ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ԱՄՆ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտ,  ՉԻՆԱՍՏԱՆ







2005թ. Ջ. Վ. Բուշը երկրորդ երդմնակալության ընթացքում անդրադառնալով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը՝ հայտարարեց, որ ԱՄՆ-ի խնդիրն է օգնել աշխարհի տարբեր երկրներում գտնվող բոլոր ուժերին ու կազմակերպություններին, ովքեր պայքարում են հանուն ժողովրդավարության ու ընդդեմ բռնապետների: 2009-ին Կահիրեում նմանատիպ ուղերձ հղեց նաև Օբաման՝ փաստելով, որ ԱՄՆ-ը շարունակելու է օժանդակել բոլոր արևմտամետ ուժերին հասնել իշխանության: 21-րդ դարում ԱՄՆ-ն անմիջականորեն ներքաշված է Մերձավոր Արևելքի բոլոր պատերազմների ու հակամարտությունների մեջ: 

Իսկ ի՞նչ արեց ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում, ի՞նչ խնդիրներ լուծեց, ի՞նչ արդյունքների հասավ 13 տարիների ընթացքում:

Իրաք, Իրան, Իսրայել 

Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ու մասսայական ոչնչացման զենքի պատրվակով ԱՄՆ-ը ներխուժեց Իրաք ու հեռացրեց Սադամին: Կարծես ԱՄՆ-ը հաղթեց, քանի որ ԱՄՆ-ի թշնամին՝ Սադամը, մահապատժի ենթարկվեց, Իրաքի տարածքում տեղավորվեցին ԱՄՆ-ի զորքերը: 
Սակայն Իրաքի տարածքում այդպես էլ մասսայական ոչնչացման զենքեր չհայտնաբերվեցին, ինչը, թե՛ համաշխարհային հասարակությունում, թե՛ ԱՄՆ-ում վարկաբեկեցին ԱՄՆ-ի հեղինակությունը: Իրաքն այդպես էլ ժողովրդավարական չդարձավ, այլ ահաբեկչության և միջկրոնական բախումների օջախ: Իրաքում Իրանի օգնությամբ իշխանության եկան շիաները, որոնք քաղաքական ու տնտեսական ամուր կապեր հաստատեցին Իրանի հետ: Եթե հաշվի առնենք հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հիմնական մրցակիցն Իրանն է, իսկ Սադամն էլ Իրանի թշնամին էր, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ իմաստ ուներ հեռացնել Սադամին, ում իշխանության վերջին տարիներին Իրաքը թուլացել էր. վտանգավոր չէր ԱՄՆ-ի համար, բայց վտանգավոր էր Իրանի ու շիաների համար:

Հարց է առաջանում՝ ո՞վ իրականում հաղթեց Իրաքում, ԱՄՆ-ը՞, թե՞ Իրանը: Չէ՞ որ Իրաք-իրանյան պատերազմում Իրանի հիմնական նպատակն էր Իրաքը ներառել շիա մուսուլմանների ազդեցության գոտում… Կարծում եմ՝ սուննի մուսուլմանների առաջնորդ ԱՄՆ-ը, սեփական ազդեցությունը տարածելու նպատակով սկսած պատերազմում, ի վերջո պարտություն կրեց, ու արդյունքում Իրաքը հանձնեց շիաներին… Իրանը ի դեմս արևմտյան հարևանի՝ թշնամու փոխարեն ձեռք բերեց հավատակից գործընկերոջ…

Միջուկային Մերձավոր Արևելք 

ԱՄՆ-ը դեռ 20-րդ դարում սկսեց միջուկային տեխնոլոգիաների տարածումը Մերձավոր Արևելքում: Իրանն առաջին նմանատիպ տեխնոլոգիաներ ստացավ ԱՄՆ-ից դեռ Մոհամմադ Ռեզա Փեհլեվի շահի օրոք: Իսրայելն ԱՄՆ-ի գիտությամբ ու օգնությամբ կառուցեց իր միջուկային զինանոցը, որը պատճառ դարձավ Մերձավոր Արևելքում ուժերի միջև հավասարակշռության խախտմանը: Թեհրանում որոշում կայացրեցին Իսրայելի ու ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը զսպելու համար միջուկային զենք ստեղծել: Այսպիսով ԱՄՆ-ը, կարծես, մի կողմից Իսրայելին անվտանգության երաշխիք՝ միջուկային զենք տվեց, բայց մյուս կողմից վտանգավոր ու անկանխատեսելի միջուկային սպառազինությունների մրցավազք հրահրեց, որի պատճառով վտանգեց սեփական դաշնակիցների ֆիզիկական գոյությունը:

Բազմիցս ճանապարհորդել եմ Իրանում ու զրուցել իրանցիների հետ, կարող եմ փաստել, որ մինչև 2010թ.-ն Իրանն այն երկիրն էր, որի կառավարությունը թշնամաբար էր տրամադրված ԱՄՆ-ի նկատմամբ, բայց ժողովուրդը սիրում էր ԱՄՆ-ն ու ամերիկյան երազանքը: Իրավիճակը փոխվեց ՄԱԿ ԱԽ 1929 բանաձևից հետո, երբ իրանցիների կենսամակարդակը տնտեսական ու ֆինանսական ծանր պատժամիջոցների պատճառով անկում ապրեց: 2012-ին, երբ Իրանում էի, իրանցիների վերաբերմունքը կտրուկ փոխվել էր ԱՄՆ-ի նկատմամբ, նրանք նշում էին, որ Արևմուտքի կողմից առաջադրված պատժամիջոցների պատճառով առաջին հերթին տուժեց Իրանի ժողովուրդը: 

