ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱՅՐԵՐԻ ՈՒ ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ Է
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ
«Հայ-ուկրաինական համագործակցություն» ՀԿ նախագահ, ՈՒԿՐԱԻՆԱ






Զարմանալի, զարհուրելի ընթացք է ապրում Ուկրաինական ժողովուրդը: 

Մեկը մյուսին վերացնում են, սպանում, խոշտանգում, իրականում կռվելով Արևմուտքի կամ Ռուսասատանի դեմ: Սա անեծքից այն կողմ է: Աստված հեռու պահի մեզանից նման հանգուցալուծում: Երեկ 16 զինվոր են սպանել: Մարդկային կյանքը գրեթե արժեք չունի: Ընտրություններ են, դեբատներ: Լացակումած Յուլյան ու ջղային Պորոշենկոն իրենց էշն են քշում, մարդիկ էլ կոտորում են իրար: 

Պատերազմը նաև ինչ-որ առումով հայրերի ու որդիների մեջ է: Երիտասարդները հիմնականում ավելի հավասարակշռված են ու ազնիվ: Հայրերը երեկն են վերադարձնում: 

Մի քանի օր առաջ Կիևում էի, հանդիպեցի որոշ ծանոթների հետ, Թոփ մենեջերներ են, 10-15 հազար աշխատող, հագնված կոկիկ ու բուտիկներում, քննադատում են Արևելքը, ասում են, էնտեղ մարդ չկա, որ խոսես հետը, ու՞մ հետ բանակցես: Բայց Կիևից դուրս չեն գալիս, Դոնեցկը իրենց համար արդեն Սիրիա է: Իսկ մենք, հայերս, այդ Դոնեցկում ապրում ենք, ու երբ կոչ ենք անում տեղի բոսերին պայմանավորվել Կիևի հետ, էստեղի կիսատ-պռատ հագնված, զինված ներկայացուցիչները նույնն են ասում` Կիևում մարդ չկա, ու՞մ հետ բանակցես: 

Շահում են Պուտինն ու Օբաման: Այսօր Եվրոպան արդեն շրթունքը կծեց, Գերմանիայում դեսանտայինի հագուստով նախկին խորհրդային զինվորները ցույցի են դուրս գալիս: Պուտինն իրենց ասել է, թե կապ չունի ինչ վիճակի ու կրթության տեր եք, այն, որ դուք ռուս եք, արդեն լավ է: 

Հիմա իմ բակը հավաքող ռուս դռնապանը սպասում է իր ժամին: Ինքն արդեն կյանքի իմաստը հասկացել է, ինքը ռուս է, ընտրյալ: Այն, որ երկիրը կիսով չափ աղքատ է, սոված, անճանապարհ ու ճնշված, ոչինչ, սա հիմա քաղաքական նոր լեզվով կոչվում է «Մեր յուրահատուկ քաղաքակրթական տեղը» պատմության մեջ: 

Հիմա Ռուսաստանը սխալը սխալի հետևից է թույլ տալու: Իրենից 10 անգամ մեծ Չինաստանի հետ է ընկերանում, որտեղ երկու տարվա մեջ ավելի շատ մարդ է ծնվում, քան Ռուսաստանում բնակվում է, այն էլ սոված, անթոշակ ու անկնիկ: 

Ես շատ եմ ուզում որ լավ լինի, ու ես չգրեմ, բայց ձեռքերս ինձ չեն ենթարկվում ու շարում են նոր նախադասություն: Ես ասեմ՝ կրակն ենք ընկել, դուք ինձ մի հավատացեք: 

Հիմա սա է մեր դաշնակիցը, մենք էլ իր: Աստված տա էնպես ընթանա, որ ասեք, հիշու՞մ եք էն Դավիթին, ինչե՜ր էր ասում: 

Բայց մի լավ բան կա, 4-5 տարի կարող ենք ամրանալ ու նույնիսկ տարածքներ ազատագրել, բայց ավելի լավ է պետություն դառնանք ու սփյուռքը կազմակերպենք, հավաքենք պետության շուրջ:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
953 reads | 23.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com