ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԲԵՄԱԴՐԱԾ ԻՆՔՆԱԱՌԵՎԱՆԳՈՒՄՆ ԱՖՂԱՆՍՏԱՆԻՆ ԿԱՆԳՆԵՑՐԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵԶՐԻՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ






35 տարի առաջ տեղի ունեցավ մի իրադարձություն, որն ավարտվեց կործանարար մեծ պատերազմով: 1979 թվականի փետրվարի 14-ին` առավոտյան 8:30-8:40-ի սահմաններում, Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում առևանգեցին և մի քանի ժամ անց սպանեցին Աֆղանստանում ԱՄՆ դեսպան Ադոլֆ Դաբսին: Այս ողբերգությունն արագացրեց աֆղանական պատերազմի բռնկումն ու Կարմիր բանակի՝ Աֆղանստան ներխուժումը:

Թեև ԱՄՆ դիվանագետի սպանությունից բավական ժամանակ է անցել, առեղծվածային հանգամանքներն ու գլխավոր հարցը՝ «ո՞վ է սպանել Ադլոֆ Դաբսին», նորից ու նորից են առաջ քաշվում, երբ ի հայտ են գալիս նոր փաստեր ու վկայություններ նախկին խորհրդային կամ ամերիկյան հետախուզական ապարատի արդեն պաշտոնանկ կամ թոշակառու գործակալների հիշողություններում:

Զակիրժոն Կադիրովը մեկն է այն եզակի մարդկանցից, ով անձամբ է ներկա եղել հանցագործության վայրում՝ հետևելով դեպքի զարգացմանն ու Դաբսին առևանգողներից ազատագրելու բանակցային գործընթացին:

Խորհրդային հետախուզության գլխավոր շտաբի գնդապետը վստահ է, որ Դաբսի սպանության վերաբերյալ տեղեկատվությունը սխալ է, որի մեղավորները բացառապես ԱՄՆ իշխանություններն են, քանի որ նրանք են թաքցնում հանրությունից ԱՄՆ դիվանագետի առևանգման և սպանության իրական պատճառները՝ համարելով այն գաղտնի և հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն:

Ադոլֆ Դաբսի սպանության գործով պաշտոնական վարկածում նշվում է, որ նա սպանվել է առևանգողների և աֆղանական ոստիկանների միջև փոխհրաձգության արդյունքում: Մինչդեռ այլ են արևմտյան ու արևելյան մամուլում շրջանառվող հրապարակումները, որտեղ դեսպանը հանդես է գալիս ոչ միայն ԽՍՀՄ մեծ գիտակի ու լրտեսի, այլ նաև իր իսկ առևանգումը կազմակերպած սցենարի հեղինակի կերպարանավորմամբ:

Փետրվարի 14-ի առավոտյան աշխատանքի մեկնելիս ճանապարհային ոստիկանը կանգնեցնում է դիվանագետի մեքենան և ազդանշան տալիս վարորդին, որպեսզի իջեցնի կողային ապակին: Շուտով ոստիկանին են միանում քաղաքացիական հագուստով նրա հանցակիցները և ատրճանակի սպառնալիքի տակ խցկվում մեքենան ու ստիպում վարորդին ուղղությունը փոխել դեպի «Քաբուլ» հյուրանոց:

Հյուրանոց ժամանելով՝ դեսպանը, առևանգողների ուղեկցությամբ, անցնում է բազմամարդ նախասրահով, բարձրանում երկրորդ հարկ և փակվում 117-րդ համարում՝ հավանաբար թողնելով վարորդին մեքենայում՝ հյուրանոցի մուտքի մոտ: Մոտ մեկ ժամ անց ԱՄՆ դեսպանի առևանգման մասին լուրը թնդում է ողջ քաղաքով մեկ:

Գերտերությունների՝ ԽՍՀՄ-ԱՄՆ առճակատումը սկսվեց «Քաբուլ» հյուրանոցի նախասրահում: ԱՄՆ հետախուզական ապարատի լավագույն մասնագետներն էին կցված բանակցային գործընթացին, որն ընթանում էր ոչ թե աֆղանական ոստիկանության, այլ խորհրդային պետական անվտագության կոմիտեի (КГБ) աշխատակիցների միջև, քանի որ Աֆղանստանի պետական օղակը՝ Նուր Մուհամեդ Թարաքիի և Հաֆիզուլլահ Ամինի գլխավորությամբ ստորադասվում էր խորհրդային իշխանություններին:

ԽՍՀՄ նախկին գնդապետը, ով այդ ժամանակ աշխատում էր գլխավոր հետախուզության վարչությունում, նշում է, որ ԱՄՆ դիվանագետին ոչ ոք չի սպանել. նա իր իսկ բեմադրած «թրիլերի» զոհն է:

