ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄԸ ԳԼՈՒԽ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍՈՒՄ
ԱԳՆ-ում լուրջ դժգոհություն է հասունացել վերջին շրջանում քաղաքաղական գործիչներին, դիվանագիտության հետ աղերս չունեցող անձանց տարբեր երկրների դեսպանություններում դեսպաններ և հյուպատոսներ նշանակելու հետ կապված: Կառավարության փոփոխությունից հետո միայն ականատես եղանք մի քանի նման նշանակումների, իսկ օրերս էլ պարզ դարձավ, որ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն է դեսպան նշանակվելու Լեհաստանում, ինչն էլ ավելի է վրդովել ԱԳՆ-ի բազմաթիվ պրոֆեսիոնալ կադրերի, ովքեր երկար տարիներ փորձ են կուտակում ինչ-որ երկրում դեսպան նշանակվելու հույսով, իսկ վերջին պահին այդ տեղերը զբաղեցնում են դիվանագիտության, արտաքին քաղաքականության հետ կապ չունեցող անձինք:

ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց, որ հատկապես Լեհաստանի նշանակումը կարող է լուրջ նշանակություն ունենալ ընդհանրապես միջազգային հարաբերությունների առումով Ռուսաստանի հետ կապված վերջին զարգացումների ֆոնին: «Այս նշանակումը Վրաստանում մեր նշանակումից հետո նորից գալիս է ասելու այն մասին, որ բացարձակապես հաշվի չեն առնվում այն երկրների դերը, նշանակությունը, նրանց հետ մեր հարաբերությունները, և այդ երկրների դերը՝ որպես խաղացողի միջազգային խնդիրներում: Եվ Վրաստանը, և Լեհաստանը հիմա կարելի է թեժ կետեր համարել ինչպես միջազգային հարաբերություններում, այնպես էլ մեզ համար: Ասածս այն է, որ այդ երկրներում պետք է նշանակվի ոչ թե դիվանագետ, այլ արտակարգ փորձառու դիվանագետ, որպեսզի կարողանա այդ երկրների վարած արտաքին քաղաքականության մեջ ճիշտ եզրահանգումների գալ և կարողանա ճիշտ հարաբերություններ ստեղծել»,- ասաց Նավասարդյանը:

Վերջինիս խոսքով, Լեհաստանը համարվում է հակառուսական դիրքորոշում ունեցող պետություն, և այնտեղ հատկապես պետք է գործուղել շատ պատրաստված դիվանագետի: «Մի երկիր է գնում Հայաստանի ներկայացուցիչը, որը համարվում է Ռուսաստանի ստրատեգիական գործընկերը: Ես պարզապես, որպես դիվանագետ, պատկերացնում եմ, թե ինչպիսի վերաբերմունք կլինի Վարշավայում նոր նշանակված հայ դեսպանի նկատմամբ»,- հավելեց Նավասարդյանը:

Դիվանագետի խոսքով վերջին նշանակումները իրեն բերում են եզրահանգման, որ դիլետանտիզմը գլուխ է բարձրացնում մեր դիվանագիտական կորպուսում, ինչը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ մեր արտաքին քաղաքականության խնդիրներում: «Դեսպանների նշանակման հարցում մեր իշխանությունների վարած կադրային քաղաքականությունը վտանգավոր է, վնասակար և արատավոր: Ամերիկյան մի տերմին կա՝ «փչացած համակարգ», երբ անցյալ դարի 70-ական թվականներին սկսեցին ակտիվորեն դիվանագետների փոխարեն նշանակել կողքից մարդկանց, ինչը շատ վատ հետևանքներ ունեցավ: Եվ հիմա Ամերիկան հրաժարվել է դրանից: Բացարձակապես այդ պրակտիկան չեն կիրառում Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ռուսաստանը: Բայց Հայաստանը կարծես թե այս աշխարհից չէ»,- նկատեց Նավասարդյանը:

Վերջինիս դիտարկմամբ այսօրվա միջազգային իրավիճակում, երբ տեղի են ունենում գլոբալացման խոր գործընթացներ, ինտեգրում, տեխնոլոգիաների անսպասելի առաջընթաց, մի գործընթաց, որի մեջ տեղի են ունենում արտաքին և ներքին քաղաքականությունների սահմանների ջնջում, արտաքին քաղաքականութունն իր բոլոր ասպեկտներով մոտենում է ներքին քաղաքականությանը, դիվանագետների վրա դրվում է ահռելի պատասխանատվություն: «Այսինքն՝ տեղի է ունենում մի պրոցես, որտեղ անհրաժեշտ է, որ դիվանագետները լինեն այնպիսի մարդիկ, որոնք ոչ միայն լավ քաղաքագետներ են, լավ հասկանում են միջազգային հարաբերություններից, այլև այնպիսի մտածողներ են, կրեատիվ անձնավորություններ, որոնք կարող են ստեղծված իրադրությունում ճիշտ կողմնորոշվել,- ասաց Նավասարդյանը՝ հավելելով,- այսօր աշխարհում տեղի են ունենում անդառնալի պրոցեսներ. Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, Ռուսաստան-Ամերիկա առճակատումը: Հայաստանում ևս հետաքրքիր զարգացումներ կան Թուրքիայի հետ կապված, որոշակի գործընթաց կա կարծեք թե: Եվ այս պայմաններում, փոխանակ մենք պրոֆեսիոնալ դիվանագետների աճեցնենք և ներկայացնենք, դիլետանտների եք առաջ մղում: Տեղի է ունենում դիլետանտիզմի և պրոֆեսիոնալիզմի բախում, որի մեջ դիլետանտիզմը գլուխ է բարձրացնում, ինչը բացարձակապես չի կարող որևէ օգուտ բերել»:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
2814 reads | 05.09.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com