ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՄԱԶ-Ի ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՄԵՐՉ-Ի ԹԻՐԱԽԸ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






Բելառուսը ուկրաինական բանակին վաճառել է 44 հատ ՄԱԶ զինվորական մեքենաներ՝ նախատեսված զորքի տեղափոխման համար: Չնայած պաշտոնական Մինսկը հայտարարել էր, որ Ուկրաինային զենք վաճառելու մտադրություն չունի, բայց ռուսական կողմը դժգոհ է իր դաշնակցի պահվածքից՝ նշելով, թե հակառակորդին ռազմական նշանակության տեխնիկայի վաճառքը չի բխում ռազմավարական գործընկերության պայմաններից: 

Բելառուսական արտադրության ռազմական ՄԱԶ տեխնիկան նախատեսված է զինամթերքի և զորքի տեղափոխման համար: Դրա ռազմական նշանակությունը հենց այդքանով էլ ավարտվում է: Ուկրաինայի կառավարության առաջարկով Մինսկի ավտոգործարանը որոշեց 44 հատ ՄԱԶ վաճառել մոտ 3.5 մլն դոլար արժողությամբ: Բելառուսները դեռ չէին էլ հասցրել Կիևին հանձնել բեռնատարները, երբ ռուսական կողմից եղավ պետական ու տեղեկատվական դժգոհության իսկական փոթորիկ: 

Մինսկ պաշտոնական այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 7-ին հայտարարեց. «Ռուսաստանն ու Բելառուսը դաշնակիցներ են և պետք է շարունակեն բարիդրացիական հարաբերություններն ամրապնդել: Մենք խորացնում ենք մեր գործընկերությունը նաև Եվրասիական տնտեսական Միության կազմում: Մեր երկրների կայունությունն ու փոխվստահությունը զարգացման միակ երաշխիքն են, և մենք պետք է հավատարիմ մնանք դրանց»: 

Ավելի ուշ գործի դրվեց Կրեմլի ամբողջ քարոզչամեքենան, իսկ հետո ռուսական ԿԱՄԱԶ-ը հայտ ներկայացրեց՝ գնելու ՄԱԶ գործարանը: Ինչքան համառ էր Ալեքսանդր Լուկաշենկոն Պուտինի հետ բանակցության ժամանակ, նույնքան կոշտ էր նրա պատասխանը ռուսների առաջարկին:
«Առանց նախագահի համաձայնության ռազմավարական նշանակության որևէ կառույց չի կարող վաճառվել, եթե նույնիսկ դա մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն է: Եթե նրանք ուզում են գնել ՄԱԶ գործարանը, ապա մենք ունենք նախապայման՝ առայժմ չի կարող լինել խոսք ամբողջական վաճառքի մասին: Եկեք բաժնեմասեր վաճառենք իրար՝ մենք ձեզ կտանք ՄԱԶ-ի, դուք մեզ կտաք ԿԱՄԱԶ-ի բաժնետոմսեր, կմիանանք, աշխատենք, կտեսնենք արդյունքները: Երբ այդ տարբերակն ընդունելի լինի ռուսների համար, ես կկարողանամ հանգիստ խղճով ՄԱԶ-ի որոշ բաժնետոմսեր վաճառել ռուսներին, իսկ քանի դեռ սա մեր արտադրանքն է, մենք ենք որոշելու ինչ անել»,-ասաց Ալեքսանդր Լուկաշենկոն: 

Բելառուսի նախագահի պատասխանը հայերիս համար գուցե տարօրինակ ու շատ ռիսկային հնչեց, բայց Լուկաշենկոն շեշտեց, որ ռազմավարական գործընկեր լինելը չի նշանակում մտածել միայն դիմացինի շահերի մասին, առաջին տեղում սեփական երկրի շահն է: Վերջին 2 տարում մեր դաշնակից Ռուսաստանը ավելի քան 1 մլրդ դոլարի զինամթերք, այդ թվում մասսայական ոչնչացման զենք է վաճառել Ադրբեջանին, որը չի թաքցնում՝ դրանք կօգտագործի Ռուսաստանի դաշնակից Հայաստանի դեմ հնարավոր պատերազմի ժամանակ: Ի տարբերություն Ռուսաստանի ու Բելառուսի իշխանությունների՝ պաշտոնական Երևանը միայն շեշտեց, որ ռուսներն ընդամենը բիզնես են անում: Բելառուսը մեզ նման չունի նավթ ու ելք դեպի ծով, բայց չի խուսափում դաշնակցին հիշեցնել պարտավորությունների մասին: Կրեմլի արձագանքը Լուկաշենկոյի պահանջներին վերջին գոնե մեկ տարվա ընթացքում դրական է և քայլ ընդառաջ:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
2374 reads | 19.07.2014
|
avatar

avatar
1
Ռուսաստանին թույլատրվում է իր ռազմավարական գործընկերոջ հակառակորդին մեծաքանակ զենք վաճառել, իսկ Բելառուսին ո՞չ...
avatar
2
Անի ջան, նյութը հենց էդ գաղափարի վրա էլ կառուցված է: Այո, էն ինչ անում է Ռուսաստանը, չի համապատասխանում ռազմավարական գործընկերոջ պահվածքին:

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com