«9:15-ին «Քաբուլ» հյուրանոց ժամանեցին խորհրդային, ամերիկյան ու աֆղանական հատուկ ծառայությունները: Այստեղ էր նաև ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության աշխատանքային խումբը, որը տեղակայված էր հյուրանոցում և գտնվում էր իմ խնամակալության տակ՝ ԽՍՀՄ դեսպանության խնդրանքով: Լրագրողներն ինձ փոխանցեցին կարևոր ինֆորմացիա, որի մասին ոչ ոքի չէին պատմել», - նշում է Կադիրովը:
Պարզվում է՝ լրագրողներն ականատես էին եղել միևնույն բեմադրությանը՝ միայն թե մեկ օրվա տարբերությամբ. ԱՄՆ դեսպանության մեքենան մոտեցել էր հյուրանոցին, և եվրոպական արտաքինով բարձրահասակ տղամարդը, երկու աֆղանցիների ուղեկցությամբ, բարձրացել էր 117-րդ սենյակ: Հետաքրքրականն այն է, որ նախօրեին դեսպանության մակարդակով որևէ միջոցառում չկար, իսկ դեսպանները, որպես կանոն, հենց այնպես հյուրանոցներով չեն շրջում:

Եվս մեկ փաստարկ. հայտնի է, որ ոստիկանն իրավասու չէ կանգնեցնել որևէ երկրի դեսպանի մեքենան՝ առավել ևս խորհրդային կամ ամերիկյան դեսպանության զրահապատ մեքենան: Կասկածելի է նաև այն, որ ԱՄՆ դեսպանն առանց անվտանգության էր շրջում մի երկրում, որտեղ ներքաղաքական կյանքն ընթանում էր ներիշխանական խժդժությունների համատեքստում:

Կադիրովի վարկածը հրապարակայնորեն հայտարարելը խելամիտ չէր, քանի որ դժվար կլիներ համոզել ողջ աշխարհին, որ ամերիկացիները, քաղաքական շահերից ելնելով, վտանգի տակ են դրել իրենց դեսպանի կյանքը: Մինչդեռ ԱՄՆ ուզում էր իշխողի իր դերը հաստատել Աֆղանստանում, որպեսզի թույլ չտար ԽՍՀՄ-ին իրագործել իր՝ էքսպանսիաներն այստեղ ավելացնելու մտադրությունները:

Բրյուս Ֆլեթինը, ով այդ տարիներին ԱՄՆ դեսպանությունում խորհրդական էր քաղաքական գծով, կասկածի տակ է դնում Դաբսի՝ ինքն իր առևանգումը կազմակերպելու Կադիրովի վարկածը: Նրա համոզմաբ՝ Դաբսին սպանելու դրդապատճառ կարող էր լինել այն, որ նա ամերիկյան ԿՀՎ պրոֆեսիոնալ գործակալ էր, ԽՍՀՄ առաջատար փորձագետ և հրաշալի տիրապետում էր ռուսաց լեզվին:

Դրդապատճառներից մեկն էլ ԱՄՆ-Աֆղանստան հարաբերությունների մեջ սեպ խրելն էր, որի արդյունքում Խորհրդային Միությունը կամրապնդեր իր մոնոպոլ ազդեցությունը տարածաշրջանում ընդհանրապես և Աֆղանստանում մասնավորապես՝ վերահսկողության տակ վերցնելով Թարաքիի վարչակարգը:

Ի վերջո՝ Դաբսի սպանությունը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ կրճատեց Աֆղանստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները, սառեցրեց 250.000 դոլարի ռազմական օգնությունն ու իրականացվող տնտեսական, մշակութային և կամավորական ծրագրերը:

Դաբսի սպանությունից 10 ամիս անց Աֆղանստան մտան խորհրդային զորքերը՝ երկրի կարևոր օբյեկտները վերցնելով իրենց հսկողության տակ. օկուպացվեց նաև մայրաքաղաք Քաբուլին հարակից Բագրամ օդային բազան:

Ծայրահեղ լարված էր նաև ներքաղաքական վիճակը: 1979թ. օգոստոսին «Խալք» ("Khalq”) կուսակցության երկու առաջնորդների՝ խորհրդային իշխանությունների կամակատար Թարաքիի և ամերիկյան ԿՀՎ նախկին գործակալ Ամինի միջև հակամարտություն սկսվեց, որի արդյունքում, Թարաքիին հանեցին պաշտոնից և կուսակցության անդամությունից: Միևնույն ժամանակ Աֆղանստանում օրըստօրե ավելանում էր Ամինի ազդեցությունը, ու նրան զսպելու համար Թարաքին ռուսական կողմի օգնությամբ դավադրություն կազմակերպեց վերջինիս դեմ՝ ինքն էլ հայտնվելուվ իր լարած թակարդում: 1979թ. դեկտեմբերին խորհրդային ուժայինների կազմակերպած «Փոթորիկ-333» հատուկ գործողության ժամանակ սպանվեց նաև Հաֆիզուլլահ Ամինը:

Աֆղանական պատերազմը տևեց 9 տարի և խլեց ավելի քան 1.5 (տարբեր գնահատականներով՝ նույնիսկ երկու միլիոն և ավելի) մարդկանց կյանք, միլիոնավոր աֆղանցիներ դարձան փախստական՝ ապաստան գտնելով երկրի սահմաններից դուրս:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
3450 reads | 10.09.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com