ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՔՍԱԿԱԼԸ՝ ԿՌՎԱԽՆՁՈՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






Ղազախստանի և Ռուսաստանի միջև հասունանում է նոր քաղաքական սկանդալ, որի արձագանքները կարող են հասնել մինչև Թուրքիա և Ադրբեջան: Նուրսուլթան Նազարբաևը ընտրել է թյուրքական աշխարհ ստեղծելու ավելի բացահայտ աշխատաոճ՝ օրերս ստորագրելով Աստանայում ու Բաքվում համաթյուրքական շարժման պաշտոնական գրասենյակներ բացելու արձանագրությունը: Ղազախստանի նախագահը միաժամանակ հայտարարել է, որ ամեն պահ կարող է դուրս գալ Մաքսային ու Եվրասիական միություններից, եթե հակադրություն նկատի ռուսական կողմից: 

«Նուրսուլթան Նազարբաևը յուրօրինակ մարդ է. նա կարողացավ ստեղծել զարգացող մեծ պետություն մի տարածքում, որտեղ երբեք պետություն չի եղել»,-սեպտեմբերի սկզբին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում անմիջապես պատասխանեց Ղազախստանի նախագահը՝ շեշտելով. «Ղազախստանի պատմությունը հարգանքի է արժանի: Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային Միությունը մեզ համար այլևս հիմնական տնտեսական նպատակը չէ, և կարող ենք յուրաքանչյուր պահի լքել այն, եթե էլի նկատենք, որ Ռուսաստանը կամ Բելառուսը փորձեն մեր նկատմամբ ոտնձգություն անել: Մենք ունենք այնպիսի ընտրանքներ, որոնց շնորհիվ կապահովենք ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հետագա հաջողություններ»: 

Նուրսուլթան Նազարբաևի վիրավորված հայտարարություններն ու սպառնալիքները սկսվեցին Ռուսաստանի նախագահի խոսքից հետո, մինչդեռ շան գլուխն ավելի խոր է թաղված: 2012-ից սկսած՝ ույղուրների հետնորդ մի քանի պետություններ նախաձեռնել են պանթուրքիզմի թարմացված, ավելի հեշտ իրականացվող տարբերակ: «Ժետի մեմլեքեթ, բիր հերեքեթ»-յոթ պետություն, մեկ շարժում: Սա է Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան եռյակի նախաձեռնության նշանաբանը՝ ներառելով նաև Ղրղզստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Կիպրոսի թուրքական հանրապետությունը: 

«Բոլոր թյուրքերի հայրենիքը Ղազախստանն է, այստեղից են ծնունդ առել մեր նախնիները, իսկ Ռուսաստանը մեզ համար միշտ եղել է գաղութարար երկիր: 150 տարվա ռուսական լծի տակ ղազախները քիչ մնաց կորցնեին իրենց ազգային մշակույթը, լեզուն, կրոնը, մինչդեռ դարեր առաջ մեր տարածքից հեռացած թուրքերն իրենց հետ տարան ոչ միայն ավանդույթները, այլև ընդհանուր անունը: Աթաթուրքը ժամանակին ասել է, որ կգա ժամանակ, երբ բոլոր թյուրքերը կմիավորվեն: Այսօր այդ ժամանակն է: Ալթայից մինչև միջերկրական ծով 200 մլն թյուրք է ապրում, միանալով՝ մենք կդառնանք շատ մեծ ուժ՝ ընդդեմ տարածաշրջանի գերտերությունների»,-համոզված հայտարարել է Նազարբաևը: 

Տարածաշրջանի եթե ոչ միակ, ապա հիմնական գերտերությունը չէր կարող չարձագանքել բացահայտ մարտահրավերին: Ղազախստանը առաջին անգամ պետություն է դարձել 1936-ին, երբ խորհրդային Ռուսաստանից անջատվեցին հանքաքարային Ալթայը, Օմսկի և 3 այլ շրջաններ: Հայաստանը նոր պանթուրքիզմի ճիշտ կենտրոնում է, որի գործոնն էլ ռուսները ամեն կերպ կփորձեն ու արդեն փորձում են օգտագործել ընդդեմ թուրք-ղազախական միավորման: 

Մաքսային ու Եվրասիական միությունների հետ որևէ սահման չունեցող Հայաստանին ամեն կերպ այդ կառույց հրավիրող ու ամեն աջակցություն ցույց տվող ռուսները լավ գիտեն, որ նախորդ դարասկզբի նման՝ էլի մենք ենք լինելու միավորման ձախողողն ու Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցը: Ահա թե ինչու Նուրսուլթան Նազարբաևը Աստանայի նիստում ընթերցեց Իլհամ Ալիևի հայտնի նամակը և սկզբունքորեն դեմ արտահայտվեց Հայաստանի անդամակցությանը: Ապագա այսպես կոչված համաթյուրքական միության ճանապարհը, սակայն, հարթ չէ հենց դրա հեղինակների պատճառով: Թյուրքական աշխարհի աքսակալ Նազարբաևը ձգտում է դառնալ նաև օրինական առաջնորդ, ինչին սկզբունքորեն դեմ են Թուրքիան ու Ադրբեջանը: 
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
1015 reads | 17.09.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com