ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՇՊՐՏՈՒՄ ԵՆ
Ռուսաստանի փոխվարչապետ, «Ռոդինա» ազգայնական կուսակցության հիմնադիր Դմիտրի Ռոգոզինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ կոչ է արել վերականգնել Խորհրդային Միությունը՝ «հավաքելով քարերը», որոնք «ցրվել են քառորդ դար առաջ, երբ սովետական ժայռն առաջին ճաքը տվեց»: «24 տարի առաջ սովետական ժայռը առաջին անգամ ճաք տվեց: Հետո սկսվեցին քարերը թափվել: Ով գիտեր այն ժամանակ, որ դրանք քառորդ դար կշարունակեն թափվել, բայց քարերը հավաքելու ժամանակն է»,- գրել է Ռոգոզինը Թվիթերի իր էջում:

Ես շնորհակալ եմ ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռոգոզինին՝ անկեղծության համար: Սովորաբար ռուսաստանցի չինովնիկները համոզում են, որ իրենց ինտեգրացիոն ծրագրերը զուտ տնտեսական են, եւ այն մարդիկ, որոնք խոսում են Խորհրդային Միության վերականգնման մասին, պարզապես ցանկանում են խոչընդոտել այդ փոխշահավետ համագործակցությանը: Ռոգոզինի նման գործիչները բացահայտում են Կրեմլի իրական մտադրությունները:

Մի կողմ դնենք՝ ում են այդ մտադրությունները դուր գալիս, ում` ոչ: Ավելի լավ է մտածենք` արդյոք այդ ծրագիրը իրագործելի՞ է: Ինձ, օրինակ, թվում է, թե որ կողմից էլ նայես, դա կատարյալ ուտոպիա է, որի քննարկման վրա անգամ չարժե ժամանակ ծախսել: Ռուսաստանի ղեկավարությունը իզուր ժամանակ եւ ուժեր է ծախսում` ինքն իրեն թուլացնելով եւ Արեւմուտքի հետ թշնամանալով: Բայց դա դեռ ոչինչ:

«Քարեր», ասինքն՝ խորհրդային հանրապետություններ հավաքելու փորձերն արվում են առանց որեւէ ճկունություն դրսեւորելու, կացնային մեթոդներով, կոպիտ շանտաժի լեզվով՝ «առանց մեզ դուք կորած եք», վիրավորելով այդ պետությունների բնակիչների արժանապատվությունը:

Հավանաբար, Կրեմլում նստած մարդկանց թվում է, որ հենց այդպես են նախկին խորհրդային ժողովուրդները մերձենալու Ռուսաստանի հետ: Շատ մեծ հոգեբան կամ քաղաքագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ դա առաջացնում է ճիշտ հակառակ զգացմունքներ: Չգիտեմ՝ ինչպես մնացած հանրապետություններում, բայց Հայաստանում՝ հաստատ: Ես դա ինձ վրա եմ զգում: Ինձ միշտ շատ հեռու էի պատկերացնում ազգայնականությունից: Բայց այս վերջին տարվա ընթացքում՝ «խալաթի պատմությունից» սկսած, ես զգում եմ, թե ինչպես է իմ մեջ հասունանում ներքին ընդվզումը:

Երբ Կրեմլի էմիսարները՝ դիվանագետները, պաշտոնյաները, քաղաքագետները արհամարհանքով են արտահայտվում իմ երկրի եւ ժողովրդի մասին, երբ նրանք մեզ վրա մատ են թափ տալիս՝ իմացեք, եթե մենք չլինենք, թուրքերը ձեզ ոչնչացնելու են, երբ նրանք գալիս են այստեղ եւ դրսեւորում են այն, ինչ իրենց լեզվով կոչվում է хамство, իմ մեջ տագնապ է առաջանում Հայաստանի ինքնիշխանության, մեր մշակույթի, մեր լեզվի համար եւ ցանկություն՝ դրանք ամեն մի ոտնձգությունից պաշտպանելու: Այդպիսով, քարերն ավելի հեռու են շպրտվում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ARAVOT.AM
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
776 reads | 15.06.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com