից սնվելու փաստի վերաբերյալ:

Ադրբեջանական իշխանությունների կողմից արևմտյան կարծիքի վրա ազդելու մեթոդները գաղտնիք չեն, դրան անդրադարձ են կատարել շատ հեղինակավոր լրատվամիջոցներ,  ինչպես օրինակ Նյու Յորք Թայմսը 2014թ. սեպտեմբերին, իսկ Foreign Policy ամսագիրը 2014թ. հունիսին բավական ծավալուն ակնարկ է կատարել այն մասին, թե ինչպես է Ադրբեջանի դիկտատորը փորձում իրեն հարմարեցնել միջազգային հանրային կարծիքը: Կարծում եմ միջազգային բոլոր հեղինակավոր հրեական կառույցները պետք է նվազագույնը թույլ չտան, այս արշավում իրենց ներքաշելու փորձերին:

Անդրադառնալով վերևում նշված հեղինակների հոդվածներին՝ հարկ է ընդգծել նրանց թեզերի ակնհայտ կեղծ լինելը: Նշված բոլոր հեղինակներն էլ փորձելով Հայաստանը ներկայացնել որպես հակասեմական երկիր, ձախողվում են բերելու իրենց փաստարկը հիմնավորող օրինակներ: Իրականում նման փաստարկներ չեն էլ կարող լինել, քանի որ հայ-հրեական հարաբերություններն առանձնանում են հանդուրժողականության և համակեցության եզակի օրինակներով: Որպես Մերձավոր Արևելքի երկու հնամենի ժողովուրդներ` հայ-հրեական հարաբերությունների պատմությունը հասնում է մինչև դարերի խորքը, ինչի վկայությունն է հազարմյակների պատմություն ունեցող Երուսաղեմի հայկական թաղամասը: Մյուս կողմից անտիկ աղբյուրները տեղեկություններ են պահպանել Հայաստանի քաղաքներում հրեական հոծ ներկայության մասին:

Այս ամենից ելնելով` մառազմի են հասնում պատմության կեղծիչների կողմից բերված այսպես կոչված օրինակները, որոնք իրենց կարծիքով ուղղված են վարկաբեկելու երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունները: Մասնավորապես, Երկրորդ աշխարհամարտի տարիներին Հայկական լեգեոնը, որը ներկայացվում է որպես նացիստների կողմից կռվող միավոր, իրականում ձևավորվել էր խորհրդային բանակում ծառայող հայաստանցի ռազմագերիների կողմից: Նմանատիպ ազգային լեգեոններ կազմվել էին նաև նախկին Խորհրդային Միության բազմաթիվ այլ ազգություններից: Հայկական լեգեոնի ստեղծման գաղափարը նացիստական ղեկավարությանը հուշել էին հենց Հայկական սփյուռքի մի շարք ներկայացոււցիչներ. նպատակը պարզ էր՝ ռազմագերիներին  փրկել ֆիզիկական ոչնչացումից և հնարավորություն ընձեռել նրանց փախչելու և վերստին համալրելու խորհրդային զորքերի շարքերը: Այդ կերպ փրկվեցին Խորհրդային Հայաստանի բազմաթիվ զինվորներ՝ հայեր, եզդիներ, հույներ, ասորիներ, ռուսներ, հրեաներ:

Ինչ վերաբերվում է ժամանակակից Հայաստանին, ապա հակասեմականության նշույլներ, եթե անգամ եղել են, ինչը ցավոք կարող է լինել աշխարհի ցանկացած կետում, ապա դրանք երբևէ չեն վայելել ոչ միայն իշխանությունների, այլ նաև քիչ թե շատ ազդեցիկ որևիցե հասարակական-քաղաքական ուժի աջակցությունը: Հայաստանի շրջաններից մեկում միջնդարյան հրեական գերեզմանի վերանորոգումը պետության հատկացված միջոցներով արդյոք կարո՞ղ է հակասեմական քաղաքականություն համարվել: Իսկ այն սոցիոլոգիական հարցումը, որը օրինակ է բերվում հակահայկական հոդվածներից մեկի հեղինակի կողմից, իրականում ոչ այլ ինչ է քան նախապես դրված թեզը ապացուցել փորձող ֆարս: Հարցման մեթոդոլոգիան ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ առաջարկում: 

