ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԼՈՒՐՋ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Զրուցակիցն է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
 
- Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն Աստանայում խոսեց մինչեւ հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ընթերցեց Ադրբեջանի նախագահի նամակը, որտեղ նշվում է, թե Հայաստանն այդ միությանը կարող է անդամակցել միայն ՄԱԿ-ի կողմից հաստատված սահմաններով՝ առանց ԼՂՀ-ի, այսինքն` այն պայմաններով, որով անդամակցել է ԱՀԿ-ին: Ձեր գնահատականը կատարվածին:

- Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի սկսնակ ուսանողն անգամ գիտե, որ ՄԱԿ-ը չի որոշում միջազգային սուբյեկտ պետությունների սահմանները, ոչ էլ հաստատում է դրանք: Սահմանային խնդիրները պարզապես չեն մտնում այդ կազմակերպության գործառույթների մեջ: Հնարավոր է, որ Նազարբաեւը չգիտի քաղաքագիտութան այս տարրական դրույթը: Պատահում է: Բայց հազիվ թե նման կարգի պետական գործիչը հանդես գա միջազգային ֆորումում` առանց փորձագետների հետ խորհրդակցելու: Այստեղից երկու հետեւություն. ա) Նազարբաեւը ճիշտ չի խոսում միայն իրեն հայտնի դրդապատճառներից ելնելով, որը հայտնի է հոգեբանության մեջ որպես ստախոսություն` մանտալոգիա, բ) իր համախոհ բարեկամին հաճոյանալու համար Ղազախստանի լիդերը դիմում է քաղաքական սադրանքի` քաջ գիտակցելով դրա բացասական նշանակությունը պետությունների միջազգային հարաբերությունների համար: 

Սակայն, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիք: Նազարբաեւը կամա, թե ակամա տարանջատում է ԼՂՀ-ն Հայաստանից, այն` ինչն, իմ կարծիքով, պետք է հանդիսանա հայկական դիվանագիտության կարեւոր խնդիրներից մեկը:
Իսկ եթե ԼՂՀ-ն ցանկանա անդամակցել Եվրասիական կառուցներին, ապա դա պետք է անի ինքը, առանց Երեւանի ձեռքը բռնած, որպես ինքնուրույն կայացած պետություն, իր սահմաններով, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Ճիշտ է` դեռեւս չճանաչված: Բայց մենք հավատում ենք դրա ռեալ հեռանկարներին: 

Այնպես որ` շնորհակալություն ղազախ բարեկամին:

- Բայց կարող էին այդ նամակը քննարկել մինչեւ համաժողովը կամ փակ նիստում, որպեսզի հրապարակային կերպով Հայաստանին նման վատ վիճակի մեջ չդնեին. կադրերից էլ է երեւում, որ կատարվածն անակնկալ էր ե՛ւ Ս. Սարգսյանի, ե՛ւ Է. Նալբանդյանի համար:

- Կարող էին, բայց չարեցին, որը կրկին փաստում է, որ ԱՊՀ-ի եւ ՀԱԲԿԻ-ի անդամների հարաբերությունները հավասարազոր չեն, ասիմետրիկ են, եւ նրանց հետ մեծ հույսեր կապելը հղի է որոշակի ռիսկերով:

- Այսինքն, կարո՞ղ էր Հայաստանը նախապես իմանալ նամակի մասին եւ եթե` այո, Ձեր կարծիքով` ինչո՞ւ չի արել:

- Նախապես իմանալու հավանականությունը փոքր է, բայց բացառված չէ: Նման բաներից խուսափելու համար պետք չի սպասել դեպքերի ինքնուրույն զարգացմանը, այլ պետք է ձեռնարկել կանխարգելիչ քայլեր՝ նման իրավիճակները շրջանցելու համար: Դիվանագիտության արվեստը հենց դա է՝ ամենօրյա նպատակաուղղված աշխատանք: Եթե երկրորդ տարբերակը կա, ապա Հայաստանի դիրքորոշումն ունի հեռուն գնացող որոշակի նկատառումներ:

- Համաժողովի ժամանակ այս նամակին Սերժ Սարգսյանը որեւէ կերպ չարձագանքեց. Ձեր կարծիքով` ի՞նչ պետք է աներ նա:

- Այդ պահին ոչինչ էլ չպետք է աներ: Ինչ որ կարող էր, նա արդեն արել է:

- Ստացվում է, անհրաժեշտ քայլերը լավ չի արել, արդյունքում՝ նման իրավիճակի առաջ ենք հայտնվել:

- Ստացվում է, որ այդպես է:

- Եկեք այս խնդիրը դիտարկենք դիվանագիտական տեսանկյունից. սա արդյո՞ք չի խոսում այն մասին, որ Հայաստանը, մեղմ ասած, հաջող դիվանագիտություն չի վարում:

- Խոսում է: Հայաստանի դիվանագիտությունը վերանայման լուրջ կարիք ունի: Այն այսօր իռացիոնալ է: Բոլոր ուղղություններով:

Արման Գալոյան
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
903 reads | 31.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com