ԹՈՒՐՔԻԱՆ ՂՐԻՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Թուրքական ընդդիմադիր թերթերը վարչապետ Էրդողանին դժվար կացության մեջ են դրել, ով առանց այդ էլ հեշտ կացության մեջ չէ՝ կապված կոռուպցիոն սկանդալի հետ: Մամուլում հրապարակվել է 1783 թվականին Բուլղարիայի Քյուչուկ-Կայնարջի գյուղում Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև կնքված հաշտության պայմանագրի կետերից մեկը, որի համաձայն Թուրքիան Ղրիմի նկատմամբ վերականգնում է բոլոր իրավունքները այն դեպքում, երբ թերակզղին հայտարարի իր անկախության մասին կամ մտնի մեկ այլ՝ երրորդ պետության կազմի մեջ: 

Պայմանագրի այդ կետին Թուրքիան հղում չկատարեց, երբ 1991 թվականին Ղրիմը անցավ Ուկրաինային, իսկ հիմա, երբ Ռուսաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին և ԵՄ-ին, դժվար է պատկերացնել, որ Թուրքիան նման համարձակություն կցուցաբերի:

Մինչև ռուսական տիրապետության տակ ընկնելը Ղրիմի և Թուրքիայի միջև սերտ կապեր են եղել, այստեղ ապրել են հազարավոր թաթարներ: 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ղրիմի թաթարները ընդգրկվում են Ղրիմի Սովետական Սոցիալիստական Ինքնավար Հանրապետության կազմի մեջ, որը 1945 թվականին վերակազմավորվել է Ստալինի հրամանով՝ թաթարներին մեղադրելով հիտլերյան իշխանությունների հետ կապեր հաստատելու մեջ: Եվ իրոք, Ստալինի մեղադրանքները անտեղի չեն եղել. շատ իսլամական առաջնորդներ համագործակցել են գերմանացիների, անգլիացիների, ֆրանսիացիների հետ, որոնք պայքարում էին կոմունիստների դեմ: 

Թաթարները համագործակցել են ոչ միայն նրա համար, որ կոմունիստները աթեիստ էին, այլ նաև, որ խորhրդային առաջնորդները հարուստ կալվածատեր թաթարներից խլում էին wւնեցվածքը և բաժանում աշխատավոր դասին: Ստալինի 1945 թվականի մեկ այլ հրամանով Ղրիմի ինքնավարությունը վերածվում է Ղրիմի շրջանի, իսկ տասնյակ հազարավոր թաթարներ աքսորվում են Միջին Ասիա: Թաթարների տները հանձնվում են ռուսներին, որոնք կորցրել էին բնակարանները համաշխարհային պատերազմի տարիներին՝ դրանով Ղրիմը դարձնելով ռուսաբնակ:

Այդ ժամանակից ի վեր թերակղզու բնակչության կազմի մեջ տեղի են ունեցել լուրջ փոփոխություներ. եթե 200 տարի առաջ բնակչության 98%-ը կազմում էին թաթարները, ապա ցարական զորքերի ներխուժումը, տեղահանությունը և, ի վերջո, Խորհրդային Միության փլուզումից հետո մի քանի հազար թաթարների վերադարձը հանգեցրին նրան, որ, համաձայն 2001 թվականի մարդահամարի, նրանք կազմում են բնակչության ընդամենը 12%-ը , այն ժամանակ, երբ ռուսները և ուկրաինացիները մեծամասնություն են կազմում:

Որոշ թուրք ղեկավարներ պնդում են, որ «Թուրքիան երբեք չի լքի իր թաթար եղբայրներին և կպաշտպանի նրանց իրավունքները»: Բայց այս ամենը ոչ այլ ինչ է, քան ամբոխավարություն, ծխից պատրաստված շղարշ, որը նպատակ ունի թաքցնելու սեփական երկրի խորը քաղաքական եւ տնտեսական ճգնաժամը, և, թերեւս, փորձ՝ ԱՄՆ-ի հետ կրկին մերձենալու համար:

