DER SPIEGEL: ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԻՏԱՆԻ ՉԷ ԻՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ
Գերմանական հեղինակավոր «Der Spiegel» պարբերականը հունիսի 23-ին ծավալուն հոդված է հրապարակել Եվրոպայի խորհրդի մասին՝ կառույցը բնութագրելով որպես ոչ պիտանի իր որդեգրած սկզբունքների համար: Հոդվածի հեղինակը հատկապես ուշադրություն է դարձրել Ադրբեջանի նախագահի և նրա փողերի շնորհիվ ԵԽ-ի սուբյեկտիվ վերաբերմունքի վրա:

... Ռալֆ Նոյքիրխը իր՝ «Բռնապետերի օգնականները» վերնագրով հոդվածում, մասնավորապես, անդրադառնում է հիշյալ կառույցում Ադրբեջանի ներկայությանն ու վերջինիս՝ կառույցի գաղափարներին և առաքելությանը հակասող կերպարին. «Եվրոպայի խորհուրդը պետք է աջակցի ժողովրդավարությանն ու իրավական պետությանը: Իրականում, սակայն, բռնակալները կարող են այն օգտագործել իրենց նպատակների համար»: 

Հեղինակը ներկայացնում է, որ Եվրոպայի խորհուրդը դեր չի խաղում դաշնային քաղաքականության համար. թեպետ ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Գերմանիան թեկնածու էր ուղարկել՝ արդարադատության նախկին նախարար Զաբինե Լոյթհոյզեր-Շնարենբերգերին (35 տարի է՝ այդ պաշտոնում գերմանացի չի եղել), սակայն արտաքին գերատեսչությունում ասել էին, որ Բեռլինից աջակցություն չունենալու պատճառով նա ընտրվելու շատ քիչ հնարավորություն ունի. «Բունդեսթագի շատ պատգամավորներ չգիտեն էլ, որ ընտրություն է տեղի ունենալու: Կանցլեր Անգելա Մերկելը արդարադատության իր նախկին նախարարի առաջադրումով ցույց տվեց՝ ինչ է նա մտածում Եվրոպայի խորհդի մասին: Նա հանգստի մեջ գտնող Ազատ դեմոկրատական կուսակցության քաղաքական գործչին չէր առաջադրի մի պաշտոնի համար, որն իր համար կարևոր լիներ:
Հեղինակը պնդում է, որ Արևմուտքում հետաքրքրված չեն Եվրոպայի խորհրդով, իսկ այնպիսի երկրներում, ինչպիսին Ադրբեջանն է՝ ավել ևս: 

Նա հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը տարեսկզբի իր ասուլիսներից մեկի ժամանակ լրագրողի հարցին՝ արդյոք նա շարունակում է պնդել, թե Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, պատասխանում է՝ այո, իհարկե, դա հաստատվել է ԵԽԽՎ կողմից. «Ավտոկրատը ճիշտ է: Ստրասբուրգում պատգամավորների մեծամասնությունը մերժեց սոցիալ-դեմոկրատ Քրիստոֆ Շթրեսսերի՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների վիճակի մասին զեկույցը: Շթրեսսերն այսօր դաշնային կառավարության մարդու իրավունքների հարցերով հանձնակատարն է: 

Եվրոպայի խորհուրդը հիմնադրվել է 1949 թվականին, որպեսզի աջակցի մարդու իրավունքներին և իրավական պետությանը: Այն այսօր ունի 47 անդամ և ծառայում է բռնակալներին, ինչպիսին Ալիևն է՝ իրենց երկրներում վիճակն արդարացնելու համար»: 

Հեղինակը ներկայացնում է, որ Շթրեսսերը, չնայած բազմաթիվ դիմումների, Ադրբեջան գնալու թույլտվություն չստացավ: Ի վերջո նա Բեռլինում հանդիպեց մարդու իրավունքների հարցերով զբաղվող խմբերի, ընդդիմության ներկայացուցիչների, փաստաբանների, լրագրողների հետ, որպեսզի տեղեկություններ հավաքի իր զեկույցի համար: 

