ԱՐԵՒՄՈՒՏՔԸ ԿԽՆԱՅԻ ԼԻԲԱՆԱՆԻՆ. ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Չնայած բարձր էր հավանականությունը, որ սիրիական հակամարտությունը բացասական ազդեցություն կունենա Լիբանանի վրա, Լիբանանում Հայաստանի նախկին դեսպան Արման Նավասարդյանն այդ երկրում հակամարտություն չի կանխատեսում: Այնտեղ քիչ է նաեւ մոտ ապագայում քաղաքացիական պատերազմի հավանականությունը: Պատճառը ոչ թե այն է, որ Լիբանանում ներքաղաքական կյանքում չկան խնդիրներ, այլ այն, որ արեւմուտքը կխնայի Լիբանանին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արման Նավասարդյանը շեշտում է, որ Սիրիայի եւ Լիբանանի պատմական կապվածությունը եւ Լիբանանում սիրիական ազդեցության հզոր լծակները հիմք էին տվել որոշ կանխատեսումների, որ սիրիական իրադարձությունները կազդեն նաեւ Լիբանանի վրա, սակայն սիրիական հակամարտությունից երեք տարի անց եւ հատկապես Ասադի ընտրվելուց հետո ակնհայտ է դառնում, որ արդյունքները չեն կարող լուրջ հետեւանքներ ունենալ Լիբանանի ներքաղաքական կյանքում: «Պատճառն այն է, որ Արեւմուտքում խնայում են Լիբանանին եւ չեն ցանկանում, որ դրությունն ավելի սրվի արաբական աշխարհում: Այդ ամբողջ քաոսի մեջ պետք է լինի մի խաղաղ կետ եւ այդ կետը Լիբանանն է»,- ասում է Արման Նավասարդյանը:

Սա միակ պատճառը չէ, համաձայն որի Լիբանանում պետք է խաղաղություն պահպանվի: Նավասարդյանը շեշտում է, որ վերջին շրջանում Լիբանանում կապիտալ ներդրումներ են կատարվում: Դրանք հիմնականում կատարվում են շինարարության մեջ, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ լիբանանցիները հրաշալի շինարարներ են:
 
«Ոչ ոք ներդրում չի կատարի մի երկրում, եթե հաստատ չիմանա, որ այնտեղ երկարատեւ խաղաղություն է լինելու: Սա շատ կարեւոր ցուցիչ է, քանի որ ներդրումների մեծ մասը կատարում են արեւմտյան երկրների բիզնեսմենները»,- ասաց Արման Նավասարդյանը` հավելելով, որ Լիբանանը խնայելու գաղափարի հիմնական կրողը Ֆրանսիան է: Պատմականորեն Ֆրանսիան Լիբանանն ընկալում է իր գաղութ եւ չի ցանկանում, որ այդ փոքրիկ պետությունում պատերազմ սկսվի:

Ամենամեծ խնդիրը, որ այսօր ունի Լիբանանը, այն է, որ քաղաքացիական պատերազմի հետեւանքով ավելի քան մեկ ու կես միլիոն սիրիացի փախստականներ ապաստան են գտել հիմնականում մայրաքաղաք Բեյրութում: Սա հումանիտար առումով լուրջ խոչընդոտներ է ստեղծում փոքրիկ երկրում, առաջանում են դժգոհություններ հասարակության շրջանում եւ ապրանքների գների որոշակի թանկացում է նկատվում:

Անդրադառնալով Սիրիայում նախագահական ընտրություններին, Նավասարդյանը նշեց, որ Ասադի ընտրությունը վատ երեւույթ չէ եւ նրա ընտրվելը որոշ չափով կկարգավորի իրավիճակը, սակայն քաղաքացիական պատերազմը չի դադարի: Նրա գնահատմամբ, Ասադը հանդես եկավ որպես քաղաքական լուրջ ֆիգուր, եւ արաբական երկրների ղեկավարների ֆոնին դարձավ բացառություն:

«Ուժեղ քաղաքական գործունեությամբ, առանց հետ նայելու նա գնում է մինչեւ վերջ»,- ասում Նավասարդյանը` հավելելով, որ Արեւմուտքի դիրքորոշման մեջ էլ է որոշակի փոփոխություն նկատվում: Թեպետ Արեւմուտքը պնդում է, որ Ասադը պետք է հեռանա, սակայն պատերազմական գործողությունների սկզբում առկա ծայրահեղական դիրքորոշումներն այլեւս չկան. բոլորն էլ հասկանում են, որ Ասադի հեռանալու դեպքում, իրավիճակն ավելի կսրվի, քանի որ հակառակ կողմում բացարձակ քաոս է:

Եթե ընդդիմության մեջ լիներ միասնականություն, գուցե հնարավոր լիներ այդ հարցի առնչությամբ բանավիճել, սակայն մյուս կողմում պատերազմ է պատերազմի մեջ եւ ընդդիմությունը կազմում են մի քանի ահաբեկչական խմբավորումներ: Արման Նավասարդյանը սիրիական հակամարտությունը եւ այն ամենը, ինչ կատարվեց վերջին տարիներին Մերձավոր Արեւելքում համարում է ոչ միայն քաղաքական, այլեւ կրոնական պատերազմ: Սիրիայում շիաների եւ սունիների հակամարտություն է. Սունի ծայրահեղականները աջակցություն են ստանում Սաուդյան Արաբիայից, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը սատարում է ասադական ուժերին: «Սիրիական պատերազմը կձգվի այնքան, քանի դեռ Էլ Ռիադն ու Թեհրանը հաշտության չեն եկել եւ չեն բանակցել խնդրի շուրջ»,- ասում է Արման Նավասարդյանը` հավելելով, որ աշխարհը ենթարկվում է փոփոխությունների, եւ արագ զարգացումների հետեւանքով անսպասելի փոփոխություններ են կատարվում նաեւ հակամարտող պետություններում:
Սիրիայում հունիսի 3-ին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Մրցակցությունը կայացել է նախագահի 3 թեկնածուներ՝ գործող նախագահ Բաշար Հաֆեզ ալ Ասադի, Հալեպից ընտրված պատգամավոր Մահել Աբդ ալ Հաֆեզի և գործարար Հասսան աբդ ալ Իլլահի ան Նուրիի միջև: Սիրիայում երկրի նախագահը ընտրվել է 7 տարի ժամկետով: Բաշար ալ Ասադի օգտին քվեարկել են 10 միլիոն 319 հազար 723 քաղաքացիներ, որը կազմում է ընդհանուր ձայների 88,7 տոկոսը:

Քվեարկության վերջնական արդյունքներով ընտրելու իրավունք ունեցող 15 միլիոն 845 հազար 575 մասնակիցներից ընտրություններին արտասահմանում և երկրի ներսում մասնակցել է 11 միլիոն 634 հազար 412 մարդ, որը կազմում է ընդհանուր թվի 73,42 տոկոսը: Մինչ ընտրությունների արդյունքների հրապարակումը Եվրամիությունն արդեն հայտարարել է, որ այն չի կարելի համարել ժողովրդավարական քվեարկություն: ԵՄ հայտարարության մեջ նաև ասվում է, որ քվեարկությանը չի կարողացել մասնակցել այն շրջանների սիրիացիների մեծամասնությունը, որոնք գտնվում են ընդդիմադիրների հսկողության տակ:

Հասմիկ Հարությունյան
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
753 reads | 13.06.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com