ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԶՐՈՒՑԵԼ Է ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ՄԻԱՊԵՏԻ ՀԵՏ
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախքան ԴԱԵՇ կազմակերպության դեմ պատերազմ սկսելու վերաբերյալ հայտարարություն կատարելը սեպտեմբերի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի միապետի հետ:

Սպասվում է, որ ԱՄՆ նախագահն ամերիկացիներին ուղղած իր խոսքում ի պատասխան մեղադրանքների՝ կապված ԴԱԵՇ-ի դեմ ամերիկյան իշխանությունների կողմից ձեռնարկված ոչ թափանցիկ գործելակերպի, կհստակեցնի իր ռազմավարության առանցքը կազմող որոշ օղակների բնույթը, մասնավորապես՝ դիվանագիտական, քաղաքական, ռազմական:

Օբամայի հեռախոսազրույցը սաուդյան տիրակալի հետ տեղի ունեցավ հենց այն պահին, երբ ԱՄՆ Արտաքին գործերի նախարար Ջոն Քերին սկսել էր մերձավորարևելյան իր ուղևորությունը դեպի Սաուդյան Արաբիայի թագավորություն, ապա՝ Հորդանան. ակնհայտ է, որ Քերիի շրջագայության բուն նպատակը նախագահ Օբամայի որդեգրած՝ ԴԱԵՇ-ի դեմ պատերազմ հայտարարելու որոշմանը սատարող ուժերի համախմբումն է:

Al Arabbiya-ն հիշատակում է, որ ամերիկացիների 67%-ը թերահավատ է գործող վարչակարգի՝ ԴԱԵՇ-ի նկատմամբ մշակած գործողությունները ներառող որոշակի ծրագրի գոյությանը. թերևս Օբամայի ելույթը կհամոզի սեփական ժողովրդին, ինչպես նաև դաշնակից պետություններին, որ ինքը վճռական է տրամադրված նախ՝ ահաբեկչական կառույցը թուլացնելու, ապա՝ այն կործանելու մեջ:

Al Arabbiya-ն մեջբերում է Ջոն Քերիի խոսքը. «Սպասվում է երկարատև ճակատամարտ, որ միգուցե տևի երեք տարի»:

Այլ կերպ ասած՝ ԱՄՆ արտգործնախարարը ցանկանում էր ակնարկ անել, որ ահաբեկիչների դեմ պատերազմը կձգվի մինչև ԱՄՆ-ի գալիք՝ Օբամային հաջորդող նախագահի նախագահելու ժամանակաշրջանը:

Ջոն Քերին Օբամայի՝ ԴԱԵՇ-ի դեմ պատերազմին միտված ռազմավարության մեջ առանձնացրել է առանցքային հետևյալ գծերը.
1. աջակցություն Իրաքի նոր կառավարությանը, այդ թվում՝ իրաքյան բանակը և Բաշմարքայի քրդական ուժերը վարժեցնելը և նրանց ռազմական օգնություն տրամադրելը,
2. աջակցություն սուննիներին ԴԱԵՇ-ի դեմ պայքարի ընթացքում,
3. արաբական պետությունների միջև տարածաշրջանային դաշինքներ հիմնադրումը՝ Սաուդյան Արաբիայի և Հորդանանի գլխավորությամբ,
4. միջազգային դաշինքների կազմավորումը, որոնցում կընդգրկվեն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրալիան և այլ պետություններ,
5. չափավոր աջակցություն սիրիական ընդդիմությանը:


Իսկ այն հարցը, թե արդյո՞ք Օբաման կստանա Պենտագոնի կողմից լիազորված աջակցությունը՝ ընդլայնելու ԴԱԵՇ-ի՝ Սիրիայում ամրացրած դիրքերին հարվածներ հասցնելը, պատասխանն Օբամային կտրվի եկող շաբաթվա ընթացքում, Կոնգրեսի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Al Arabbiya-ն ենթադրում է, որ վերոնշյալ հանդիպման արդյունքներից է կախված Օբամայի ռազմական գործողությունների հետագա ընթացքը:
ԱՄՆ նախագահը եկող շաբաթվա ընթացքում կմասնակցի նաև Անվտանգության խորհրդի նիստին, ուր մասնավորապես կքննարկվի արտասահմանցի զինյալների՝ ԴԱԵՇ-ի ահաբեկչական գործողություններին մասնակցելու փաստը:

Բարաք Օբաման հավաստիացրել է, որ իր վարչակարգի կողմից ԴԱԵՇ-ի դեմ պատերազմ հայտարարելը չի նախատեսում ամերիկյան ուժերի անմիջական մասնակցություն մարտական գործողություններին. պատերազմը ներկայանալու է ամերիկյան օդուժի կողմից առավելագույնս ընդլայնվող ռմբակոծությունների տեսքով և իրաքյան ու սիրիական տեղական ուժերը ֆինանսավորելու ու հզորացնելու միջոցով, քանզի ամերիկացիների 90% -ը հակված է կարծելու, որ ահաբեկությունն իրապես սպառնում է Միացյալ Նահանգների անվտանգությանը:

ԷՄՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
http://ara.tv/pt9yb
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
662 reads | 11.09.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com