Նա արժանահավատ փաստեր էր գտել այն մասին, որ Ադրբեջանում տասնյակ քաղբանտարկյալներ կան. «Եվրոպայի խորհրդի պատգամավորների մեծամասնությանը սա չի տպավորում: Շթրեսսերի զեկույցը ձայների 125 «դեմ», 79 «կողմ» հարաբերակցությամբ մերժվեց: Ինչու՞ է մի կազմակերպություն, որը մարդու իրավունքների պաշտպանության համար է հիմնադրվել, սատարում ավտոկրատ ռեժիմին»: 

Նոյքիրխն իր իսկ հարցին պատասխանելու համար մեջբերում է «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կազմակերպության (ESI) առաջ քաշած «գեղեցիկ տերմինը»՝ «խավիարային դիվանագիտություն». «Այսպես է նավթով և գազով հարստացած ավտորիտար ռեժիմը խավիարի, ճամփորդությունների և շքեղ հյուրանոցների միջոցով իրեն արտասահմանցի քաղաքական գործիչների աչքին բարեհաճ դարձնում: Նաև գերմանացի քաղաքական գործիչներն են հաճույքով ընդունում Ադրբեջանի շռայլությունը»: 

Հեղինակը մանրամասնում է, որ տնտեսության նախկին նախարար Միխայել Գլոսը (ՔՍՄ) մյուս խորհրդարանականների պես կառավարության ծախսերով մեկնել էր Բաքու. գործուղումը ներառում էր բիզնես կարգի թռիչք, շքեղ հյուրանոց, գալա ընթրիք և Ալիևի ելույթը: 

Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները (ՔՍՄ) Եվրոպայի խորհրդում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցի պատասխանատուն էր: Նա իր գործն այնքան լավ արեց, որ դարձավ Բեռլինում գերմանա-ադրբեջանական հարաբերությունները խթանող ընկերակցության գործադիր տնօրեն, որը Բաքվից հովանավորվող լոբբիստական կազմակերպություն է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանականներն ամենատարբեր պատճառներով են Ադրբեջանի կողմն անցնում: Ռուս պատգամավորները և նրանց շատ թուրք գործընկերներ Շթրեսսերի զեկույցի քվեարկությանը քվեարկեցին ադրբեջանցիներ հետ: Այս «սև դաշինքին», ինչպես նրան Ստրասբուրգում են անվանում, հաճախ միանում են պատգամավորներ Իսպանիայից և Իտալիայից, ինչպես նաև բրիտանական «Թորիից»: 

Հոդվածագիրը խոսում է նաև Ադրբեջանի վերջին նախագահական ընտրություններում գրանցված ընտրակեղծիքներից և դրանց տված ԵԱՀԿ ու ԵԽ իրարամերժ գնահատականներից: Մինչ ԵԱՀԿ-ն արձանագրեց ընդդիմության դեմ բռնություններ և այլն, Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը նշեց՝ ընտրությունն անցել է ազատ, արդար և թափանցիկ: Այս հայտարարությունն արեց գերմանական պատվիրակության ղեկավար, ՔԴՄ պատգամավոր Աքսել Ֆիշերը: 

«Դաշնային կառավարությունում կազմակերպության ապագան բացահայտեն հարցականի տակ է դրվում»: Այստեղ հոդվածի հեղինակը մեջբերում է Շթրեսսերի մեկնաբանությունը. «Եվրոպայի խորհրդում մի միտում կա, այն է՝ հարաբերականացնել մարդու և հիմնարար իրավունքները՝ ելնելով մշակութային ինքնությունից: Եթե սա ամրապնդվի, ապա մենք Եվրոպայի խորհրդի կարիքն այլևս չենք ունենա»:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
782 reads | 12.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com