Ղրիմի թաթարները և Թուրքիան

Թուրքիան իրեն համարում է Ղրիմի թաթարների և թյուրքական հսկայական ընտանիքի, թյուրքալեզու ժողովուրդների նախահայր, որի կազմի մեջ մտնում են ղազախները , ուզբեկները, ղրղզները, թուրքմենները, ույղուրները, գագաուզները, բացի ադրբեջանցիներից, ովքեր, սկսած XVI դարից, խոսում են ադրբեջաներեն (թյուրքական ծագման), թեև ունեն պարսկական արմատներ:

Պետք է նշել, որ Թուրքիան վերջին տարիներին ամրապնդել է կապերը Ղրիմի թաթարական համայնքի հետ՝ Ղրիմի իշխանությունների հետ կնքելով համաձայնագրիր մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, բնակարանային, ճանապարհների եւ դպրոցների (ներառյալ կրոնական) բնագավառներում:

Անկարան գրեթե ոչինչ անել չի կարող

Անսպասելի ճգնաժամը, որը ստեղծվեց Ղրիմում, մեծ ազդեցություն թողեց Անկարայի քաղաքականության վրա: Էրդողանը ստիպված էր թույլտվություն տալ ամերիկյան ռազմանավերին՝ անցնելու սևծովյան նեղուցներով: Իսկ մյուս կողմից թուրքական կառավարությունը մեծ ճնշումներ է զգում Ղրիմի և Թուրքիայի թաթարների կողմից, որոնք նրան կոչ են անում ինչ-որ բան անել՝ թույլ չտալու Ղրիմի անջատումը Ուկրաինայից և նրա միացումը Ռուսաստանին:

Արևմտյան մասնագետների սխալ վերլուծությունը, որի արդյունքում արևմտյան երկրները աջակցություն ցուցաբերեցին Ուկրաինայում գործող ուժերին և զուգահեռներ անցկացրին Պուտինի և Հիտլերի միջև, այրեցին բոլոր կամուրջները Կրեմլի հետ համաձայնության հասնելու համար և զրոյացրին բոլոր հնարավորությունները, որը թույլ կտար ռուսական իշխանություններին վերադառնալ նախքան ճգնաժամը գործող ուժերի հարաբերակցությանը:

Այս իրավիճակի հանգուցալուծումը եղավ այն, որ եթե սկզբնական շրջանում Պուտինը Ղրիմի գործոնը օգտագործում էր իբրև Արևմուտքի վրա լծակ, ապա արդեն վերջում, երբ Ուկրաինայում բռնի իշխանափոխություն էր տեղի ունեցել, Պուտինը պաշտպանեց Ղրիմը Ուկրաինայի տարածքից դուրս բերելու տարբերակը:

Թուրքիան հստակ հասկանում է, որ Մոսկվան ոչ մի պարագայում չի հրաժարվի իր ռազմածովային բազայից, որը տեղակայված է Սևաստոպոլում:
Ռուսաստանի հետ առևտրա-տնտեսական համագործակցությունը Թուրքիային մեծ օգուտներ է բերում, հատկապես ներկա շրջանում, երբ ԵՄ-ն տնտեսական դժվարություններ է ապրում: Անկարան նաև չխառնվեց 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մեջ, և ձգտում է այնպես անել, որ Մոսկվայի հետ սիրիական հարցում տարաձայնությունները էական ազդեցություն չունենան առևտրական հարաբերությունների վրա:

Էրդողանը այլևս չի կարող կրկնել 2009 թվականի իր արարքը, երբ Դավոսում ընթացող միջազգային ֆորումի ժամակակ Իսրայելի վարչապետ Շիմոն Պերեսի ներկայությամբ հանդես եկավ ընդդեմ Իսրայելի՝ պաշտպանելով պաղեստինցիներին, որը մեծապես բարձրացրեց նրա հեղինակությունը: Սակայն Ռուսաստանը Իսրայել չէ, իսկ Էրդողանին մեղադրում են այնպիսի ծանր հանցագործությունների մեջ, որ նրան չի փրկի նույնիսկ հոգատարությունը Ղրիմի թաթարների նկատմամբ, որոնք ընկել են երկու քարի՝ Մոսկվայի և Կիևի արանքը:

