ԹԵ ԻՆՉՊԵՍ ՁՈՒԿԸ ՓՉԱՑՐԵՑ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՍԵՆԵԳԱԼԻ ՄԻՋԵՎ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան




Ասում են, միջպետական և դիվանագիտական հարաբերություններում երկրորդական խնդիրներ չեն լինում, ամեն ինչ կարևոր է, որոշիչ: Ասես թե այս կանխադրույթը հաստատելու համար էր, որ սկսվող տարվա առաջնային իրադարձություններից մեկը դարձավ Սենեգալի տարածքային ջրերում ռուսական ‹‹Օլեգ Նայդենով›› ձկնորսական նավի ձերբակալումը և երկու պետությունների հարաբերությունների սրումն ու դիվանագիտական բախումը: Իսկ դիպվածը, մեծ հաշվով, քոռ գրոշ իսկ չարժե: Իսկական մի կաթիլ մեղրի պատմություն:

Ձկնորսության պրակտիկայում տարածքային ջրերի խախտումը սովորական երևույթ է, որը սովորաբար ավարտվում է տուգանքով և որսի պաշարների բռնագրավումով: Իսկ խախտել ուզած երկրի տնտեսական-ձկնորսական գոտին, երբ այն պարզորոշ նշված չէ, հասարակ բան է: Ռուսական նավը, հարևան Գվինեա-Բիսաուի ջրերում աշխատանքն ավարտելով, հավանաբար, մտել է Սենեգալի ջրային տարածքը, որը վերջինիս կողմից սահմանված է երկու հարյուր միլ և ամրագրված է միջազգային ծովային իրավունքով: Բացի այդ, Մոսկվայի և Դակարի միջև համապատասխան երկկողմանի համաձայնագիր կնքված չէ:

Այս ամենն ամենևին չի արդարացնում այն մեթոդները, որոնք կիրառվել են սենեգալցիների կողմից նավը գրավելիս և Դակարի նավահանգիստ ուղեկցելիս, որտեղ նա գտնվում է ցայսօր: Զինվորականները կիրառել են բիրտ ուժ և զենք, նավաստիների մեջ կան մարմնական վնասվածք ստացողներ, անձնակազմը փաստորեն կալանավորված է, զրկված օգնությունից, ջրից ու էլեկտրաէներգիայից:

Ինչո՞վ է պայմանավորված Սենեգալի նման վերաբերմունքը ռուսական նավի, ասել կուզի Ռուսաստանի նկատմամբ:

Արդյո՞ք այս բոլորի հետևում չկան քաղաքական և հոգեբանական մոտիվներ: Անպայմանորեն կան:

Նախ, հետադարձ հայացք նետենք ԽՍՀՄ-Սենեգալ ոչ հարթ հարաբերություններին, որոնց ականատեսն է եղել տողերիս հեղինակը ժամանակին վեց տարուց ավելի աշխատելով այդ երկրի խորհրդային դեսպանությունում:

…Գաղութարարության շրջանի ավարտից հետո Ֆրանսիան հեռացավ Սենեգալից` մնալով այդ երկրում: Եվ սա ամենևին էլ ֆրանսիական նեոգաղութարարական նկրտումների հետևանքը չէր: Սենեգալը` ինքը երբեք չի ուզել բաժանվել մետրոպոլից` ռազմաքաղաքական, տնտեսական և մշակութային առումով: Սենեգալյան հայտնի հրաձիգները Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հավատարմորեն կռվել են ֆրանսիական բանակի շարքերում: Երկրի առաջին նախագահ Լեոպոլդ Սեդար Սենգորը` նեգրիտյուդ փիլիսոփայական դպրոցի հիմադիրը, եղել է տաղանդավոր ֆրանսագիր բանաստեղծ, Ֆրանսիայի Անմահների ակադեմիայի առաջին սևամորթ իսկական անդամը: Սենեգալցիներն այսօր էլ իրենց համարում են Ֆրանսիայի անքակտելի մասնիկը, նրա հարավային պրովինցիան, իսկ Ֆրանսիան Սենեգալը դիտում է որպես իր ֆորպոստը աֆրիկյան մայրցամաքում:

Սենեգալի հոգևոր կապվածությունը Ֆրանսիայի, նրա պատմության, մշակույթի և լեզվի հետ իր արտահայտությունը գտավ Ֆրանկոֆոնիայի համաշխարհային շարժման ձևավորման ընթացքում, որի ներկա նախագահն է Աբդու Դիուֆը` Սենեգալի նախկին նախագահը: (Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է, որն իր հերթին կարող է նպաստել հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը):