Հարցաթերթիկի հարցերն այնպես են կազմված, որ անգամ աշխարհում հրեական ամենահոծ համայնքն ունեցող երկրում այն անցկացնելու դեպքում հնարավոր է այդ երկիրը համարվեր ամենահակասեմական պետությունը: Հատկանշական է, որ այդ «սոցիոլոգիական հարցման» հեղինակները նպատակահարմար չէին համարել հետաքրքրվելու բարձրացված հարցերի վերաբերյալ Հայաստանի հրեական համայնքի կարծիքով:  

Հրեական համայնքը Հայաստանում իրեն զգում է պաշտպանված և վայելում է իր իրավունքների, մշակույթի, սովորույթների նկատմամբ իշխանությունների բացարձակ հարգանքը: Հայաստանում չկա հակասեմականություն և մենք ունենք հայերի հետ լավագույն հարաբերությունները: Իհարկե համայնքն ունի նաև խնդիրներ, որոնք պայմանավորված են ընդհանուր երկրի իրավիճակով: 

Հետխորհդային տարիներին ծանր տնտեսական պայմանների հետևանքով Հայաստանից հեռացել են բազմաթիվ քաղաքացիներ՝ հայեր, ինչպես նաև ազգային այլ փոքրամասնություններ: Հայաստանի հրեաները կիսում են այս երկրի բոլոր դժվարությունները, միևնույն ժամանակ իրենց համարելով ՀՀ հպարտ քաղաքացիներ: Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա հայերը մշտապես հիացմունքով են լցված եղել հրեաների և Իսրայել պետության նկատմամբ, և եթե անցկացվի սոցիոլոգիական հարցում, թե աշխարհի որ ժողովրդի անցած ուղին եք դուք համարում առավել շատ հարգանքի արժանի, ապա անկասկած «հրեաներ» և «Իսրայել» պատասխանները Հայաստանում շատ մեծ տոկոս կկազմեն: Միանշանակ է, որ Հայաստանում հնարավոր չէ պատկերացնել հակասեմական և հակաիսրայելական բնույթի ցույցեր, որոնք տեղի ունեցան Ադրբեջանի տարբեր քաղաքաներում մի քանի տարի առաջ:

Ինքս քաղաքական վերլուծաբան կամ քաղաքական գործիչ չեմ և չեմ ցանկանում մեկնաբանել Հայաստան-Իրան, Հայաստան-Իսրայել կամ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները, սակայն այն որ վերը նշված հոդվածներում նաև փորձ է արվում ծայրահեղ միակողմանի մեկնաբանել Ղարաբաղյան հակամարտությունը վկայում է, որ իրոք ադրբեջանական և թուրքական լոբբինգը նպատակաուղղված փորձ է կատարում օգտագործել հրեաական կառույցներին Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը առաջ մղելու և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան քողարկելու նպատակով: Հրեա ժողովուրդը բավական քաջածանոթ է այն ամենին, ինչ տեղի է ունեցել հայերի նկատմամբ Ադրբեջանում և Ղարաբաղում: 1990-ական թթ., երբ ադրբեջանական ժողճակատի ելուզակները կազմակերպում և իրականացնում էին հայ բնակչության կոտորածներ և տեղահանություններ, ամենից տարածված կարգախոսներից էր «առանց հայերի և հրեաների կծաղկի Ադրբեջանը» կարգախոսը: Ադրբեջանի իշխանությունները, որքան էլ փորձեն ներկայանալ որպես Իսրայելի դաշնակից, այսօր ևս չեն կարող լինել հրեա ժողովրդի բարեկամը: Եթե որևիցե մեկի մոտ այս փաստարկը կասկածելի է թվում, կարդացեք խնդրեմ ալիևյան վարչակարգի կողմից մարդու իրավունքների խախտման բազմաթիվ ճչացող դեպքերի մասին հրապարակումները կամ թեկուզ Եվրոպայում հակասեմական ցույցեր ֆինանսավորելու վերաբերյալ հոդվածները: 