Ռուս-թուրքական հարաբերություններում հնարավոր լարվածությունը կարող է հիմք հանդիսանալ, որ Գազպրոմը խզի Թուրքիայի հետ 2011 թվականին կնքված գազատարի կառուցման պայմանագիրը, որը անցնելու է Սև ծովի հատակով և շրջանցելու է Ուկրաինան: Կամ էլ, Էրդողանի համար ավելի վատ սցենար կարող է առաջանալ, եթե Մոսկվան համաձայնության գա իրանական կողմի հետ՝ վերջինիս տարածքը որպես տարանցիկ գոտի օգտագործոլու համար, որը հնարավորություն կտա ռուսական գազը հասցնել իր գնորդներին: Այդ ամենը կարող է Թուրքիայի համար միլիարդավոր դոլարների կորստի վերածվել՝ չհաշված ռազմավարական նշանակությունը:

Ռուսաստանը և Ղրիմի անկախությունը

Մոսկվայի համար ամենատհաճը կարող է լինել այն, որ Ղրիմի դուրս գալը Ուկրաինայի կազմից թույլ կտա վերջինիս մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ: Ռուսական իշխանությունները շատ հանգիստ են ընդունում այն հանգամանքը, որ Ուկրաինան պետք է հանդիսանար Մաքսային միության գլխավոր մասնակիցներից մեկը, պարզապես չի մտնի նրա կազմի մեջ. իսկ Ղրիմը կարող է զրկվել տարեկան վեց միլիոն զբոսաշրջիկնների մեծ մասից և բեռ դառնալ Մոսկվայի համար, որը վերջերս հսկայական գումարներ է ներդրել Սոչիում ձմեռային օլիմիպիական խաղերի կազմակերպման համար: Բայց փոխարենը ՌԴ-ն այնտեղ կկարողանա ամրացնել իր ռազմածովային ուժերը՝ լուծարելով 1997 թվականի Ուկրաինայի հետ կնքած պայմանագիրը, ըստ որի նա իրավունք չուներ ընդլայնել և արդիականացնել դեռևս խորհրդային ժամանակներից մնացած Սևաստոպոլի ռազմական օբյեկտները: Իսկ Ուկրաինան կդադարի ստանալ այն մեծ գումարները, որը ՌԴ-ն ամեն տարի փոխանցում էր ռազմածովային բազայի վարձակալման համար:

2008 թվականի հնգօրյա պատերազմի ժամանակ հենց այնտեղից էին արգելափակել Վրաստանի ռազմանավերը, իսկ անցյալ տարի Սևաստոպոլից Սիրիայի Տարտուս նավահանգստի ուղղությամբ շարժվեցին տասը ռուսական ռազմանավեր: Բացի այդ, Սև ծովի և եվրոպական գնորդների շրջանում նա կարող է մեծացնել իր ազդեցությունը էներգամատակարարման ուղիների վրա, այդպիսով ծանր հարված հասցնելով արևմտյան պետությունների ջանքերին, որոնք փորձում են նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

Ոչ այդքան շատ հզոր երկրները հետաքրքրված են ստեղծել տարածաշրջանային դաշինքներ և չդառնալ աշխարհի գերտերությունների պատանդը, որտեղ իշխում է ջունգլիների օրենքը:

Թուրքերն, ովքեր այժմ չունեն անհրաժեշտ հեղինակություն միջնորդելու այս հակամարտությանը, ավելի լավ է հետևեն նրան կողքից, քանի որ այն կարող է մեծապես վնասել իրենց:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ publico.es
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
962 reads | 21.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com