ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈՑԵՆՏՆԵՐԸ, ՈՐ ՀԵՏՈ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՆ «ԴՈԴԻ ԲԱՂԵՐՈՒՄ»
Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատանքի օգտակար գործողության զրոյական գործակցի մասին այնքան շատ է գրվել, որ միանգամայն իրավացի կլիներ այն անվանափոխել արտաքին անգործության նախարարության: Որ մեզ պարտադրված անհավասար պատերազմում հաղթեց հայկական զինուժը` դա մեր արդեն անցյալ դարձող ներկան է: Իսկ որ այդ ռազմական հաղթանակը ոչ միայն չամրագրվեց դիվանագիտական հաջողություններով, այլեւ, ճիշտ հակառակը` դիվանագիտական ամայության հետեւանքով իրական դարձավ հաղթանակները կորցնելու ուրվականը, նույնպես փաստ է: Եվ ամենեւին հարկավոր չէ փիլիսոփայել «մեր ազգային նկարագրին հատուկ չէ դիվանագիտությունը» թեմայով: Որովհետեւ նույնիսկ մեր ազգային խառնվածքի մեջ դիվանագիտության ճակատագրական բացակայության պայմաններում հնարավոր էր պեղել-գտնել պրոֆեսիոնալ եւ պարկեշտ կադրերի:

Մինչդեռ գաղտնիք չէ, որ անկախության տարիներից ի վեր ԱԳՆ-ն ամենակոռումպացված ոլորտներից է` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մի կողմ թողնենք մեր դիվանագիտության խայտառակ ձախողումները, հաղթող երկրից պարտվածի կարգավիճակի իջեցնելու մեջ ԱԳՆ անպատասխանատվության եւ անտեղյակության գործոնը, միայն հիշենք, թե քանիսն են, դեսպանի եւ հյուպատոսի իրենց առաքելության վրա թքելով, մնացել արտասահմաններում: Ամենայն հավանականությամբ, վաղ թե ուշ նրանք բոլորը հեռանում են Հայաստանից: Եվ որ այդպես է վարվելու նաեւ ներկայիս նախարար Էդվարդ Նալբանդյանը, կարծեմ, կասկածելի էլ չէ: Ըստ լուրերի, մշտական բնակության համար նրա տիկնոջ երկընտրանքը Մոսկվայի եւ Փարիզի միջեւ է: Այսօր արտերկրում դիվանագիտական ծառայություն իրականացնող բոլորը մտմտում են Հայաստան չվերադառնալու օրինական եւ ոչ այնքան օրինական ուղիների մասին: Եվ սույն մտածումը նրանց համակում է «օտար, ամայի ճամփեքին» ոտք դնելուն պես:
Բավական է հիշել Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպաններ Գագիկ Շահբազյանին եւ Սուրեն Սահակյանին, Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան Ֆելիքս Մամիկոնյանին, Կանադայում ՀՀ նախկին դեսպան եւ ներկայում այնտեղ ընտանիքով հաստատված Գառնիկ Նանագուլյանին, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան նախկին առաջին քարտուղար Մարինե Դավթյանին, ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության երկրորդ քարտուղար Նունե Աղասարյանին, ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության աշխատակից Արմեն Հովհաննիսյանին: Չմոռանանք նաեւ Բուլղարիայում թե Եգիպտոսում հաստատված Սերգեյ Մանասարյանին, ԱԳՆ բաժնի պետ Եղիշե Սարգսյանի` Գերմանիայում ապրող երկու դուստրերին, Մեծ Բրիտանիայում դեսպանատան աշխատող Վահրամ Աբաջյանին, Մոսկվայում հաստատված Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպան Վահե Գեւորգյանին, Ղազախստանը Հայաստանից գերադասած՝ Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Էդուարդ Խուրշուդյանին: Ի դեպ, սա իրենց պրոֆեսիոնալ երդումն ուրացածների ոչ լրիվ ցանկն է: Երբեւէ, երբ մեր պետությունը կլինի առողջ եւ ինքնաբավ, նման իրավիճակը ոչ միայն կբացառվի, այլեւ ազգային անվտանգության ապահովման համատեքստում պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ կգործեն, որովհետեւ ամենամիամիտին էլ հասկանալի է, թե թվարկված եւ չթվարկված «նորին գերազանցություն» տիկնայք եւ պարոնայք ինչ են վաճառել հանուն իրենց անձնական բարեկեցության:

Այս մտորումների առիթը ֆեյսբուքյան օգտատեր Ռոբերտ Գրիգորյանի մի գրառումն էր ամեն օր իր նոր նշանակման լուրին սպասող Բելգիայում եւ ԵՄ-ում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի մասին, ով նույնպես, հավանաբար, կհետեւի օրինաչափությանը եւ վաղ թե ուշ եվրոպաներում մնալու ձեւը կգտնի: Ներկայացվող գրառման մեջ խոսվում է նրան Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան նշանակելու մասին` որպես «հաճելիի եւ օգտակարի» համատեղում, որովհետեւ Իսպանիան երկրագնդի վրա Ավետ Ադոնցի նախասիրած երկիրն է:

