Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ
Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտ,  ՉԻՆԱՍՏԱՆ







Ի՞նչ են մտածում չինացիները Ուկրաինայի դեպքերի մասին: Ինչպիսի՞ն կցանկային տեսնել Ուկրաինան: 

Չինական պաշտոնական հեռուստալիքները <<Մայդանի>> դեպքերին փորձում էին քիչ անդրադառնալ: Ցուցադրում էին փոքրիկ հավանքներ, հարցազրույցներ էին վերցնում ռուսական կողմնորոշում ունեցող քաղաքացիներից կամ քաղաքական գործիչներից, սակայն երբ <<Մայդանը>> <<պայթեց>>, նրանք էլ ավելի շատ են ուշադրություն դարձնում իրադարձությունների ընթացքին, անդրադառնում են ընդդիմության պահանջներին: 

Ուկրաինայի համար Ռուսական և Արևմտյան աշխարհների բախումը նոր ու որոշիչ փուլ է մտնում: Փորձեցի պարզել, թե ինչ են մտածում աշխարհի երկրորդ տնտեսության քաղաքացիներն ու հետազոտողները: Երիտասարդները, կարծես, այնքան էլ հետաքրքված չեն Ուկրաինայով, համարում են, որ այն շատ հեռու է, ուստի չի կարող լինել Չինաստանի հետաքրքրության շրջանակում: Տարեցները, ովքեր դեռ հիշում են Խորհրդային Միությունը, կարծիք հայտնեցին, որ Ռուսաստանը զորք կմտցնի Ուկրաինա: 

Հարցումներ կատարեցի նաև միջազգային քաղաքականության փորձագետների շրջանակում: Նրանցից ոմանք նշեցին, որ կարևորն Ուկրաինայի կայունությունն է, քանի որ չինացիները ներդրումներ են կատարել ու անկայուն իրավիճակի պատճառով գումարներ կկորցնեն: Մի մասը նշեց, որ տարբերություն չկա՝ Ուկրաինան կնախընտրի իրենց թիվ երկրորդ տնտեսական գործընկերոջը՝ ԵՄ-ին, թե՞ կարևոր ռազմավարական գործընկերոջը՝ Ռուսաստանին: Նրանք հակված են մտքին, որ ներկայիս աշխարհում առևտուրն է կարևոր, իսկ Ուկրաինան միշտ կշարունակի առևտուրը Չինաստանի հետ: 

Չինական դիվանագիտության կարևոր տարրերից է ուրիշ երկրների ներքին գործերին չխառնվելը, բայց այս դեպքում, կարծում եմ, Չինաստանի կոմունիստական վերնախավին ձեռնտու չէ, որ Ուկրաինան ընտրի եվրոպական ուղին: Քանի որ Ռուս-չինական մերձեցման, չին-ամերիկյան հակասությունների սրման պայմաններում, իհարկե, Չինաստանին ձեռնտու չէ, որ Ուկրաինայի նման ռազմավարական նշանակություն ունեցող երկիրն անցնի ԱՄՆ-ի մշտական դաշնակցի՝ ԵՄ-ի ճամբար: Ներկայիս իրավիճակում, երբ ԱՄՆ-ը փորձում է Չինաստանի դեմ օգտագործել հզորացող Ճապոնիային ու Հնդկաստանին, Չինաստանին ուղղակի անհրաժեշտ է միջուկային Ռուսաստանը, որը ևս անհանգստացած է Հեռավոր Արևելքում Ճապոնիայի և ԱՄՆ-ի ազդեցության աճով: Կարծում եմ, որ այս դեպքում Չինաստանը կպահպանի չեզոքությունը, բայց այդ չեզոքությունը մեծապես կախված է նաև Ռուսաստանի վերջնական դիրքորոշումից:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1842 reads | 28.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com