Ի դեպ, Ֆրանսիայի նախկին գաղութներից ոչ մեկում ֆրանսերեն լեզուն այդքան տարածված չէ և չի մնացել այդքան անաղարտ, որքան Սենեգալում: Պատահական չի ասել Սենգորը, թե ‹‹Գաղութարարության ավերակների վրա մենք գտանք զարմանալի գործիք` ֆրանսերեն լեզուն››…

Սենեգալի սերտ հարաբերությունները Ֆրանսիայի հետ փակել էին ԱՄՆ-ի մուտքը Արևմտյան Աֆրիկայի ակվատորիա, չնայած վերջինիս համառ ջանքերին մտնել այնտեղ և՛ սառը պատերազմի տարիներին, և՛ ներկայումս:

Այնպես որ, խոսք լինել չէր կարող նշված տարածաշրջանում Մոսկվայի ներկայության մասին: Այդ տարիներին Սենեգալը վարում էր ընդգծված հակախորհրդային քաղաքականություն: Խորհրդային Միության՝ Աֆղանստան ներխուժելուց հետո Սենեգալը ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում հանդես էր գալիս որպես Մոսկվայի դեմ ընդունվող բոլոր նախագծերի հեղինակ կամ համահեղինակ: Քարոզչական մեքենան ակտիվորեն աշխատում էր Մոսկվայի դեմ, համագործակցությունը գրեթե զրոյական էր:

Իսկ երբ 1983 թվականի սեպտեմբերի 1-ին խորհրդային հակաօդային ուժերը ոչնչացրին հարավկորեական մարդատար ‹‹Բոինգը›› 269 ուղևորով հանդերձ, այդ թվում՝ Սենեգալի հինգ քաղաքացիների, որոնց մեջ կային նաև դիվանագետներ, երկու երկրները կանգնեցին դիվանագիտական հարաբերությունների խզման եզրին և երկար տարիներ դուրս չէին գալիս փակուղուց:

Հիմա, ձկնորսական նավի շուրջ ծավալված դեպքերի ընթացքում, հավանաբար, գործում է հոգեբանական իներցիան: Վերջին հաշվով, սենեգալցու համար մեկ է՝ Ռուսաստանը կոմունիստական է, թե բուրժուական, մանավանդ որ, ‹‹Ռոսռիբոլոստվո›› կոմերցիոն ընկերությունը մեկ անգամ չէ, որ արհամարանքով խախտել է Դակարի զգուշացումներն իր տնտեսական գոտին խախտելու վերաբերյալ:

Որոշ վերլուծաբանների կարծիքով, այս պատմության մեջ սենեգալցիներին մանիպուլացնում են ֆրանսիացիները: Ինչ-ինչ պատճառներով ռուսներից վրեժ լուծելու համար: Բացառված չէ: Չնայած եղավ հաղորդագրություն, որ ֆրանսիական ռազմանավը պատրաստակամություն է հայտնել խմելու ջուր մատակարարել ձերբակալվածներին, ինչը մերժում են սենեգալցիները: Նույնպես բացառված չէ. Ֆրանսիացիները նման խաղերի վարպետներ են:

Եվ վերջինը: Ռուսական ու արևմտյան լրատվամիջոցներն այս պատմության մեջ հատուկ տեղ են հատկացնում ‹‹Գրինպիս›› բնապահպանության հեղինակավոր կազմակերպությանը, որի ակտիվիստներին Ռուսաստանը վերջերս խիստ ‹‹նեղացրել էր››. երկու ամիս ճաղերի հետևում պահել էր նրա 30 անդամներին Արկտիկայում նավթային արտահանման պլատֆորմի դեմ բողոքի ակցիա անցկացնելու կապակցությամբ, ձերբակալել էր ‹‹Arctic Sunrise›› նավը:

Երբ Սմոլենսկայա հրապարակում ցուցադրական կերպով մերժվեց ‹‹Գրինպիսի›› խնդրանքն ազատ արձակել նավը, այնտեղ հավանաբար չէին մտածել, թե մի քանի ամիս անց ռուսական ձկնորսական նավը կարող է ձերբակալվել, հենց ա՛յդ կազմակերպության դրդումով: Երևի մոռացել էին նաև, որ ‹‹Գրինպիսը›› մեծ հեղինակություն ունի Սենեգալում և վճռական ձայն Միջազգային ատյաններում:

Քաղաքականության մեջ հաճախ է գործում Տալիոնի սկզբունքը (lex talionis). ‹‹Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման››:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
3415 reads | 12.01.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com