ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. ԽՈՊԱՆՉԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՇՔԵՐԹ
Արտաքին քաղաքական ոլորտում Հայաստանի` մեկը մյուսին հետեւող խայտառակ ու նվաստացուցիչ տապալումները, թվում է, թե ավարտ չեն ունենալու:

Այդ տապալումներին, որ կարելի է անվերջ թվել, եկավ լրացնելու Աստանայի գագաթնաժողովը, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է անդամակցի առանց Ղարաբաղի, ասել է, թե` ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի սահմանին մաքսակետեր պետք է դրվեն: Եւ ուրեմն, ինչու է Հայաստանը շարունակ տապալվում արտաքին քաղաքական ոլորտում: Գլխավոր պատճառները, թերեւս, երկուսն են` արտաքին հստակ քաղաքականության բացակայությունը (երբ ՀՀ-ն մի օր դեպի Եվրամիություն է գնում, մի օր` Մաքսային միություն, մի օր` Նոր Զելանդիա, մի օր` Հարավային Ամերիկա) եւ կադրերը: Մեր դեսպաններից շատերը դեսպանի պաշտոնը հավասարեցրել են խոպանչու ստատուսի: Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում տասնյակ դեսպաններ, այդ թվում եւ լուրջ ազդեցություն ունեցած, տարիներով որեւէ երկրում դեսպանի պաշտոն զբաղեցնելուց հետո, անգամ Հայաստան չեն վերադարձել: Օրինակ`
 
1. Կանադայում ՀՀ նախկին դեսպան Գառնիկ Նանագուլյանը, ով ժամանակին զբաղեցրել է նաեւ արդյունաբերության նախարարի պաշտոնը եւ հենց նրա պաշտոնավարման օրոք են տեղի ունեցել «Արմենտելի», «Արմենիա» հյուրանոցի, Սոտքի ոսկու հանքերի սեփականաշնորհման մութ գործարքները, պաշտոնավարումից հետո ընտանիքով ընդմիշտ հաստատվել է Կանադայում:

2. Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Էդվարդ Խուրշությանը, որ ասում են, նույնիսկ դիվանագիտական անձնագիրը չի հանձնել, ամուսնացել է ղազախի հետ եւ կրկին` ընդմիշտ հաստատվել Ղազախստանում:

3. ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Գագիկ Շահբազյանը, ով ժամանակին նաեւ առանցքային պաշտոններ է զբաղեցրել Հայաստանում` ՀՀ պետնախարար, գյուղատնտեսության նախարար, ԱՊՀ եւ Եվրամիության հարաբերությունների գծով նախարար, մշտապես հաստատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

4. Մեծ Բրիտանիայում ՀՀ ներկայիս դեսպան Արմեն Սարգսյանը Հայաստանում, թերեւս, միայն իր կարճատեւ վարչապետության մի քանի ամիսների ընթացքում է եղել եւ անցյալ տարվա մայիսին, երբ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի հետ եկավ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը ազդարարելու: Հիշեցնենք, նա 1 տարի առաջ նշանակվել էր Lydian International բրիտանական ընկերության տնօրեն, իսկ այդ ընկերությունը հայկական Գեոթիմ ընկերության հիմնադիրն է, որն Ամուլսարում ոսկու հանքեր էր հետախուզում:

5. Արգենտինայում ՀՀ նախկին դեսպան Արա Հակոբյանը այդ երկրում իր լիազորությունների ավարտից հետո հաստատվել է այնտեղ:

6. Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Սպարտակ Կոստանյանը
մշտապես հաստատվել է այդ երկրում:

7. Չինաստանում ՀՀ նախկին դեսպան Ազատ Մարտիրոսյանը հաստատվել է Չինաստանում:

8. ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Ֆելիքս Մամիկոնյանը հաստատվել է ՌԴ-ում:

9. ՌԴ-ում մեկ այլ ՀՀ նախկին դեսպան` Արմեն Սմբատյանը, գոնե մեկ-մեկ երեւում է Հայաստանում, թեեւ դեսպանի պաշտոնը թողնելուց հետո շարունակում է աշխատել ՌԴ-ում:

