ԱՄԵՐԻԿՅԱՆ <<ՔԱՅՔԱՅՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԸ>>-Ը ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ոչ պրոֆեսիոնալներին դեսպան նշանակելը ոչ միայն սխալ քայլ է, այլև դիվանագիտական սայթաքում, և դա բացասական ազդեցություն կունենա մեր երկրի արտաքին քաղաքականության վրա: Խոսելով սպորտի նախկին նախարար Յուրի Վարդանյանին և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին Վրաստանում ու Միացյալ Նահանգներում դեսպան նշանակելու մասին՝ ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքով՝ Հայաստանում վաղուց է ձևավորվել ընկերներին ու բարեկամներին նույնիսկ դեսպանի պաշտոն տալու ավանդույթը:

<<Դեսպանի խաչը միշտ ծանր է, այստեղ պետք է լինի շատ փորձառու մարդ, որ կարողանա մանևրել>>,-նշում է Արման Նավասարդյանը: Յուրի Վարդանյանին դիվանագետը ճանաչում է դեռևս խորհրդային տարիներից, բայց ծանրամարտից բացի այլ ոլորտում, հատկապես դիվանագիտության մեջ նա դժվար թե կարողանա հաջողություն ունենալ: Տարիներ առաջ Արման Նավասարդյանը այդպիսի գնահատական էր տվել նաև Շառլ Ազնավուրին դեսպանի կոչում տալուն. <<Այդպիսի նշանակումը բանանի կեղև էր՝ դրված նախագահի ոտքի տակ: Երկրորդ բանակի կեղևը հիմա դրեցին: Ես չգիտեմ՝ ինչպիսի նախարար է եղել Յուրի Վարդանյանը, և ինչ մոտիվներ են եղել նրան նախարար նշանակելու, բայց կարծում եմ, որ սխալ էր նրան դեսպան նշանակել ընդհանրապես և մասնավորապես Վրաստանի նման երկրում: Վրաստանն ունի առանցքային նշանակություն Հայաստանի համար, և այդպիսի պարագայում նշանակել դեսպան ոչ փորձառու, ոչ պրոֆեսիոնալ մարդու մեծ սայթաքում էր, և այդ ծանրաձողը նա չի կարողանա բարձրացնել>>:
 

Քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանի համոզմամբ, մեզ մոտ ավանդույթ է՝ եթե մեկը ձախողում է մի ոլորտում, պետք է դառնա դեսպան:
Փոքր-ինչ կոսմետիկ տարբերությամբ, բայց նույն երևույթն է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին Միացյալ Նահանգներ ուղարկելու որոշումը: Կառավարության ծրագրերը ձախողած և երկրի տնտեսությունը քայքայման հասցրած նախկին պաշտոնյան դեսպան է դառնում մի երկրում, որը ձգտում է Հայաստանում անել լուրջ ներդրումներ և Ռուսաստանի հետ գոտեմարտի մեջ մտնել մեր տարածաշրջանում գերակա դիրք գրավելու համար: Բանախոսները համոզված են՝ մշուշոտ անցյալով գործչին ոչ միայն չի կարելի դեսպան նշանակել, այլև գոնե ժամանակավորապես պետք է իջեցնել քաղաքական հարթակներից: Մեր երկրում, սակայն, դիվանագիտությունը դրսում բիզնես անելու և բարեկամներին օգնելու լավ միջոց է դարձել:
Լևոն Շիրինյանի խոսքով, <<Ձևավորվող պրակտիկան նեբոտիստական հասարակության շրջանակներում է, արյունակցական և հարազատական փոխհարաբերությունների հիման վրա նշանակումներ ու պաշտոնների բաժանումներ: Դիվանագետ են թե ոչ, կարևորը իմ ընկերներն են, մեր կուսակցությունից են>>:

Արման Նավասարդյանը բնութագրում է երևույթը. <<դա առաջին անգամ կիրառել են ԱՄՆ-ում մոտ 100 տարի առաջ և կոչել spoil system, այսինքն՝ փչացած, քայքայված համակարգ: Նշանակվում էին դեսպաններ, որոնք ներդրում էին ունեցել նախագահի ընտրության մեջ, ֆինանսապես օգնել էին ընտրված նախագահին և որպես վարձատրություն, նրանց նշանակում էին ԱՄՆ-ի համար կարևոր երկրներում>>:
 
Նաիրի Հոխիկյան
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
915 reads | 29.06.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com