ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ






Անցյալ շաբաթ թուրքական «Սաբահ» թերթը հրապարակել էր հետևյալ մտահոգիչ լուրը. «Ավստրալիայի արտգործնախարար. հայկական հարցը ցեղասպանություն չէ»:

«Սաբահը» նկարագրել էր այն դեպքերը, որոնք հանգեցրել էին թերթի նողկալի խորագրին: Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարի խորհրդի անդամ և նախկին նախագահ Գյունայ Էվինչը վերջերս այցելել էր Ավստրալիա` տեղի թուրքական խմբերին տեղեկացնելու Մովսեսյանի դատական գործի մասին: Նա պատմել էր, որ «Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի՝ Կալիֆորնիայի օրենքն անվավեր ճանաչելու մասին որոշումը, որը Հայկական հարցը բնորոշել էր որպես ցեղասպանություն, որովհետև ԱՄՆ դաշնային քաղաքականությունը Հայկական հարցը չի բնորոշում որպես ցեղասպանություն»:

«Սաբահը» նաև հաղորդել էր, որ Էվինչի այցը «մաս է կազմել անգլո-թուրքական սփյուռքի համագործակցության ավելի լայն ծրագրի, որով Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Նյու Ջերսիի թուրքերը փոխանակում են իրենց լավագույն փորձը` հիմնված ընդհանուր իրավագիտական և քաղաքական ժառանգության վրա»:

Ավստրալիայի թուրքական զորակցության միության ղեկավար Էրթունչ Օզենը, հետևելով Էվինչի խորհրդին, մայիսի 5-ին նամակ էր հղել Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպին` «մտահոգություն հայտնելով բանաձևերի առնչությամբ, որոնք ընդունվել էին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի կողմից 2013 թվականի մայիսին՝ Թուրքիայի վերաբերյալ և տարբեր համայնքների ճակատագրի Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և հետո»:

Արտգործնախարար Բիշոպը հունիսի 4-ին գրել էր Օզենին. «Ավստրալիայի կառավարությունը ընդունում է, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները աղետալի հետևանքներ են ունեցել հետագա սերունդների և նրանց ինքնության, ժառանգության ու մշակույթի վրա»: Զարմանալիորեն, նա հավելել էր. «Սակայն այդ դեպքերը մենք չենք ճանաչում որպես «ցեղասպանություն»: Ավստրալիայի նահանգները և տարածքները սահմանադրական դերակատարություն չունեն Ավստրալիայի արտաքին քաղաքականության մշակման գործում: Հարգելով սույն հարցի վերաբերյալ անհատների և խմբերի անդրդվելի հայացքներ ունենալու իրավունքը, Ավստրալիայի կառավարությունը վաղուց ի վեր հստակ մոտեցում է որդեգրել` չմասնակցել այս զգայուն բանավեճին»:

Ավստրալիայի արտգործնախարարը սխալվում է երեք հարցում. նախ՝ նա սխալ է թույլ տվել, նշելով, որ Ավստրալիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Չնայած Ավստրալիայի կառավարությունը գերադասում է չօգտագործել ցեղասպանություն եզրը, որպեսզի չթշնամացնի Թուրքիային, սակայն ոչ մի պաշտոնյա երբևէ չի հայտարարել, որ այն ցեղասպանություն չէ. երկրորդ՝ նա սխալ է գրել, որ Ավստրալիայի նահանգները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ձևավորել են արտաքին քաղաքականություն: Այս նահանգները պարզապես ճանաչել են պատմական մի իրողություն. և երրորդ՝ նա հակասում է ինքն իրեն, նշելով, որ Ավստրալիայի կառավարությունը չի մասնակցում այս «զգայուն բանավեճին», սակայն իրեն թույլ է տվել միջամտել, նշելով, որ դա ցեղասպանություն չէ…

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Կահրամանյանն անմիջապես խիստ ձևակերպմամբ մի նամակ է հղել արտգործնախարարին` նրա «սխալ հայտարարությունը» անվանելով «խորապես վիրավորական և ցավալի Ավստրալիայի հայ համայնքի համար»: Նա նաև Բիշոպի դիրքորոշումը բնութագրել է որպես «անհանդուրժելի», «աններելի», «խիստ վիրավորական» և «վնասակար բոլոր ավստրալիացիներին»: Կահրամանյանն արդարացիորեն զարմացել է, թե «Ինչպե՞ս կարող է Ավստրալիայի բարոյագիտակցությունը դառնալ այսքան փչացած»:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը հիշեցրել է արտգործնախարարին, որ նրա հայտարարությունը խիստ հակասում է «ներկայիս կառավարության բազմաթիվ բարձրաստիճան նախարարների արտահայտած դիրքորոշումներին: Վերջերս, 2014 թվականի ապրիլին, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառմանը Ավստրալիայի գանձապետ Ջո Հոկին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` Ապրիլի 24-ը նշելով որպես օր «երբ հավաքվում ենք հիշելու ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 միլիոն մարդկանց»: Նախարարներ Թերնբուլը, Մորիսոնը, Աշխատավորական, Կանաչների, փոքր և անկախ կուսակցությունների այլ բարձրաստիճան անդամների հետ միասին կոչ են արել Ավստրալիայի խորհրդարանին պաշտոնապես ճանաչել 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն: Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը, ընդդիմության առաջնորդ եղած ժամանակ, հանդես է եկել ամենամյա հայտարարությամբ՝ վկայակոչելով Հայոց ցեղասպանությունը առանց որևէ որակավորման կամ մեղմասացության»:

Կահրամանյանը նաև ասել է արտգործնախարարին. «Ժխտելով Հայոց ցեղասպանությունը, Դուք ժխտում եք նաև Ավստրալիայի սեփական պատմությունը: Ավստրալիայի ազգային արխիվում պահվում են ANZAC-ի (Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային կորպուսի) ռազմագերիների անթիվ ու անհամար վկայություններ, որոնք գերեվարվել էին Օսմանյան կայսրությունում.... Այս անհերքելի վկայությունները վառ հիշողություններ են հայ ժողովրդի տառապանքների և ոչնչացման մասին»:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գրեգ Սողոմոնյանը կոչ է արել արտգործնախարարին՝ «անհապաղ չեղյալ համարել այս դատողության լուրջ սխալը» և հանդիպում է խնդրել նրա հետ:

Ես առաջարկում եմ, որ ավստրալահայերը պարզեն վարչապետ Թոնի Էբոթից` արդյոք արտգործնախարարը նրա հետ նախապես համաձայնեցրե՞լ է այդ խիստ վիրավորական նամակը: Եթե ոչ, ապա Հայ դատի հանձնախումբը պետք է պահանջի արտգործնախարարի անհապաղ պաշտոնանկությունը: Հայ դատի հանձնախումբը պետք է խնդրի Ավստրալիայի բոլոր երեք նահանգների խորհրդարաններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել մի նոր բանաձև`դատապարտելով արտգործնախարար Բիշոպի ժխտողական դիրքորոշումը և կոչ անել վարչապետին հեռացնել նրան պաշտոնից…

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
793 reads | 01.08.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com