ԱՐՄԱՏԱԿԱՆ ԻՍԼԱՄԻԶՄԻ ԲՈՒՄԵՐԱՆԳԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Թուրքիայի վարդագույն երազանքն արաբական և ողջ իսլամական աշխարհի առաջնորդ դառնալն է, որին նա ձգտում է վաղուց` ամեն գնով և բոլոր միջոցներով:

Այդ հավակնոտ ծրագրի իրագործման ճանապարհին թուրքերը մեծ տեղ էին հատկացնում Սիրիայի հետ հարաբերություններին, որի հեղինակությունը և տեսակարար կշիռը Մերձավոր Արևելքում բարձր էր գնահատում ու կարևորում Անկարան:

Սիրիան իր հերթին փորձում էր օգտագործել Թուրքիայի ռազմա-քաղաքական ներուժը և անդամակցությունը ՆԱՏՕ-ին` Սաուդյան Արաբիային դիմակայելու, ինչպես նաև Իսրայելի վրա ճնշում գործադրելու, Գոլանի ու պաղեստինյան խնդիրների լուծման գործընթացում իր հետաքրքրությունները պաշտպանելու նպատակով:

Հիմնականում վատ չէր զարգանում նրանց տնտեսական համագործակցությունը, որն ամբողջովին փլվեց քաղաքացիական պատերազմի հետևանքով: Կողմերը հիշում են, որ Սիրիան էր Թուրքիայի թեթև արդյունաբերական ապրանքների առաջին մատակարարը (60%), իսկ Թուրքիան ապահովում էր Սիրիայի էլեկտրաէներգիայի 20%-ը:

Տնտեսական կապերի խզումն ավելի սրեց նախկինում չլուծված տարաձայնությունները: Առաջին հերթին` ջրի խնդիրը: Թուրքիայում են տարածաշրջանի հիմնական ջրային պաշարները` Տիգրիս և Եփրատ գետերը: Քանի դեռ հարաբերությունները նորմալ էին, Սիրիային հաջողվում էր Թուրքիային հետ պահել նոր ամբարտակներ կառուցելու մտքից, որոնք սնվում են այդ գետերից: (1991 թվականին մեկ քայլ էր բաժանում նրանց պատերազմից, երբ թուրքերը որոշեցին Եփրատի ջրով լցնել աշխարհի ամենամեծ ջրամբարներից մեկը, որի հետևանքով գետը նկատելիորեն կծանծաղեր): Այդ արգելքն այլևս գոյություն չունի Թուրքիայի համար:

«Արաբական գարունը» հիմնովին փոխեց Թուրքիայի հարաբերությունների ձևերն ու բովանդակությունը արաբական երկրների հետ` ընդհանրապես, և Սիրիայի հետ` մասնավորապես:

Տարված իր աշխարհաքաղաքական հովերով և մուսուլմանական աշխարհը ղեկավարելու իռացիոնալ պլաններով` Թուրքիան հանկարծակիի եկավ ու չհասկացավ «արաբական գարնան» ներքին տրամաբանությունն ու նպատակները:

Անկարան չկարողացավ համարժեք հակազդեցություն ունենալ Թունիսի, հետո Եգիպտոսի, ապա Լիբիայի դեպքերի նկատմամբ: Սկզբում նա փորձեց միջնորդի դեր խաղալ այդ երկրների քաղաքական փոթորիկներում, հետո տեսնելով իր անկարողությունը` կցվեց ՆԱՏՕ-ական դաշնակիցների պլաններին: Ասել կուզի` ընտրեց տարածաշրջանում և առաջին հերթին Սիրիայի դեմ գաղտնի պատերազմական գործողություններ ծավալելու տարբերակը:

Ընդ որում, Անկարան իրեն պահում է Պապից ավելի կաթոլիկ: Նրան ոչ մի կերպ հանգիստ չի տալիս Մեծ Մերձավոր Արևելքում ընթացող քաղաքական կատակլիզմներում (համաղետ) առաջին ջութակ լինելու անզուսպ ցանկությունը:

Այդ նկրտումները հաստատվում են, երբ նա ՆԱՏՕ-ին և Միացյալ Նահանգներին մեջքից հրում է Սիրիայի վրա: Մայիսին Վաշինգտոնում Ռեջեփ Էրդողանը թախանձագին համոզում էր Բարաք Օբամային Սիրիան հայտարարել «անթռիչք գոտի» և ավելացնել զենքի մատակարարումը հակառավարական ուժերին:
Իսկ երբ Օբաման, համագործակցելով Պուտինի հետ, հրաժարվեց Սիրիային հարվածելու մտադրությունից, Էրդողանը փրփուրը բերանին պնդում էր ոչ միայն օդային հարձակման, այլև զորքեր մտցնելու անհրաժեշտությունը:
 