Կասկածից նաև վեր է, որ Ադրբեջանն օգտագործում է Իրան-Իսրայել հարաբերությունները՝ Իսրայելում իրեն ներկայացնելով Իրանի դեմ քաղաքականության ամենավստահելի գործընկերոջ: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարները շատ վտանգավոր խաղ են սկսել, եթե կարծում են, որ կարող են օգտագործել Իսրայելին և համաշխարհային հրեականությանը իրենց նեղ շահերն առաջ մղելու համար:

Հայտնի փաստ է, որ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների օրերին այլ փոքրամասնությունների հետ միասին հրեաները ևս դարձել էին երիտթուրքական պարագլուխների թիրախ: Մասնավորապես, նրանցից Ջեմալ Փաշան հայտարարել էր, որ «հայերի նկատմամբ կոտորածների քաղաքականությունը պետք է ուղղել նաև հրեաների դեմ»: Իսկ նախորդ տարի Գեզիի իրադարձությունների ժամանակ ոստիկաններից մեկը կրակելով ցուցարարների վրա՝ ասում էր՝ «դուք թուրք չեք, դուք հայեր և հրեաներ եք»: Այսօր տագնապալի լուրեր են ստացվում Թուրքիայից, որ այդ երկրում ահագնացող հակասեմականության ֆոնի վրա հրեաներն սկսել են արտագաղթել այլ երկրներ:

Հրեա և հայ ժողովուրդների դառը ճակատագիրը լի է արհավիրքներով, հետապնդումներով և կոտորածներով: Պատմական եզակի դաժան փորձությունների բովով անցնելով` երկու ժողովուրդները, թերևս առավել քան այլոք, ընկալում են միմյանց ցավը և վստահաբար գիտեն` ինչ է նշանակում ապրել` շրջապատված լինելով թշնամանքով ու ատելությամբ:

Եթե նման իրողությունների անտեսումը լրագրողների և վերլուծաբանների կողմից, թեև դատապարտելի է, սակայն տեղավորվում է քարոզչության տրամաբանության շրջանակներում, ապա քաղաքական գործիչների կողմից, այն էլ ժողովրդավարական երկրներում, աններելի անպատասխանատվություն է, որը չի կարող որևիցե արդարացում ունենալ: 

Այսպես, 2014 թ. դեկտեմբերի 12-ին իր ադրբեջանամետ հայացքներով հայտնի կոնգրեսական Սթիվ Սթոքմանը, հանդես եկավ ելույթով՝ ամբողջովին կրկնելով Արիե Գուտի հոդվածը: Սա բացահայտ անարգանք է ոչ միայն պարոն Սթոքմանի ընտրողների, այլ նաև ամերիկյան ժողովրդավարության նկատմամբ: Ոչ մի դեպքում չի կարելի թույլատրել պատվիրված և կեղծ թեզերի բարձրացումը օրենսդիր իշխանության ամբիոն: Չի կարելի մամուլի և խոսքի ազատության շղարշի տակ ներկայացնել ատելության քարոզչություն, բռնակալ առաջնորդի շահերը սպսարկող օրակարգ և այդ ամենում օգտագործել ընդհանուր առմամբ համաշխարհային հրեականությունը և մասնավորապես Հայաստանում հրեական համայնքին: Ես ցանկանում եմ հրավիրել ԱՄՆ-ի հրեական համայնքի ուշադրությունը այս փաստի վրա և կոչ եմ անում մշտապես զգոն լինել և դատապարտել հրեական գործոնը նման ստոր ձևով օգտագործել փորձող քաղաքական շրջանակների ձեռնարկները:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1132 reads | 16.01.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com