ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ. ՔԵՍԱԲԸ ԴԱՐՁԱՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ՞, ԹԵ՞ ԲԱՇԱՐ ԱՍԱԴԻ ԶՈՀԸ
ԷՄՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ








Երբ ցանկացա ընդամենը մի քանի րոպե տրամադրել՝ ծանոթանալու կեսգիշերից այս կողմ աշխարհում կատարված կարևոր իրադարձություններին, վերստին հասկացա, որ աշխարհաճանաչողության գործընթացն այսօր էլ իմ մոտ կգնահատվի անբավարար, քանի որ իմ միտքը Քեսաբից այն կողմ համառորեն չի ուզում անցնել... 

Ու հիմա փորձում եմ որոշակի եզրահանգում անել սիրիացի տասնյակ քրդերի բանավեճից՝ կապված Քեսաբի դեպքին: /Քիչ առաջ իմ փոստում գտա մի նամակ մի հարգարժան քուրդ տղամարդուց, ով հայտնում էր, որ ինքը համացանցում կազմակերպել է բանավեճը ո՛չ թե քրդերենով, այլ՝ արաբերենով... հատու՛կ ա՛յն բանի համար, որ ինձ ծանոթացնեն իրենց մտորումներին... Շնորհակալությու՛ն սիրիացի քրդերին, ովքեր կիսում են Քեսաբի հայերի տեղահանման ցավը, թեպետ նրանց բառերի արանքում ես, այնուամենայնիվ, գտա մի մտահոգություն, թե իբր իրենք չեն հիշում գեթ մեկ դեպք, երբ սիրիացի հայերը կարեկցած լինեն իրենց հարևան քրդերին՝ նրանց հասած մեծաթիվ փորձանքների ժամանակ հեղափոխական Սիրիայում... Ինչևէ... Հիշեցնեմ, որ սիրիաբնակ քրդերը մեզնից՝ հայաստանցիներիցս, շատ ավելի իրազեկված են և որքան հասցրել եմ նրանց ճանաչել՝ մեր համեմատ շա՛տ ավելի ազնիվ են իրենց գնահատականների մեջ:/ 

Եվ այսպես, սիրիացի քրդերի խոսակցությունից եզրակացրի, որ. 
1. Քեսաբի հայերի ունեցվածքը թալանված է,
2. ընդամենը մեկ հայ է զոհվել Քեսաբում,
3. Բաշար Ալ-Ասադի վարչակարգը, որ վարպետացել է ազգային փոքրամասնությունների զգացմունքները շահագործելու մեջ, մինչ թուրքական կողմով իրականացված ագրեսիան, սահմանամերձ Քեսաբը բացարձակապես անպաշտպան էր՝ բնակիչներին թողնելով բախտի քմահաճույքին... 

Հ.Գ. անձամբ ես մտածում եմ, որ թեպետ Քեսաբում բառի բուն իմաստով ցեղասպանություն չի կատարվել, բայց հայրենական պրոֆեսիոնալ դիվանագիտությունը պե՛տք է կարողանա օգտագործել Քեսաբի դեպքն իր բոլոր մանրամասնություններով հանդերձ՝ աշխարհի ուշադրությունը վերստի՛ն սևեռելու Հայկական հարցի վրա...

Քեսաբի դեպքը երկու շաբաթ շարունակ ուսումնասիրելուց հետո /առհասարակ սիրիական քաոսն ավելի քան երեք տարի մանրազնին հետազոտելուց հետո/ եզրակացնում եմ, որ թեպետ Քեսաբում ցեղասպանություն չի կատարվել /բառի բուն իմաստով/, սակայն քեսաբցիները դարձել են եռակի զոհեր /առայժմ ասում եմ՝ եռակի, բայց հնարավոր է ուսումնասիրություններիս արդյունքում նրանց համարեմ նաև քառակի, հնգակի զոհեր և այլն.../ 

1. Քեսաբի հայերը Բաշար Ալ-Ասադի վարչակարգի զոհերն են. այս վարչակարգը՝ սկսած Հաֆեզ Ալ-Ասադի ժամանակներից, թեպետ միշտ բարյացակամ է վերաբերվել հայերին, սակայն նա արդեն վարպետացել է հանուն իր շահերի ազգային փոքրամասնությունների զգացմունքները շահագործելու մեջ /ի դեպ, մեզ՝ հայերիս, լինենք հայաստանաբնակ, թե սփյուռքահայ, թե սիրիահայ, Բաշար Ալ-Ասադի անձի հանդեպ սիրահարվածությունն այն աստիճան է կուրացրել, որ չենք նկատում կամ չենք ուզում նկատել այս կարևոր փաստը/. մինչ թուրքական կողմով իրականացված ագրեսիան, սահմանամերձ Քեսաբը բացարձակապես թողել էր անպաշտպան՝ բնակիչներին թողնելով բախտի քմահաճույքին... այնինչ թուրքական իշխանությունները մի քանի անգամ հայտարարել են Սիրիայի վրա իրենց հարձակման մտադրության մասին: 

Հարց՝ ինչո՞ւ ամրացված չէր թուրք-սիրիական սահմանի քեսաբյան հատվածը: Ենթադրում եմ, որ Ալ-Ասադի վարչակարգն իր սրտի խորքում հե՛նց թուրքական շոշափելի միջամտությանն էր սպասում, որպեսզի ցույց տա աշխարհին, որ ընդդիմություն կոչվածը կեղծ կառույց է, որը գնված է արտատարածաշրջանային և տարածաշրջանային մի շարք պետությունների, մասնավորապես Թուրքիայի կողմից: 

2. Քեսաբի հայերը սիրիական պառակտված ընդդիմության արկածախնդրության, հեղափոխական գործին բացարձակապես անպատրաստվածության, սեփական ժողովրդի հանդեպ անփութության զոհերն են /հայերը սիրիացի ժողովրդի մի անքակտելի մասն են, Սիրիայի լիիրավ քաղաքացիները, ու նրանք չնայած իրենց ազգային պատկանելությանն ու կրոնական դավանանքին՝ անուրանալի վաստակ ունեն Սիրիայի կառուցման մեջ/: 

3. Քեսաբի հայերը Թուրքիայի հանցագործ իշխանությունների ակնհայտ հակահայկական ռազմավարության զոհերն են:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
2539 reads | 14.04.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com