«Ի պաշտոնե եւ ի ծնե» դիվանագետ Ավետ Ադոնցը Բելգիայում դեսպան է 2009 թվականից, իսկ մինչ այդ այն ժամանակ նորաստեղծ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ամենասուսուփուս անդամն էր: Դեսպան նշանակվելուց հետո նրա անդամությունն այդ կուսակցությանը սառեցվեց: Ավելին, նա մոռացավ ԲՀԿ-ին էլ, նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին էլ, այն աստիճան, որ «լայաղ» չէր անում դիմավորել Բրյուսել այցելած Ծառուկյանին եւ մյուս ԲՀԿ-ականներին: Նրա աշխատանքը պետք է լիներ համակարգել ԵՄ-ի եւ Եվրահանձնաժողովի հետ Հայաստանի աշխատանքները, իրականում, սակայն, զբաղված էր նախկին վարչապետին «ադամանդյա ծառայություններ» մատուցելով. բելգիահայերի շրջանում խոսում են նրանց համատեղ ադամանդի բիզնեսի մասին: Եվ չնայած այդ եւ այլ ճանապարհներով ստացվող կատաղի փողերին, Ադոնցն անտարբեր չէր նաեւ Հայաստանից դեսպանատանը հատկացվող գումարների նկատմամբ: Դեսպանատան մեր աղբյուրների փոխանցմամբ` «այլ ծախսեր» տողի տակ ստացվող գումարներով դեսպանը հոգում է իր ընտանիքի մանր-մունր հարցերը` զուգարանի թղթից մինչեւ ուտելիք: Դե, օրենքով հասնում է, որ դեսպանատունը հայաստանյան պատվիրակություններին հրավիրի ճաշի, ընթրիքի, հիմա ո՞վ է դրել-հաշվել, թե ում ընդունեցին, ում՝ ոչ:

Ընդհանրապես, Ավետն այն բացառիկ երջանիկներից է, ում մամուլը համարյա խնայել է: Ճիշտ է, մեկ-մեկ գրել են, որ բոլոր դեսպանների նման նա էլ է զբաղված պաշտոնյաների տիկնանց եւ մանավանդ սիրուհիներին խանութից խանութ ուղեկցելով, բայց կան բաներ, որ չեն հրապարակվել: Քչերը գիտեն, օրինակ, որ նրա երակներում հրեական արյուն է հոսում. մայրը հրեա է` Լարիսա Դոլգոպյատովա, Կիեւի հրեական համայնքից: Հենց հայ-հրեական ազգային որոշ առանձնահատկությունների շնորհիվ նա ճիշտ քավոր է ընտրել իր ավագ որդու համար` բելգիահայ ադամանդագործ Շահե Արսլանյան: Նույնկերպ ընտրեց նոր խնամուն` նախկին ԱԱԾ պետ Կառլոս Պետրոսյանին: Ի դեպ, երեւի ոչ ոք չգիտի, որ այդ խնամիության հիմքերը դրվել են վաղուց, երբ Ավետի կինը` Լիլիթը, Երեւանում անշարժ գույքի գործակալություն ուներ, եւ ֆինանսական զեղծարարությունների մեղադրանք կար վրան: Կառլոսի միջամտությամբ գործը փակվել է, եւ սկսվել է երկու ընտանիքների մտերմությունը, որն ավարտվել է Ավետի փոքր որդու եւ Կառլոսի մեծ աղջկա ամուսնությամբ: Լիլիթը՝ Ադոնցի կինը, ամիսը մի քանի անգամ գնում-գալիս է Երեւան-Բրյուսել, օգտվելով դիվանագիտական անձեռնմխելիությունից, իսկ Բելգիայում կանոնավոր մասնակցում է 50 հազար եվրոյից բարձր արժեքով ադամանդե քարերի աճուրդներին:

Բայց կարեւորն այն է, որ ոչ ոք չի կարող ձեւակերպել, թե այսքան տարի կոնկրետ ինչ օգուտ է տվել Ավետ Ադոնց դեսպանը Հայաստանին, որ նրան հնարավորություն են տվել քրոջը` Աննային, տեղավորել Կենտրոնական բանկում, քրոջ տղային ծառայության դասավորել Լուսակերտի զորամասում, որ այնտեղից տեղափոխի պաշտպանության նախարարություն: Հիմա էլ պատրաստվում են նշանակել Իսպանիայում ՀՀ դեսպան: Եվ Ավետն այնտեղ տունուտեղ կդնի, կհիմնավորվի: Ինչո՞վ է պակաս Իտալիայի նախկին դեսպան Գագիկ Բաղդասարյանից, Գառնիկ Նանագուլյանից, ԱԳՆ նախկին խոսնակ Արսեն Գասպարյանից եւ ՀՀ չվերադարձած ուրիշ դիվանագետներից: ԱԳՆ-ում եւ դեսպանատանը նրան նոր մականուն են տվել. չնայած Ավետը մոռացել է, որ ինքը պարտական է ԲՀԿ-ին եւ անձամբ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին իր դեսպան նշանակման համար:

Էլեն ԵՐԱՆՅԱՆ
Hraparak.am
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1616 reads | 18.05.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com