ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՈՒՄՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
Ապրիլի 10-ին կամ 11-ին հայտնի կդառնա Հայաստանի նոր վարչապետի անունը: Այս ընթացքում հնչեցին վարչապետի թեկնածուի մոտ մեկ տասնյակ անուններ, հետո թեկնածուների ցանկը կրճատվեց, բոլորը սկսեցին խոսել Հովիկ Աբրահամյանի մասին: Դա, իհարկե, չի նշանակում, թե հենց նա է նշանակվելու վարչապետի պաշտոնում: Ի վերջո, նոր վարչապետի անունը գիտեն փոքր թվով անձինք, մի մասը՝ Հայաստանում, մյուսները՝ Ռուսաստանում, և բացառված չէ, որ Աբրահամյանի անունը շրջանառության մեջ է դրվել ոչ թե նրա առաջխաղացման, այլ նրան քաղաքական ասպարեզից հանելու համար: Հանրապետականներն իրենք են իրար հերթ չտալով հայտարարում, որ վարչապետի նշանակումը միայն, բացառապես, վերստին ու կրկին Սերժ Սարգսյանի լիազորությունն է, ասել է թե՝ ում կուզի՝ կնշանակի: Կարծես խոսքը սեփական տնամերձի այգեպանի նշանակման մասին է: Բայց մի պահ վերանանք նոր վարչապետի անձից: 

Շատ ավելի կարևոր են այն չափանիշերը, որոնցով ընտրվել կամ ընտրվելու է նոր վարչապետը: Եթե, իհարկե, Հայաստանում պաշտոնյաների ընտրության մեխանիզմի հիմքում դրված գործոնները կարելի է ընդհանրապես չափանիշ համարել: Մեկ շաբաթ է՝ գրեթե բոլորը, առաջին հերթին՝ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե նոր վարչապետը պետք է «բոլորի համար ընդունելի լինի»: Առաջինն այդ մասին, ըստ մամուլում հրապարակված ու ոչ միայն չհերքված, այլև՝ երկրորդված ու երրորդված տեղեկությունների, ՀՀԿ ԳՄ նիստում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Պարզ է, որ հենց նրան է կրկնել Գալուստ Սահակյանը՝ ասելով, թե նոր վարչապետը պետք է ընդունելի լինի բոլորի համար, և այդ իմաստով ամենաընդունելին Հովիկ Աբրահամյանն է: Նույն միտքը՝ տարբեր ձևակերպումներով, վերջին օրերին կրկնել են գրեթե բոլոր հանրապետականները: Մի խոսքով, նոր վարչապետի ընտրության չափանիշ կարելի է համարել «բոլորի կողմից ընդունելի լինելը»: 

Սա, ըստ էության, կարելի է համարել Հայաստանի քաղաքական ու պետական կառավարման համակարգի հերթական ախտորոշումը: Անբուժելի հիվանդության մասին ախտորոշումը: Նշված սկզբունքով վարչապետ նշանակելը նշանակում է, որ Հայաստանում որևէ ֆորմալ ինստիտուտ գոյություն չունի կամ չի գործում: Խոսքն առաջին հերթին՝ քաղաքական մեխանիզմի, սահմանադրության ու օրենքի ինստիտուտների մասին է: Հայաստանի Սահմանադրության մեջ վարչապետի նշանակմանը ներկայացվող պահանջների շարքում «ընդունելի լինելու» մասին որևէ կետ չկա: 

Վարչապետ նշանակում է նախագահը՝ մեծամասնության առաջարկով կամ նրա ու մյուս ուժերի հետ խորհրդակցության արդյունքում: Այսինքն՝ ըստ Սահմանադրության՝ վարչապետ կարող է նշանակվել նաև մեկը, ումից բոլորը զզվում են՝ բառի բուն իմաստով, որը, սակայն, բավարարում է այդ պաշտոնի սահմանադրական պահանջներին ու համապատասխան քաղաքական-մասնագիտական փորձառություն ունի: Բայց Հայաստանում որևէ այլ չափանիշի մասին գրեթե չի խոսվում, ըստ իշխանության տրամաբանության՝ կարող է վարչապետ դառնալ ցանկացած մեկը՝ միայն թե ընդունելի լինի բոլորի կողմից: Բայց այդ չափանիշով առաջնորդվելու դեպքում վարչապետ կարելի է նշանակել Շառլ Ազնավուրին կամ Քիմ Քարդաշյանին: Թեև ամենաընդունելին, իհարկե, կլիներ Վլադիմիր Պուտինը, ով տեխնիկական՝ զբաղվածության պատճառով հազիվ թե համաձայնի: Փաստորեն, ՀՀԿ-ն ունենալով դե ֆակտո մեծամասնություն՝ չի օգտագործում մեծամասնության իրավունքը՝ իբրև թե հանդես գալով «համախմբողի դիրքերից», ու մեծահոգաբար պատրաստակամություն է հայտնում վարչապետ նշանակել «բոլորի համար ընդունելի մեկին»: Ինչո՞ւ: 