Հատկանշական է, որ Թուրքիայի` ակտիվորեն սուր ճոճելու և լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալելու միջև մեծ ջրբաժան կա: Իհարկե, նա ուզում է վերացնել Ասադի իշխանությունը, բայց ՆԱՏՕ-ի ձեռքով, և խիստ բարկանում է, որ ո՛չ այդ կառույցի գլխավոր քարտուղար Անդերս Ռասմուսենը, ո՛չ էլ ամերիկյան գենարալիտետը, չգիտես ինչու, պատրաստ չեն պատերազմելու:

Այդուհանդերձ, պաշտոնական Անկարան հոխորտում է և Դավութօղլուի բերանով զգուշացնում, որ Սիրիա ներխուժման դեպքում Թուրքիան չի մնա պարզ դիտորդի դերում և կմիանա ցանկացած միջազգային կոալիցիայի` անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման բացակայության դեպքում:

(Արդյոք թուրքերի ներկա սերնդի երակներում խաղում է ենիչերիների՞ արյունը):

Իսկ Արևմուտքը մի կողմից խուսափում է աֆղանական և իրաքյան ողբերգությունը կրկնելուց, մյուս կողմից չի հրաժարվում իր մերձավորարևելյան աշխարհաքաղաքական թիրախներից:

Թաղել Սիրիան արյան ծովում` առանց մեծ պատերազմի, այս սցենարն է ներկայում խաղարկվում այդ բազմաչարչար երկրում:
Եվ գլխավոր դերն այդ նախճիրում հոժարակամ, ես կասեի` սիրով ստանձնել է Թուրքիայի ղեկավարությունը` վերածելով երկիրը ահաբեկչության դարբնոցի` բառիս բուն իմաստով:

Ներկայում 83 երկրից, այդ թվում ԱՊՀ-ից և Ադրբեջանից Թուրքիայում հավաքվել են տասնյակ հազարավոր գրոհայիններ, կարդա՛ պրոֆեսիոնալ մարդասպաններ, քանի որ այդ կոնտինգենտն ուրիշ բանի ընդունակ չէ:

Թուրքերը Սաուդյան Արաբիայի և Քաթարի փողերով ֆինանսավորում են նրանց, մարզում ու ճանապարհում են Սիրիա:

Հետո նրանք վերադառնում են Թուրքիա` «ծանր աշխատանքից» հանգստանալու կամ բուժվելու և կրկին Սիրիա վերադառնալու համար: Ճիշտ նույնկերպ ժամանակին Աֆղանստանի թալիբներն իրենց ուժերը վերականգնում էին Պակիստանում, որը շատ ծանր նստեց այդ երկրի վրա: Իզուր չի ասվում, որ տեղի է ունենում Մերձավոր Արևելքի աֆղանիզացում:

Թուրքիայից Սիրիա ներխուժածներն իրագործում են աշխարհով մեկ թմբկահարված «սուրբ» ջիհադը, որը, ինչպես պարզվում է, ընդամենը բարբարոսների, դիակապուտների, թալանչիների և մարդասպանների սովորական հրոսակախումբ է, որոնք իրենց հետևից թողնում են ոչնչացված, թալանված քաղաքներ, անմեղ մարդկանց դիակներ, կործանված եկեղեցիներ, մզկիթներ, տներ ու գերեզմաններ:

Այսպիսով` Թուրքիայի թեթև ձեռքով տարածաշրջանը վերածվում է քաոսի, միջազգային մասշտաբի ահաբեկչության կենտրոնի:

Իսկ թուրք-սիրիական սահմանը վաղուց դարձել է տարանցիկ միջանցք, որտեղով բանդիտական բազմազգ խմբավորումներն ազատ ելումուտ ունեն Սիրիա ու Թուրքիա` ստեղծելով իրական վտանգ վերջինիս ազգային անվտանգության համար:

Թուրքիայի կարճատես քաղաքականության հետևանքով միջազգային ահաբեկչության առաջատար ու ամենավտանգավոր ջոկատը` «Ալ Ղաիդան», իր ազդեցության տակ է գցել և իրեն ենթարկել Սիրիայի ապստամբների 90%-ին` կազմավորելով հսկայական դաշտային բանակ` չափերով աննախադեպ ահաբեկչության պատմության մեջ:

Ասես անեկդոտ լինի, երբ Վաշինգտոնը` այդ կանաչ հրեշի` «Ալ Ղաիդայի» կնքահայրը, նրա ընդարձակման և հզորացման մեջ հիմա մեղադրում է Թուրքիային և անձամբ նրա հետախուզության (MIT) շեֆ Հաքան Ֆիդանին` անվանելով նրան սիրիական ապստամբության գլխավոր դերակատար:

(Հաքան Ֆիդանին 45 տարեկան է: 2010 թվականից գլխավորում է թուրքական հետախուզությունը: Անմնացորդ նվիրված է Էրդողանին և անվերապահորեն կատարում է նրա ցուցումները: 2012 թվականին ստանձնել է նաև ռազմական հետախուզության հսկողությունը` բանտ ուղարկելով նրա ղեկավարներից շատերին, որոնք կասկածվում էին իշխանությունների դեմ խռովություն պատրաստելու մեջ: Համարվում է պետության «№2 մարդը» և բարձր է դասվում նախագահ Գյուլից):

…Գոյություն ունի կարծիք, հատկապես` Հայաստանում, որ թուրքական դիվանագիտությունը ճկուն է, տիրապետում է պրոֆեսիայի գաղտնիքներին ու նրբություններին: (Թեմայի վերլուծությունը չի մտնում հոդվածի շրջանակների մեջ):

Սակայն որ այդ դիվանագիտությունը Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում կատարյալ ֆիասկո է կրել, փաստ է: Ավելին, նրա սայթաքումներն ուղղակիորեն սպառնում են հենց իրեն` Թուրքիային:

Այսպես, օրինակ` «Ալ Ղաիդայի» խմբավորումներից մեկը, որն իրեն հորջորջում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն», վերջերս սպառնաց Էրդողանին, որ Ստամբուլում ու Անկարայում կկազմակերպի ահաբեկչական գործողությունների սերիա, եթե թուրքական կառավարությունը չբացի թուրք-սիրիական սահմանի անցումային այն կետերը, որոնք փակել է այն բանից հետո, երբ իսլամիստները գրավեցին Ազազ քաղաքը և այնտեղից դուրս շպրտեցին Սիրիայի ազատ բանակի ստորաբաժանումները: Սահմանային կետերն անհրաժեշտ են ահաբեկիչներին` ազատ տեղաշարժման համար:

Ավելին, տեղի է ունենում թուրք երիտասարդական որոշ խավերի սերտաճում իսլամիստների հետ: 500 երիտասարդներ այսօր կռվում են նրանց շարքերում Ասադի բանակի դեմ: «Ալ Ղաիդան» ունի իր ճյուղային կազմակերպությունները Թուրքիայում և ակտիվորեն հավաքագրում է տեղի երիտասարդությանը:

Գաղտնիք չէ, որ արմատականները ձեռք են գցել քիմիական զենք և հարկ եղած դեպքում այն կարող են կիրառել Էրդողանի կառավարության դեմ, որը նրանց համար «ժամանակավոր դաշնակից» է, և որին իրենց սովորության համաձայն, կարող են հայտարարել մուսուլմանական աշխարհի համար ոչ լեգիտիմ ու սրբազան պատերազմի ելնել նրա դեմ:

Այնպես որ, իր ողջ ռազմական հզորությամբ հանդերձ, Թուրքիան խոցելի է «Ալ Ղաիդայի» համար:

Իսլամական վայրի հորդաներին ակամայից կարող են միանալ Թուրքիայում հատուկ
ստեղծված ճամբարներում տեղավորված 100.000-ից ավելի փախստականները, որոնք տնից-տեղից զրկված, ֆրուստրացված և կյանքից հուսահատված մարդիկ են: Բավական է մի կայծ, որ նրանք վերածվեն անկառավարելի ու գազազած ամբոխի:

Սա դանդաղ գործողության ական է, որն անհրաժեշտության դեպքում թուրքական իշխանությունների դեմ դիտավորյալ կարող են գործի դնել արմատականները:

Թուրքիան խրտնում է քրդական գործոնից, ինչպես սատանան` կրակից, որը դառնում է իրական վտանգ սիրիական քրդերին` Բաշարի կողմից լայն ինքնավարություն տալուց հետո: Այս հանգամանքը վճռորոշ նշանակություն է ստանում թուրքական քրդերի անկախության համար մղվող պայքարում:

Թուրք-սիրիական գաղտնի պատերազմը կենսաբանական ատելության է հասցրել երկու երկրների ղեկավարներին: Ասադը համարում է, որ Էրդողանի ձեռքերը թաթախված են իր ժողովրդի արյան մեջ: Այնպես որ, դժվար է անգամ կանխատեսել, թե ինչպես կզարգանան երկու երկրների հարաբերությունները, եթե Ասադը հաղթի:

Իսկ հենց թուրքերի կարծիքով` այդ հաղթանակին նա կարող է հասնել միայն ռուսների օգնությամբ, որոնց հետ բացառված չէ ռազմական համաձայնագրի կնքումը: Այս` անգամ հիպոթետիկ հեռանկարը, վերլուծաբանների կարծիքով, վախեցնում է թուրքական ղեկավարությանը և լուրջ մտորումների տեղիք տալիս:

…Մեկ էլ, Թուրքիան հրդեհ է գցել հարևանի տունը, որի կրակը հեշտությամբ կարող է տարածվել իր սեփական տան վրա:

«Փոս փորողն ինքն է ընկնում փոսը»` ասում է ժողովուրդը: Ժողովուրդը միշտ ճիշտ է:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
4583 reads | 13.11.2013
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com