ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ






Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը, թե «Մեր գլխավոր խնդիրն է Թուրքիայի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, կա ցամաքային ուժեր տեղակայելու հավանականություն, եթե մենք տեսնենք անվտանգությանը սպառնացող որևէ գործողություն», կարող է քաղաքական տրամաբանության մի քանի մեկնաբանություն հուշել տարածաշրջանային իրադարձությունների խորապատկերի վրա:

Նախ, իհարկե, դասական այն պարզ մոտեցումը, որ ՆԱՏՕ-ն զորակցում է իր անդամ պետություններին և հարկ եղած դեպքում զինվորական միջամտության կդիմի:

Սակայն, անկախ այս պարզունակ մոտեցումից, հայտարարությունում կա ուղերձային երկու կարևոր հանգամանք:

Այսօր ՆԱՏՕ-ի գերխնդիրը Թուրքիայի տարածքային ամբողջականության պահպանումն է: Յենս Ստոլտենբերգը այսպիսով ուզում է ասել, որ ռազմաքաղաքական սեղանի վրա այսօր քննարկման նյութ է Թուրքիայի տարածքային ամբողջականության պահպանումը: Իր հերթին, պահպանման անհրաժեշտության ընդգծումը մտածելու տեղիք է տալիս , որ վտանգը թակել է Թուրքիայի սահմանները: Դիպաշարին հետևողն ավելի է համոզվում, որ տարածաշրջանային իրադարձություններին Անկարայի առնչվածության տարողությունը, ապահովական և ոչ թռիչքային գոտիների առաջադրումը հիմնովին կապված է Թուրքիայի սահմանների սասանելիության հավանականության բարձրացման հետ: Չմոռանանք, ԱՄՆ պետքարտուղարության վերլուծական բաժանմունքի առաջիկա 20 տարվա վերաբերյալ կանխատեսումները, ուր տեսանելի էր Թուքիայի այսօրվա տարածքի մասնատման գաղափարը: Անշուշտ հիմնական վտանգը կապված էր քրդական գործոնի հետ: Փաստորեն, Թուրքիայի առաջադրած ապահովության գոտին տարբեր տարածքների վրա ապրող քուրդ ազգաբնակչության միավորման արգելակումն է: Միջազգային մամուլի առավել հեղինակավոր ներկայացուցիչները թուրքական այս մղձավանջի մասին սևով սպիտակի վրա շարունակում են գրել: Իսլամական պետության զինյալների նկատմամբ կիրառած քաղաքականությամբ, դրանց ճանապարհով քրդական վտանգը հեռացնելու հեռակառավարման իր վարքագծով Անկարան այսօր համարվում է առաջադրված խալիֆայության հիմնական կենտրոնը: Պարզ` Անկարան քրդերի դեմ կռվում է իսլամական պետության զինյալների ճանապարհով:
 
Թուրքական զորքի Սիրիա մուտքը հայտնաբար ռազմաքաղաքական առաջադրանք է Անկարայի համար: Շարժառիթ-մտահոգությունը միևնույնն է այս դեպքում՝ քրդական վտանգի հեռացումը թուրքական սահմաններից: Կոբանիի շուրջ զարգացող զինվորական բախումները, ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների վրա ապրող ազգաբնակչային զտումներ հետապնդող շարժումները պարզապես այդ մասին են վկայում:
Այստեղից է, որ կարող է մեկնաբանվել ՆԱՏՕ-ի ընդհանուր քարտուղարի հակիրճ հայտարարության երկրորդ մասը. «Կա ցամաքային ուժեր տեղակայելու հավանականություն, եթե մենք տեսնենք անվտանգությանը սպառնացող որևէ գործողություն»:

Ուրեմն, շրջանում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը քննարկվող առաջադրանք է: Պահի ճշտումն է, որ առկախ է դեռևս. եթե ՆԱՏՕ-ն նկատի անվտանգությանն սպառնացող որևէ գործողություն: Այնքան անորոշ է պահի ճշտման հիմնական պատճառը, որ կարելի է որևե պահի ակնկալել ՆԱՏՕ-ի զորամիավորումների ներկայությունը: Իսլամական պետության կազմակերպած գործողություններն այդ միջամտության լավագույն ենթահողն են:

Բայց այստեղ ուղերձի բովանդակությունը չի ավարտվում: Հայտարարությանը ծանոթացողը կարող է տեսնել նաև Թուրքիային վերաբերող պատգամը: Եթե միջամտող կամ տեղակայվող պիտի լինի՝ այդ էլ ՆԱՏՕ-ի ուժերն են:

Ուրեմն, Թուրքիայի տարածքային ամբողջությունը վտանգված է, իսկ թուրքական սահմաններից դուրս Անկարան զորք ուղարկելու հնարավորություն չունի. եթե պետք լինի, այդ հարցով ՆԱՏՕ-ն կզբաղի: Իհարկե, նույն կարծիքը չեն կիսում Անկարայի ղեկավարները, ովքեր մտադիր են իրենց զորամիավորումներով վերահսկողության տակ առնել հյուսիսային Սիրիան և արգելակել քրդական երազի իրականացումը, որը համապատասխանում է Թուրքիայի մասնատմանը։
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
945 reads | 10.10.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com