Վախենո՞ւմ է ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիայից: Գուցե: Բայց արդյո՞ք միայն դրա համար: Հազիվ թե: Իրականում վարչապետի նշանակման շուրջ ստեղծված աժիոտաժն ու «բոլորի համար ընդունելի» թեկնածուի քարոզչությունն իշխանության ոչ լեգիտիմության հերթական վկայությունն են՝ բառի և նեղ, և լայն իմաստներով: Ժողովրդավարական համակարգերում «ընդունելիության» սկզբունքն արտահայտում է ընտրության ինստիտուտը: Արդար ընտրությունների արդյունքում իշխանության է գալիս հասարակության մեծամասնության կողմից իսկապես ընդունելի գործիչը կամ կուսակցությունը, որն առանց կաշկանդվելու՝ իրականացնում է իր քաղաքականությունը, այդ թվում ու առաջին հերթին՝ կադրային հարցերում: Հայաստանում, սակայն, իշխանությունը, մեղմ ասած, «ընդունելի չէ» բոլորի՝ մեծամասնության կողմից, «ընդունելի» դարձվում է բոլոր ընտրություններում՝ կեղծիքների միջոցով: Բայց վերջին ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ ՀՀԿ-ն «ընդունելի» դարձնելով սեփական իշխանությունը՝ «ընդունելի է» դարձրել նաև մյուսներինը: Ոչ հավասարապես, իհարկե: Բայց, ամեն դեպքում, ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն էլ գոհ են մնացել վերջին խորհրդարանական ընտրություններից ՝ ընդունելով կեղծված ընտրություններից իրենց բաժին հանված մանդատները: Ու հիմա իշխանությունը՝ ՀՀԿ-ն, ցանկանում է, որպեսզի նոր նշանակվելիք վարչապետն ընդունելի լինի բոլորի, այսինքն՝ հասարակության փոխարեն «ընդունելիությունը» ստանձնածների համար՝ իմա՝ ոչ իշխանական ուժերի համար: 

Այսինքն՝ իշխանությունը չի ընդունվում հասարակության կողմից, սակայն ընդունվում է հասարակության անունից հանդես եկող մի քանի ուժերի կողմից, ումից էլ ակնկալում է ընդունել նոր վարչապետին: Ի դեպ, հենց այս օրերին Հայաստանը Ռուսաստանի հետ համաձայնագիր է կնքել հայ միգրանտների համար այդ երկրում բացառություններ անելու վերաբերյալ: Այսինքն՝ ՀՀ իշխանությունն ապահովում է այլ երկրում սեփական քաղաքացիների «ընդունելության» պայմանները: Համարյա իդեալական մեխանիզմ՝ սեփական երկրում ապրողների քանակն այդ համաձայնագրով հասնում է հնարավոր նվազագույնի, առանց այդ էլ քաղաքական գործընթացներում գրեթե ազդեցություն չունեցող հասարակության դերը զրոյացվում է, ինչը հնարավորություն է տալիս իշխանությանն «ընդունելի» լուծումներ գտնել իշխանության դեմ պայքարող ուժերի հետ՝ իշխանությունը կիսելու հարցի շուրջ: Մնում է՝ առաջիկա սահմանադրական փոփոխությունների ժամանակ փոխել նաև Սահմանադրության, առանց այդ էլ՝ չգործող երկրորդ հոդվածը և արձանագրել. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է տվյալ պահին իշխանության մեջ գտնվող կուսակցությանը և տվյալ պահի ոչ իշխանական ուժերին»: 

Կարելի է անգամ անվանապես ամրագրել ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը», Հայաստանում ֆորմալ ինստիտուտները դադարել են գործել: Դրանց փոխարինել են այլընտրանքային համակարգերը (խոսքը ԲՀԿ-ի մասին չէ): Իշխանությանն ընտրում են ոչ թե քաղաքացիները, այլ ընտրակեղծարարներ հնչեղ անունը ստացած կիսաքրեական տարրերը, տնտեսական հարաբերությունները կարգավորվում են ոչ թե մրցակցության կանոններով ու օրենքներով, այլ «սխոդկաների» ժամանակ որոշվող քվոտաներով, պատժում են ոչ թե դատարանները, այլ «պախանները»… Նույն երևույթի դրսևորումներից մեկն էլ այն է, որ վարչապետ է նշանակվում ոչ թե Սահմանադրության, քաղաքական տրամաբանության, այլ «բոլորի համար ընդունելի լինելու» պահանջով: Հայերս «ընդունելի լինել» արտահայտությունն օգտագործում ենք զոհաբերության՝ մատաղի ժամանակ՝ այդպիսով Աստծուն զոհաբերություն կատարողին ցանկանալով նպատակների իրագործում: Նոր վարչապետի պարագայում, սակայն, զոհաբերվողը լինելու է հասարակությունը, պետությունը: Իշխանությունը հերթական անգամ զոհաբերում է Հայաստանը՝ վստահ լինելով, որ ոչ իշխանական ուժերը միասին կամ առանձին-առանձին կարձանագրեն՝ «ընդունելի լինի»: 

Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ http://168.am/2014/04/10/351354.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
696 reads | 10.04.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com