Սիրիա, Աֆղանստան 

Կարծում եմ, Սիրիայում ԱՄՆ-ը հաջողության չի հասնում, քանի որ նախ չի կարողանում օգտագործել Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում կիրառած ռազմավարությունը, այն է՝ հակառակորդի օդուժի ոչնչացում, հրթիռային ու ռազմաօդային ուժերի միջոցով հակառակորդի հիմնական ուժերի ջախջախում: Այս ռազմավարությունն ԱՄՆ-ը չի կարող կիրառել, քանի որ ՄԱԿ ԱԽ-ում Չինաստանն ու Ռուսաստանը արգելափակում են Սիրիայի նկատմամբ հարձակումը: Կարծում եմ՝ Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը լավ են հասկանում, որ եթե Սիրիայում ԱՄՆ-ին հաջողվի «ժողովրդավարություն» տարածել ու տապալել Ասադին, ապա ԱՄՆ-ը կփորձի «ժողովրդավարություն» տարածել նաև Իրանում, Ռուսաստանում, իսկ հետո՝ Չինաստանում: 21-րդ դարում Սիրիան դարձել է մի նոր 38-րդ զուգահեռական, որտեղ բախվում են Արևելքի ու Արևմուտքի շահերը: Սիրիայում անհաջողության պատճառներից են նաև ընդդիմության ոչ միասնական գործողություններն ու մեկ ղեկավարության բացակայությունը: Հետաքրքրական է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ը պայքարում է Թալիբանի դեմ, իսկ Սիրիայում համագործակցում է: 

Փորձագետները ԱՄՆ-ը ղեկավարության Աֆղանստան ներխուժման վերաբերյալ բազմաթիվ պատճառներ են նշում, ցանկանում եմ նշել դրանցից երկուսը՝ պայքար ահաբեկչության և թմրաբիզնեսի դեմ: Արդյո՞ք ամերիկացիները ոչնչացում են օփիումի պլանտացիաներն ու պաշարները, դժվար հարց է: Եթե հավատանք ռուսական աղբյուրներին, ապա ԱՄՆ-ի Աֆղանստան ներխուժումից հետո Ռուսաստանում մեծացել է թմրադեղերի ու թմրամոլների քանակը: Արդյո՞ք սա <<Օփիումի պատերազմի>> հերթական սցենարն է, ու այս անգամ Չինաստանում անգլիական փորձը կիրառվում է Ռուսաստանի դեմ: 

Լիբիա, Եգիպտոս 

2011թ.-ին ԱՄՆ-ը օժանդակեց Քադաֆիի ընդդիմադիրներին, կողմ քվեարկեց Լիբիայի երկնքում <<ոչ թռիչքային գոտուն>>, որի պատճառով Քադաֆին պարտվեց: Ներկայիս Լիբիան դարձել է անկայուն, որի պատճառով Եվրոպան ողողվել է լիբիացի փախստականներով: Լիբիայում անվտանգությունը վերականգնելու համար նույն ԱՄՆ-ն ու ԵՄ-ն մեծ միջոցներ են ծախսում: Հետաքրքիր է, որ կարծես ԱՄՆ-ն ու ԵՄ-ն համոզված էին, որ պետք է տապալել Քադաֆիին, բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, լավ չէին հաշվարկել ապագա անելիքները, ինչն աղետալի իրավիճակ ստեղծեց Լիբիայում՝ վտանգելով ԵՄ-ին: 

Եգիպտոսում ԱՄՆ-ի օժանդակությամբ իշխանության եկան <<Մուսուլման եղբայրները>>: Կարծես <<Մուսուլման եղբայրները>> թե՛ գաղափարախոսությամբ, թե՛ մտածելակերպով հեռու են ԱՄՆ-ի <<ժողովրդավարության>> տեսլականից, բայց հանուն իշխանության պայքարը կարող է միավորել նաև հակընդդեմ ուժերին: <<Մուսուլման եղբայրների>> առաջադրած նախագահ Մուրսիին չհաջողվեց կայունություն հաստատել Եգիպտոսում: Ոտքի կանգնեց զինվորականությունը, որն ավանդաբար դեմ է Եգիպտոսում կրոնապետություն ստեղծելուն: 

Եգիպտոսում ստեղծված անկայուն ու պայթունավտանգ իրավիճակը վտանգեց Իսրայելի անվտանգությունը: Կարծես արևմտամետ Մուբարաքի տապալումն ԱՄՆ-ի դիվանագիտության հերթական սխալ հաշվարկն էր, քանի որ ԱՄՆ-Եգիպտոս հարաբերություններն ուրիշ ուղղությամբ շարժվեցին, ու դրա վառ ապացույցն էր եգիպտական բանակի ղեկավար ու ապագա նախագահի թեկնածու Սիսիի այցը Մոսկվա:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1654 reads | 05.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com