10. ՌԴ մեկ այլ նախկին դեսպան` Սուրեն Սահակյանը, պաշտոնը թողնելուց հետո դեռ երկար տարիներ այդ երկրում էր:

Դիվանագիտական աշխատանքը տարբեր երկրներում ավարտելուց հետո Հայաստան չվերադարձած դեսպանների, դեսպանորդների, պատվո հյուպատոսների ու հյուպատոսների թիվը տասնյակներով կարելի է հաշվել: Այնինչ, մասնավորապես դեսպանները ինֆորմացիայի կրող են, բայց, փաստորեն, մարդիկ գնում են, դասավորում անձնական գործերը, բիզնես ստեղծում այդ երկրներում, աշխատանք գտնում ու տեղավորվում Հայաստանից հնարավորիս հեռու: Երեկ, երբ Իտալիայում ՀՀ նախկին դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Կարապետյանից (ի տարբերություն իր տասնյակ գործընկերների` նա վերադարձել է Հայաստան) մեկնաբանություն խնդրեցինք սույն երեւույթի վերաբերյալ, նա ասաց, որ խնդիրը շատ խորքային է, եւ ՀՀ դեսպանների գնալն ու չվերադառնալը այդ խորքային խնդիրների կողքին ավելի երկրորդական պլան է մղվում: Նա հղում արեց օրերս «Ազատություն» ռ/կ-ի բլոգում տեղադրած իր հոդվածին, որտեղ գրել է. «Անհերքելի է այն փաստը, որ արտաքին քաղաքականությունը ներքինի արտացոլումն է, եւ հենց մեզանում առկա համակարգային ներքին փտախտն անկարող դարձրեց դիմակայելու սպառնացող արտաքին վտանգներին: Անկարողություն, որը պայմանավորված է առաջին հերթին մեր երկրի ներսում տիրող անելանելի վիճակով»: Ըստ դիվանագետի, կադրային քաղաքականությունը սույն ոլորտում անթույլատրելիորեն անտեսված է, իսկ կացությունը բարդանում է նրանով, որ երբ չկա արտաքին քաղաքականություն ու դիվանագետների առջեւ դրված չեն դրանից բխող հստակ խնդիրները, արդեն, միեւնույն է, թե ով կգլխավորի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը արտերկրում: Ռուբեն Կարապետյանի կարծիքով, միգուցե դա է պատճառը, որ վերջին տարիներին մենք ականատեսն ենք այն փաստի, թե ինչպես ինչ-ինչ ներքին քաղաքական դրդապատճառներից ելնելով, դեսպաններ ու գլխավոր հյուպատոսներ են նշանակվում դիվանագիտությունից հեռու անձինք, իսկ հայկական դիվանագիտությունն աստիճանաբար վերածվում է ՀՀ իշխող վերնախավի շահերի «սպասարկողի», ինչը սկսել է արտահայտվել ԱԳՆ համակարգի անխուսափելի կազմալուծմամբ ու բարոյահոգեբանական անկմամբ:

Չնայած արտաքին ոլորտում տապալումներին, այս ընթացքում նույն տեմպով ավելանում են դիվանագիտության հետ որեւէ կապ չունեցող անձանց նշանակումները դեսպանների պաշտոններում: Նրանց թիվը, ըստ մամուլի հրապարակումների, սպառվում է համալրել սպորտի նախկին նախարար Յուրի Վարդանյանը, ով, հնարավոր է, Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվի: Մեր դեսպանների հիմնական ֆունկցիան վաղուց արդեն դարձել է ՀՀ-ից եկող-գնացող պաշտոնյաների ու տարբեր անձանց ընդունել-ճանապարհելը, իրենց գործերը կարգավորելն ու ամեն ինչով զբաղվելը, բացի դիվանագիտությունից:

Լուսինե Բարսեղյան
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1312 reads | 18.06.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com