«ԹՎԻԹԵՐՅԱՆ» ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 5-ին վերստին Հայաստան էին ժամանել: Այս անգամ նրանք Երեւան էին եկել Բաքվից: Ըստ որում, նկատենք, որ առկա իրավիճակում որքան էլ տարօրինակ թվա, համանախագահների տարածաշրջանային հերթական այցի ծրագրում Արցախ մեկնելն ու ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպում նախատեսված չէր:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը մասնավորապես ասել է. «Բաքվում շարունակել ենք այն խոսակցությունը, որը սկսվել էր Վիեննայում: Բացի դրանից, մենք քննարկել ենք շփման գծում իրավիճակի սրման մասին հարցը, հանդիպել ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ, եւ նա շփման գծում կատարվածի վերաբերյալ իր տարբերակն է ներկայացրել:

Հայաստան գալուն պես եղել ենք նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարությունում, խոսել ենք նախարարի հետ, եւ նա էլ իր տարբերակն է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ: Այդ տարբերակները տարբերվում են: Այնուամենայնիվ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Սա, ինչ խոսք, շա՜տ հետաքրքիր ու դիպուկ դիտարկում է ռուս դիվանագետի կողմից. «Տարբերակները տարբերվում են»: Է՛լ ավելի հետաքրքիր կլիներ, որ սահմանային միջադեպերի ու շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնած հարձակողական բնույթի գործողությունների վերաբերյալ մեր եւ հակառակորդի պաշտպանության նախարարների նարկայացրած «տարբերակները» համընկնեին:

Բայց չէ՞ որ միայն սահմանագոտում զինված ուժերի միջեւ փոխհրաձգության ու երկու կողմերից զինվորականների զոհվելու մասին չէ խոսքը: Չէ՞ որ ադրբեջանական կողմից խաղաղ բնակավայրի գնդակոծման հետեւանքով 16 տարեկան աղջնակի վիրավորվելու թարմ ու ճչացող փաստ կա: Գոնե այդ դեպքում կարո՞ղ են միջնորդները քիչ թե շատ հստակ արտահայտվել:

Փաստորեն չեն կարող:
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այդ շարունակական ու արդեն բացարձակապես անհանդուրժելի դարձած գնահատականներն ու մոտեցումներն էին նաեւ պատճառը, որ Երեւանում նրանց երեկ «ջերմ» դիմավորեցին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական ուսանողական միության մի խումբ ներկայացուցիչները, որ բողոքի ցույց էին կազմակերպել ԱԳՆ շենքի մատույցներում:

Այնպես որ համանախագահները ստիպված էին բողոքի ցույցի մասնակիցների շարքերի միջով ներթափանցել արտգործնախարարության շենք, ինչպես ասվում է՝ առճակատ ունկնդրելով իրենց ուղղված բողոքի կոչերն ու տեսնելով համապատասխան պահանջներով ցուցապաստառները:
Երիտասարդների մոտեցումը հստակ ձեւակերպված էր նրանց տարածած հայտարարության մեջ. «Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պարբերաբար խախտման պատճառած մարդկային կորուստները, ինչպես նաեւ Ադրբեջանի իշխանությունների ընդգծված հակահայկական եւ ռազմատենչ հայտարարությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից չեն արժանանում համարժեք գնահատականի:

Ավելին՝ Մինսկի խմբի համանախագահների կողմից ադրբեջանական գործողությունների դիտարկումը հավասարության սկզբունքով` ոչ միայն չի նպաստում խաղաղության հաստատմանը, այլեւ Ադրբեջանին խրախուսում է եւ հնարավորություն տալիս շարունակելու իր ապակառուցողական եւ տարածաշրջանի ապակայունացման քաղաքականությունը»:

Սակայն ՄԽ համանախագահները հազիվ թե որոշակիություն դրսեւորելու ընդունակություն ունենան:

Երեկ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ընդունել են ե՛ւ նախագահ Սերժ Սարգսյանը, ե՛ւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ե՛ւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նույնիսկ պաշտոնական հաղորդագրությունների «չափած-ձեւած» շարադրանքից ակնհայտ է, որ Հայաստանի ղեկավարությունը նմանապես առաջադրում է հստակ գնահատականներ տալու, տեղի ունեցող, գերազանցապես ադրբեջանական կողմի սադրիչ, նախահարձակ քայլերով պայմանավորված միջադեպերին հասցեագրված անդրադառնալու կարեւորությունը: Հակառակ պարագայում ստացվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարզապես խրախուսում են Ալիեւի արկածախնդիր գործելակերպը:

Եվ այս ամենի խորապատկերում է՛լ ավելի ակնհայտ է նշմարվում ՄԽ համանախագահների կողմից ժամանակ առ ժամանակ արտահայտվող լավատեսության արհեստականությունը: Այդ հարցում անկասկած առաջատարը ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյմս Ուորլիքն է՝ «Թվիթեր» սոցիալական ցանցի միջոցով տարածած երկտողերով:

Երեկ էլ ռուսաստանցի համանախագահն է լրագրողների հետ կարճատեւ հարցուպատասխանի ընթացքում նկատել, թե՝ «Փարիզում բավականին կառուցողական հանդիպում է եղել (նկատի ունի՝ ԱԳ նախարարների հանդիպումը): Բոլոր հարցերը որոշված են, մնում են միայն մի քանի հակասություններ, որոնց վրա մենք շարունակում ենք աշխատել»:

Առկա իրադրությունը «մի քանի հակասությունների» հանգեցնելու համար երեւի իսկապես պետք է «թվիթերյան» դիվանագետ լինել: Համանախագահների դեպքում շատ լավ է ստացվում անտեղյակ ու լավատես ձեւանալը: Բայց թերեւս միայն այդքանը:

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» ՕՐԱԹԵՐԹ
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
577 reads | 06.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com