ՉԿԱ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՇԱԳԱՆԱԿԵՆԻՆԵՐԻ ՏԱԿ, ԿԱՄ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԿԻԵՎՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Երբ փլուզվում է կայսրությունը, ի հայտ են գալիս նրա բաղադրիչների թույլ և անկայուն կողմերը, որոնք մինչ այդ կազմում էին մեկ ամբողջականություն և կարծեցյալ միասեռություն` շնորհիվ մետրոպոլիայի ռազմաքաղաքական, տնտեսական ու գաղափարախոսական ուղղաձիգ, ‹‹ուժային››, ներքին և արտաքին անզիջում քաղաքականության:

Այսպիսի համայնապատկեր բացվեց աշխարհի մեկ վեցերորդ մասը կազմող բազմազգ պետության քաղաքացիների առաջ, որտեղ գլուխ բարձրացրին ազգային-տարածքային վեճերն ու պատերազմները, և հենց այդ հանրապետությունների ներսում սկիզբ առան դեգրադացիայի գործընթացներ:

Ուկրաինայի այսօրվա դեպքերը գալիս են փաստելու նշված քաղաքական իրադարձությունների իրողությունը:

Պոլիտբյուրոյի ուկրաինական ծագում ունեցող հայրերի մտքով կանցնե՞ր արդյոք, որ Եվրոպայի ամենահարուստ, ամենաինքնաբավ պետություններից մեկը` ‹‹Սլավոնական Ֆրանսիան›› հիտլերյան օկուպացիայից հետո ճաշակելու է ապոկալիպսիսի արհավիրքներ` այս անգամ արդեն ոչ օտար ներխուժման պատճառով:

Խորհրդային կայսրության ճարտարապետների մեղքն այն էր, որ նրանք մի տարածքի վրա կառուցեցին Ուկրաինա, որի աղյուսները լոկ պատմականորեն էին միատարր, իսկ քաղաքական, մշակութային և հոգեբանական հատկանիշներով ու հայացքներով միանգամայն տարատեսակ էին:

Ուկրաինան, եթե կուզեք, եղել և մնում է քաղաքական մի կոնգլոմերատ, որի Արևմտյան սեգմենտը շեշտված ռուսաֆոբ է, տոգորված Բանդերայի, Պետլուրայի և Մախնոյի անտիմոսկալական ոգով, իսկ Արևելյանը իրեն համարում է ռուսաց լեզվի, մտածողության և մենթալիտետի անբաժանելի մասնիկը:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, անկախության պայմաններում Կիևը ոչ միայն չկարողացավ շտկել դրությունը և հասնել ազգային միաբանության, այլև ավելի խորացրեց ջրբաժանը, որից սկզբում օգտվեց Արևմուտքը՝ արտահանելով ‹‹փափուկ հեղափոխություն››, իսկ հետո` Մոսկվան, երբ ուշքի եկավ 90-ականների նիրհից, փորձեց փակել այն ճանապարհը, որը սնում է օտարերկրյա հինգերորդ շարասյանը:

Եռման կետ հանդիսացավ Վիլնյուսը, որտեղ վերջ դրվեց ուկրաինական եվրոպական նկրտումներին` Պուտինի երկաթյա ձեռքով:

Հետո սկսվեց այն քաոսը, որն այսօր սպառնում է Ուկրաինայի պետական ամբողջականությանը և մշուշապատում նրա հետագա զարգացման հեռանկարները:

Կիևում արյուն է թափվում, որը վախեցնում է անգամ այն հրահրողներին: Նույն Եվրոպան, իհարկե, Ամերիկան ևս, այսօր շփոթված են կատարվածի դեմ հանդիման և չգիտեն իրենց անելիքը, իսկ Մոսկվան խորհրդավոր պաուզա է պահում, սակայն այն ամեն վայրկյան կարող է խախտվել, որին կհաջորդեն Կրեմլի վճռական քայլերը: (Սիրիան`օրինակ):

Սակայն քաղաքական վերջին իրադարձությունները միջազգային գլխավոր խաղացողներին բերում են մի կարևոր եզրահանգման. XXI դարը հաստատում է քաղաքականության և դիվանագիտական նոր օրենքներ և կանոններ, այն է` երկրներն ու ժողովուրդներն իրենք են որոշում իրենց անելիքը, ապրելու կարգն ու կերպը: Այնպես որ, ոչ մի ներմուծվող հեղափոխություն` ինչ ձևի և գույնի էլ որ այն լինի պատվաստ չի բռնում ուրիշի հողում և ապագա չունի:

Այնպես որ, վերջին խոսքը Մայդանինն է:

Տարածաշրջանը և դրկից ժողովուրդներն, իհարկե, անտարբեր չեն ուկրաինացի բարեկամների ապագայի նկատմամբ:

Մեզ` հայերիս համար պակաս կարևոր չէ իմանալ, թե ինչպես են զարգանում հայ-ուկրաինական հարաբերությունները, որոնք գալիս են դարերի խորքից:

Մինչդեռ ոչ-ոք և ոչ մի տեղ չի բացատրում, թե ինչո՞ւ անկախության տարիներին երկկողմ հարաբերությունները, մեղմ ասած, դոփում են տեղում: Թե ինչո՞ւ է Կիևը Ադրբեջանին զենք մատակարարողների առաջին շարքերում, թե ինչու է միջազգային համաժողովներում Ուկրաինայի դիքորոշումը համընկնում կամ մոտ լինում մեր հարևանի դիրքորոշմանը: Էլ ո՞ւր մնաց մեր ավանդական բարեկամությունը:

Իսկ երբ Հայաստանում մարդիկ ուզում են իմանալ Կիևում Սերգեյ Նիգոյանի զոհվելու մանրամասները, մեր հարգաժան դեսպանը բարկանում է, թե ‹‹Հանգիստ թողեք Ուկրաինայում հայ համայնքին, հերիք է››: Եվ ավելացնում. ‹‹Ի՞նչ եք ուզում դուք››:

Պատասխանը թողնենք ամերիկյան հայտնի գրող Ֆրենկ Նորիսին. ‹‹Ժողովուրդն իրավունք ունի իմանալու ճշմարտությունը, ճիշտ այնպես, ինչպես իրավունք ունի կյանքի, ազատության և երջանկության››:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1490 reads | 29.01.2014
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com